Շահնազարյան. Իրացվում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» բանաձեւը - Mediamax.am

1086 դիտում

Շահնազարյան. Իրացվում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» բանաձեւը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ ցուցակով Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ ներկա իշխանությունների՝ Արցախի հարցով վարվող քաղաքականության հիմքում ընկած է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» բանաձեւը։

Մեդիամաքսն առանձնացրել է քաղաքագետի ասուլիսի առավել ուշագրավ հատվածները:

 

Հիմնավորումները

 

Նոր կառավարության՝ իշխանության գալուց կարճ ժամանակ անց մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին:

 

Արդյունքում, Հայաստանը կորցրեց իր այդ կարեւորագույն պաշտոնը, որն այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի, հանցագործություն էր։

 

2016թ. Ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումները։

 

Երբ ս.թ. հունիսի 13-ին եռանախագահները ժամանեցին Երեւան եւ հանդիպեցին ՀՀ ղեկավարության հետ, իրենց որեւէ հայտարարությունում բառ անգամ չկար այդ մասին։ Սա անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար։

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության համար շատ կարեւոր է Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը, կառավարության դիրքորոշմամբ՝ այս երկու հասկացություններն իրարից տարանջատվել են։

 

Սա արդեն շատ լուրջ նահանջ է այն դիրքորոշումից, որ ուներ նախկին իշխանությունը։ Նախկին դիրքորոշումն էր՝ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց», այսինքն՝ ըստ էության, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որտեղ բոլոր հարցերը պետք է ամրագրված լինեին։

 

Երբ այս երկուսը տարանջատում ենք իրարից, դա նշանակում է, որ կարգավիճակից բացի՝ կարող են լինել ինչ-որ այլ անվտանգության երաշխիքներ՝ առանց Արցախի Հանրապետության միջազգային կարգավիճակն ամրագրելու:

 

Նախիջեւանի սահմանը

 

Պաշտպանության նախարարությունն իր վերջին հայտարարություններից մեկում նշել է, թե Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում կա, բայց չեզոք գոտու իրենց հատվածում:

 

Չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք, որը մայիսից սկսած էապես կրճատվել է: Սեպտեմբերի 27-ից մեծ թափով Ադրբեջանն իրականացնում է շինարարական աշխատանքներ, բլուրների մեծ մասն արդեն պատրաստ է: Այդ բլուրները սահմանի ամբողջ երկայնքով են:

 

Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում, իսկ Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա՝ այս կողմից:

 

Միջազգային երաշխիքները

 

Նախորդ իշխանությունների՝ Եվրամիության հետ ստորագրած համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրում երեք կարեւոր կետ էր ամրագրված՝ տարածքների ամբողջականացում, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում։

 

Եվրամիության դիրքորոշումն այն էր, որ Ադրբեջանի հետ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու դեպքում՝ այդ երեք սկզբունքները պետք է ամրագրված լինեն։

 

Ադրբեջանն ԵՄ-ի հետ վարում է նման փաստաթուղթ ստորագրելու բանակցություններ, որոնք մոտ են ավարտին։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանները, որոնք պնդում էին, որ այդ երեք կետերը պետք է ներառվեն փաստաթղթում, այժմ ասում են, որ այլ ձեւակերպումներ են լինելու: Սա արդեն մեծ կորուստ է:

 

Ինչո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում

 

Այս ամենից հետ կարծում եմ՝ բոլորիդ համար պարզ դարձավ, թե ինչու եմ ես Հանրապետական կուսակցության ցուցակում: Ինձ նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, երբ հարցը վերաբերվում է Արցախի եւ Հայաստանի անվտանգության հարցին։

 

Եթե վարչապետը համարում է, որ իմ այսօրվա հայտարարությունների որեւէ բառ կամ փաստ իրականությանը չի համապատասխանում, ես նրան այսօր հրավիրում եմ հրապարակային բաց բանավեճի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին