Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «լավ չի հասկանում, թե ինչու են վերջին օրերին Արցախի իշխանությունների ներկայացուցիչներն ակտիվություն ցուցաբերում»։
«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ակտիվացել, տարբեր մեկնաբանություններ անում եւ փորձում որեւէ ձեւով խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Սթափվե′ք հարգելիներս, եւ զբաղվեք ձեր աշխատանքով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` Ճամբարակում ընտրողների հետ հանդիպմանը:
Նա ասել է, որ ընտրություններից հետո պատրաստվում է այս հարցերի վերաբերյալ քննարկում ունենալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
«Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու, որ առիթ-անառիթ մեկնաբանություններ չանեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վերջին օրերին լայնորեն շրջանառվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, որ «հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան պատերազմը», որին արձագանքել էին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Մեդիամաքսը նշում է, որ նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ Արցախում եւս պետք է անցնցում կերպով վերջ դրվի նախագահ Բակո Սահակյանի իշխանությանը:
«Ես աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանությանը: Համոզված եմ, որ Արցախում սպասվելիք հերթական ընտրություններով (2020 թվականին-Մեդիամաքս) ժողովուրդը կձեւավորի լեգիտիմ իշխանություն»,- ասել էր Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: