Փաշինյանը պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից - Mediamax.am

6213 դիտում

Փաշինյանը պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացատրություններ է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վերջիններիս արած հայտարարությունների առնչությամբ:

Այդ մասին Փաշինյանն ասել է նոյեմբերի 16-ի երեկոյան՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման թեման քննարկել էր Ադրբեջանի դեսպանի հետ:

 

«Զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն նման քայլ թույլ տալ: Դա նույնը կլիներ, եթե ես ՀԱՊԿ փակ նիստում եղած քննարկման մասին պատմեի ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որեւէ երկրի դեսպանին:

 

Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք: Քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, եւ մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպել է», - ասել է կառավարության ղեկավարը:

 

Մեդիամաքսը նշում է, որ նոյեմբերի 16-ին ՏԱՍՍ գործակալությունը հարցազրույց է հրապարակել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ, որում Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել է.

 

«Եթե Ձեր հարցին ի պատասխան ես կրկնեմ այն, ինչ է պնդել Հայաստանն այս ողջ ընթացքում, ապա կարելի է եզրակացնել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, եւ դրա համար մենք ունենք կադրային լավ պոտենցիալ։ Միեւնույն ժամանակ, հարցի հիմքում ընկած է հետեւյալը․ առաջին՝ նորմատիվ բազան չի նախատեսում որեւէ հստակ լուծում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու անհնարինության հետ կապված խնդիրների կարգավորման համար, երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ երրորդ՝ կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը, արդյունավետությունը մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն։ Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռված ենք ունենալու ուժեղ կազմակերպություն եւ մեր նպաստն ենք ներդնում այդ գործում։

 

Մենք նախաձեռնեցինք ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որովհետեւ նրա հետ կապված կային ներքին բնույթի իրավական խնդիրներ։ Եվ դա արեցինք, որպեսզի ի սկզբանե տարանջատենք մեր ներքին գործերը կազմակերպությունից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին