Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արա Բաբլոյանը - Mediamax.am

7363 դիտում

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արա Բաբլոյանը


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հանդիպել են։

Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել ԱԺ նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ 

«Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. 

 

- Անկախ քաղաքական հայացքներից՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։ 

 

- Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի։ 

- Արադարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ՝ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը: 

 

- ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե՛ խորհրդարանում եւ թե՛ հանրային լայն շրջանակում»,- ասված է ԱԺ հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին