Ամերիկահայ ռոք երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը մայիսի 7-ին, Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, միացել է հեղափոխական շարժմանը:
«Այս հեղափոխության միտքը եղավ ընդդիմադրությունը, իսկ սիրտը՝ սերը: Սիրո այս ուժն էր, որ հաղթեց բացասական ուժերին, բայց դուք նախ՝ հաղթահարեցիք ձեր վախը՝ միասնության մեջ գտնելով ձեր ուժը: Աշխարհը, տարիներ շարունակ, մեզ ճանաչում էր ցեղասպանությամբ, երկրաշարժով եւ պատերազմով, բայց այժմ՝ այս շարժումով, դուք բարձրացրիք մեր ամբողջ հայ ժողովրդի վարկանիշը»,- ասել է Սերժ Թանգյանը՝ ելույթ ունենալով Երեւանի սրտում:
Նա շնորհակալություն է հայտնել ժողովրդին, որ «կարողացավ, խաղաղ ցույցերով, ստեղծել հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք»:
«Հիմա արդեն ողջ աշխարհը ձեզ է նայում՝ իբրեւ դրական օրինակ. երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին: Ես՝ ձեր նման, տարիներով երազում էի այս օրվա մասին եւ լիովին հպարտանում եմ՝ ձեր կողքին կանգնելով: Տարիներով ինձ ասում էին՝ Սերժ, արի Հայաստան, եւ հարյուրհազարավոր ժողովուրդ կհետեւի քեզ: Իմ պատասխանը միշտ նույնն էր՝ երբ հայ ժողովուրդը պատրաստ լինի կանգնելու, ոչ Սերժ Թանգյանի կարիքը կունենա, ոչ էլ այլ անձերի, քանի որ պատրաստակամ պիտի լինի պայքարելու անձնական եւ ազգային բոլոր իրավունքների ճակատներում»,- ասել է նա:
Երաժիշտը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, որ կարողացել են ժողովրդի զայրույթն ու հուսահատությունը վերածել դրական եւ արդյունավետ պայքարի:
«Հիմա պետք է սկսի համբերության ժամանակը, գործը նոր է սկսվելու: Պետք է շարունակենք մեր պայքարը՝ բարեփոխումներով եւ ներդրումներով, քանի որ արդարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում»,- ասել է Սերժ Թանգյանը:
Ելույթից հետո երաժիշտը հրապարակում հավաքվածների հետ «Բարի արագիլ» երգն է կատարել:
Այնուհետեւ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ ժողովրդին կոչ արել մայիսի 8-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության օրը, ժամը 11:00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:
«Ես արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու են ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների եւ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ: Այսինքն, ունենք 95% հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ:
Վաղը դասադուլ եւ գործադուլ չենք անում, վաղը ես հայտարարում եմ ոչ աշխատանքային օր: Եւ ուրեմն՝ սա Հայաստանի քաղաքացու, հայ ժողովրդի հաղթանակի, ազգային միասնության ժամն է: Սա Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի աստեղային ժամն է: Վաղը հավաքվում ենք դարակազմիկ հաղթանակը նշելու»,- ասել է նա:
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին առաջարկել է եւս մեկ անգամ ողջունել Սերժ Թանգյանին. «Ճանապարհին ես նրան համոզում էի մշտական բնակության տեղափոխվել Հայաստան եւ նա խոստացավ, որ կմտածի այդ մասին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: