Մեդիամաքսը տարիներ առաջ երկու հարցազրույց էր արել Նիկոլ Փաշինյանի հետ:
Մեկը մեր Off-the-record խորագրում էր եւ վերնագրված էր «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»:
Մյուսն արվել էր «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամների մասին պատմող շարքում:
Հաշվի առնելով հետաքրքրությունը Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ, առանձնացրել ենք մի քանի մտքեր այդ երկու հարցազրույցներից:
Մարդկանց պարտության չտանելու մասին
Մեր գործունեության առաջին հիմնարար սկզբունքն այն է, որ քաղաքացիներին չպետք է առաջնորդենք դեպի պարտություն. մենք չպետք է դառնանք հերթական հիասթափության պատճառ: Ճիշտ է, քաղաքականության մեջ չկան 100%-ոց երաշխիքներ, քանի որ նույնիսկ ամենահաղթական իրավիճակում կարելի է պարտվել, որի ականատեսն ենք եղել մեր պատմության ընթացքում:
Բայց մեկ բան է, երբ ունես քաղաքացուն հաղթանակի հասցնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ նախապայմաններ, ուրիշ բան է՝ նրանց պայքարի ես կանչում այդ ինստիտուցիոնալ նախապայմանները եւ հանրությանն ուղղված համապարփակ առաջարկություն չունենալով:
Ընդդիմության ասելիքի մասին
Ընդդիմությունը Հայաստանում երկու հիմնական ասելիքի հարց պիտի լուծի: Մենք մեր ընդդիմադիր գործունեության ընթացքում փայլուն կերպով լուծել ենք դրանցից մեկը, եւ ձախողել մյուսը: Փայլուն կերպով ցույց ենք տվել, որ Հայաստանում գործող իշխանությունը անարդյունավետ է եւ կոռումպացված, ապօրինի է եւ հակապետական, բայց հանրությանը չենք կարողացել բավարար վստահություն ներշնչել, որ փոփոխությունները, որ առաջարկում ենք՝ բերելու են դրական արդյունքների:
Առաջնորդության մասին
Ամենավճռական պահին բոլորը հույս ունեն, որ առաջնորդը կկայացնի անհրաժեշտ որոշումը: Սակայն հաճախ մեզ հաշիվ չենք տալիս, թե մեկ հոգին, մի մարդը հաճախ ի վիճակի չէ երկրի, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրի ահռելի պատասխանատվությունը կրել: Եվ երբ որոշումներ կայացնելու հսկայածավալ բեռը թողնում ենք մեկ մարդու ուսերին, այդ ահռելի ճնշումը, պատասխանատվության ճնշումը հաճախ նրան հնարավորություն չեն տալիս սթափ գնահատել իրավիճակը, տեսնել ակնհայտը, անհրաժեշտ քայլեր կատարել:
Չե Գեւառա, թե՞ Մահաթմա Գանդի
Ինձ թվում է, պայքարի ձեւը կախված է այն միջավայրից եւ հանգամանքներից , որում գտնվում են մարդիկ: Չե Գեւառան պայքարում էր ամբողջատիրական ռեժիմի դեմ, իսկ Գանդին փորձում էր անկախություն ստանալ պառլամենտարիզմը հիմնադրած երկրից: Պայքարի ձեւը կանխորոշվում է ըստ այն հանգամանքների, որոնց դեմ պայքարում ես:
Երեխաների հետ ընկերություն անելու մասին
Երեխաներին ինչքան էլ ժամանակ հատկացնես, քիչ է: Փորձում եմ գտնել ազատ ժամանակ, եղածը հնարավորինս արդյունավետ օգտագործել: Ինձ էլ հատուկ են բոլոր այն խնդիրները, պլյուսներն ու մինուսները, որ ունի հայաստանցի ցանկացած ծնող: Ինձ համար, ինչպես ցանկացած մարդու հետ հարաբերություններում, երեխայի հետ եւս ամենակարեւորն անկեղծությունն է, դաստիարակության ամենակարեւոր էլեմենտը հետեւյալն է` ես իմանամ, թե ինչ կա երեխայի մտքում, երեխան իմանա` ինչ կա իմ մտքում իր հետ կապված: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ իմ երեխաներն ինձ ընկալեն որպես ընկեր` հարաբերությունների անկեղծությամբ, իհարկե, բոլոր տրամաբանական կանոնների կիրառմամբ:
Լրագրողի եւ քաղաքական գործչի արանքում
Լրագրությունն է ինձ բերել քաղաքականություն: Տարածված տեսակետ կա՝ «ի՞նչ գործ ունի հայ լրագրողը քաղաքականության հետ»: Այդ տեսակետը հասկանում եմ իր կառուցվածքի մեջ, բայց այս դեպքում իսկապես գործ ունենք յուրօրինակ վիճակի հետ: Շատ երկար ժամանակ, երբ մեր թերթը, ես հանդես էինք գալիս հրապարակումներով` մեր կյանքում տեղ գտած բազմաթիվ թերությունների, ախտերի, աղաղակող դեպքերի մասին, ի վերջո, X պահից ընթերցողները հարց էին տալիս` «այսքան գրում եք, գրում... չի փոխվում ոչ մի բան, կամ մի գրեք, կամ առաջարկեք լուծում»: Հենց այս կետում է, որ ես որոշում եմ կայացրել` պետք է մտնել քաղաքականություն:
Երաժշտության եւ Տեր-Պետրոսյանի նվերի մասին
Տարբեր ժամանակաշրջանում տարբեր ոճի երաժշտություն է ինձ համար գրավիչ եւ հաճելի եղել: Ընդհատակում ռոք եմ լսել, հիմնականում` The Doors, «Երեւան-Կենտրոն»-ում դասական երաժշտություն էի ավելի շատ լսում: Հիմա մտածում եմ, թե ինչու էր այդպես, բայց այդ բաժանումները հստակ արձանագրվել են: Արթիկում մի ինչ-որ պահի, չգիտեմ ինչու, Queen խմբի համերգային ձայնագրությունն էի լսում: Սովետական Միության ժամանակ եղել է մի կատարող` Գլախո, ով Սայաթ Նովայի երգերն է կատարել, ժամանակին ես այդ կատարումներով ձայնասկավառակ եմ նվեր ստացել Լեւոն Տեր-Պետրոսյանից, Արթիկում նաեւ այդ կատարումներն էի լսում:
Երջանկության մասին
Երջանկությունը ստատիկ ինչ-որ բան չէ: Ամեն օր մարդը պետք է իր երջանկությունը կառուցի: Մեծ հաշվով ինձ երջանիկ եմ համարում, բայց այնպես չէ, թե իմ կյանքում ոչ երջանիկ պահեր չեն եղել: Երբ մարդը երջանկություն է ձեռք բերում, շատ ավելի դաժան է դառնում պայքարն այդ երջանկությունը պահպանելու համար: Երբ չունես երջանկություն, ձգտում ես ունենալ, իսկ երբ ունես, կորցնելու վտանգ կա: Երջանկություն ունենալու մեջ էլ դժբախտություն կա. երջանկություն կորցնելու հեռանկարն արդեն դժբախտության զգացողություն է առաջացնում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: