7 քաղաքացիները` Նիկոլ Փաշինյան - Mediamax.am

exclusive
13563 դիտում

7 քաղաքացիները` Նիկոլ Փաշինյան

Մեդիամաքս-ը որոշեց հատուկ շարքով անդրադառնալ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին ու ներկայացնել այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2013թ. դեկտեմբերին Երեւանում ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի կազմը` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Արայիկ Հարությունյան եւ  Արսեն Խարատյան:

 

Մեդիամաքս-ը որոշեց հատուկ շարքով անդրադառնալ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին ու ներկայացնել այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

 

Փաստեր

 

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում:

 

1991-1995թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1995թ. հեռացվել է ԵՊՀ-ից:

 

1999 թվականին դարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:

 

2006թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2007թ.` զբաղեցրել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի 1-ին հորիզոնականը, 2008թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

 

2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

«Քաղաքացիներին չպետք է առաջնորդենք դեպի պարտություն»

 

-Ինչպե՞ս ծագեց  «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը ստեղծելու գաղափարը:

 

- Գաղափարն անմիջական կապ ունի երրորդ հանրապետության 20 տարիների պատմության հետ, ներառյալ ընդդիմադիր քաղաքական գործունեության պատմությունը:

 

Հայաստանում եղել են տարբեր ընդդիմություններ, որոնք ունեցել են տարբեր առաջնորդներ, առաջնորդներն ունեցել են տարբեր աշխարհայացքներ, տարբեր են եղել նաեւ ընդդիմությունների թիմերն ու պատմությունը: Սակայն, մեծ հաշվով, բոլոր ընդդիմությունները սկսել են նույն կետից, անցել են նույն ճանապարհը եւ նրանց գործունեությունն ավարտվել է նույն կերպ: Այն է՝ ընդդիմությունն առաջադրել է իշխանափոխության խնդիր, հանրությունը դրական է արձագանքել եւ իրենից կախված ամեն ինչ արել է այդ խնդիրը լուծելու համար, սակայն իշխանափոխություն տեղի չի ունեցել եւ ընդդիմությունը մեղադրվել է հիասթափություն առաջացնելու մեջ:

 

Ինձ չեմ տարանջատում ընդդիմությունից, քանի որ եղել եմ այդ գործընթացների անմիջական մասնակիցը: Բայց ընդունելով ընդդիմության հասցեին հնչած մեղադրանքի մարտահրավերը՝   փորձում եմ  հասկանալ` ի՞նչն ենք մենք սխալ արել: Ի վերջո, եթե մի քանի տարբեր ընդդիմություններ անցել են միեւնույն ճանապարհով, հասել նույն հանգրվանին, ուրեմն կան ինչ-որ վերանձնային, ինստիտուցիոնալ պատճառներ:

 

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնական խնդիրը հենց սա է. ձեւավորել այնպիսի ընդդիմություն, որը կհասկանա Հայաստանում ավանդական դարձած ընդդիմադիր վիճակագրության խորքային պատճառները, եւ կկարողանա չդառնալ վերը նկարագրված ճանապարհի հերթական վիճակագրություն:

 

- Ինչպե՞ս հավաքագրվեց թիմը, ի՞նչ չափանիշների հիման վրա ընտրվեցին «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամները:

 

- Առաջին հերթին հրապարակվեց «Քաղաքացիական պայմանագրի» հիմնարար փաստաթուղթը: Մեզ միավորող հանգամանքը այս հիմնարար փաստաթուղթն է, որտեղ ձեւակերպված են մեր խնդիրների եւ դրանց հասնելու միջոցների ընդհանուր շրջանակը: Միեւնույն ժամանակ, մենք չենք համարում, թե փաստաթուղթը ավարտուն է, որովհետեւ կգան նոր մարդիկ, իրենց հետ կբերեն նոր գաղափարներ, եւ նրանք չպետք է բախվեն մի իրավիճակի, երբ այստեղ ամեն ինչ որոշված է: Յուրաքանչյուրը փաստաթուղթը իր գաղափարով հարստացնելու, իր հեղինակայինը դարձնելու հնարավորություն պետք է ունենա:

 

Ինչ վերաբերվում է թիմին, այսօր դեռ ունենք միայն կառավարման խորհուրդ, որը ձեւավորվել է մեր հիմնարար փաստաթղթի քննարկումների արդյունքում: Սա մի մարմին է, որի խնդիրը նպաստավոր պայմաների ստեղծումն է՝ «Քաղաքացիական պայմանագրի» բնականոն զարգացման համար: Այսօր մենք թիմ ենք իհարկե, բայց ամբողջ թիմը չենք եւ հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կհամալրվենք նորանոր գաղափարակիցներով:

 

- Նշեցիք, որ օրինաչափություն է դարձել, երբ ընդդիմության գործելաոճը ի վերջո հանգեցնում է հիասթափության ալիքի: Ինչո՞վ է առանձնանալու «Քաղաքացիական պայմանագիրը»: Ինչպե՞ս եք պատրաստվում արժանանալ հասարակության վստահությանը:

 

- Մեր գործունեության առաջին հիմնարար սկզբունքն այն է, որ քաղաքացիներին չպետք է առաջնորդենք դեպի պարտություն. մենք չպետք է դառնանք հերթական հիասթափության պատճառ: Ճիշտ է, քաղաքականության մեջ չկան 100%-ոց երաշխիքներ, քանի որ նույնիսկ ամենահաղթական իրավիճակում կարելի է պարտվել, որի ականատեսն ենք եղել մեր պատմության ընթացքում: Բայց մեկ բան է, երբ ունես քաղաքացուն հաղթանակի հասցնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ նախապայմաններ, ուրիշ բան է՝ նրանց պայքարի ես կանչում այդ ինստիտուցիոնալ նախապայմանները եւ հանրությանն ուղղված համապարփակ առաջարկություն չունենալով:

 

Ընդդիմությունը Հայաստանում երկու հիմնական ասելիքի հարց պիտի լուծի: Մենք մեր ընդդիմադիր գործունեության ընթացքում փայլուն կերպով լուծել ենք դրանցից մեկը, եւ ձախողել մյուսը: Փայլուն կերպով ցույց ենք տվել, որ Հայաստանում գործող իշխանությունը անարդյունավետ է եւ կոռումպացված, ապօրինի է եւ հակապետական, բայց հանրությանը չենք կարողացել բավարար վստահություն ներշնչել, որ փոփոխությունները, որ առաջարկում ենք՝ բերելու են դրական արդյունքների:

 

Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը այս հարցը լուծելն է, հստակ ներկայացնելը, թե ինչն ենք պատրաստվում փոխել Հայաստանում եւ ինչպես ենք պատրաստվում փոխել, ինչ ենք ստանալու արդյունքում եւ որ կարեւոր է՝ ովքեր են լինելու այդ փոփոխության իրականացնողները: Մեր խնդիրն է՝ ապագա Հայաստանի համապարփակ եւ մանրամասն նախագիծ ներկայացնել հանրությանը, համոզել, որ այդ նախագծում բերված պարամետրերը իրագործելի են, եւ մենք ունենք այդ նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կամք եւ թիմ: Այս նախագծի շուրջ համաձայնությունն է, որ, մեր կարծիքով, կարեւորագույն նախապայման է երկրում շրջադարձային փոփոխություններ հարուցելու համար:

 

 -Ձեր խնդիրը հնարավորինս հստակ կանխատեսումներ եւ հաշվարկներ կատարե՞լն է: 

 

- Մեր խնդիրն է հանրությանը ներկայացնել հստակ ծրագիր` «ճանապարհային քարտեզ», թե ի՞նչն ենք պատրաստվում փոխել եւ ինչպե՞ս: Եվ ո՞վքեր են այն կոնկրետ մարդիկ, որ իրականացնելու են այդ փոփոխությունները: Այդ մարդկանց դերակատարությունը եւ անելիքը պետք է հնարավորինս մանրամասնել՝ ընդհուպ եվրոպական որոշ երկրներում ընդունված ստվերային կառավարության մակարդակի:

 

ՀՀ-ում այսօր բոլորն առանց բացառությունների ձգտում են փոփոխությունների: Սակայն ոչ ոք չի ուզում, որ փոփոխությունները բացասական լինեն: Հանրությունն  ուզում է համոզված լինել, որ  փոփոխությունները կհանգեցնեն դրական արդյունքների:  Երբ ասում ենք, որ այս իշխանությունը վատն է, եւ փոխարենը առաջարկում ենք անորոշություն, դա վախեցնում է մարդկանց, նրանք դառնում են պահպանողական, որովհետեւ մարդն ամենաշատը վախենում է անորոշությունից: Նրանք համաձայն են փոխել, բայց ուզում են կշռելի փաստարկներ ունենալ, որ փոփոխությունների արդյունքում դրությունն ավելի չի վատանա:

 

Այս գործընթացը համեմատում եմ տան շինարարության հետ. մեկ-երկու անգամ վատ շինարարի ձեռքն ընկած մարդը երրորդ անգամ ավելի զգույշ է դառնում, ավելի կասկածամիտ եւ երաշխիքներ է ուզում, որ կանես այն, ինչ խոստանում ես, կանես այնպես, ինչպես խոստանում ես: Ուզում է հստակ պայմանավորվածություններ՝ տարընթերցումների տեղիք չտվող, որ չստացվի, որ ինքն ուրիշ բան էր հանձնարարել շինարարին, բայց վերջինս արդյունքում ուրիշ բան է կառուցել:

 

- Չե՞ք կարծում, որ ամեն դեպքում վստահելի առաջնորդի կարիք է զգացվում, ով կհուշի, թե որ ուղղությամբ է պետք գնալ:

 

- «Առաջնորդ»  բառը կփոխարինեի «առաջնորդություն» բառով: Ամենավճռական պահին բոլորը հույս ունեն, որ առաջնորդը կկայացնի անհրաժեշտ որոշումը: Սակայն հաճախ մեզ հաշիվ չենք տալիս, թե մեկ հոգին, մի մարդը հաճախ ի վիճակի չէ երկրի, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրի ահռելի պատասխանատվությունը կրել: Եվ երբ որոշումներ կայացնելու հսկայածավալ բեռը թողնում ենք մեկ մարդու ուսերին, այդ ահռելի ճնշումը, պատասխանատվության ճնշումը հաճախ նրան հնարավորություն չեն տալիս սթափ գնահատել իրավիճակը, տեսնել ակնհայտը,  անհրաժեշտ քայլեր կատարել:

 

Շատ դեպքերում, պատկերավոր ասած, ուզում ենք, որ առաջնորդը դուրս գա հարթակ եւ բարձրացնի 500 կգ ծանրություն: Դա հնարավոր չէ: Նա չի կարող դա անել, բայց դա չի նշանակում, թե 500 կիլոգրամը մի ծանրություն է, որ հնարավոր չէ բարձրացնել եւ որ կարեւոր է՝ հանգիստ, անվնաս իջեցնել: Դա հնարավոր է, եթե անենք, օրինակ, տասը հոգով, այնպիսի տասը հոգով, որոնք իրենք իրենց՝ առանձին-առանձին եւ որպես թիմ, պատրաստում են այդ դերակատարման համար: Այսինքն` հոգեպես, բարոյապես պատրաստ են այդ դերի համար, եւ ունեն անհրաժեշտ ինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ հատկություններ՝ այդ դերի համար:

 

Ի դեպ, կարծում եմ հայաստանցիների քաղաքական գիտակցության մեջ համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծում եմ, անցել են անհատ առաջնորդների ժամանակները եւ եկել են առաջնորդության ժամանակներ, այնպիսի առաջնորդության, որն ի վիճակի է կայացնել բազմակողմանիորեն կշռադատված որոշումներ, որը գործում է հանրությունից ստացած պատգամի, մանդատի շրջանակներում եւ չի անում անկանոն շարժումներ, այսինքն` կանխատեսելի է հանրության համար: 

 

- Քաղաքացիական շարժում սկսելը հնարավո՞ր է տիրող անվստահության մթնոլորտի եւ ահագնացող  արտագաղթի պայմաններում:

 

- Արտագաղթի խնդիրը, ի դեպ, առանցքային նշանակությունը ունի «Քաղաքացիական պայմանագրի»  համար, որովհետեւ մենք կարծում ենք՝ ամենակարեւոր ռեսուրսը, որի վրա պետք է հենվի մեր պետությունը, մարդկային ռեսուրսն է: Հետեւաբար, արտագաղթը մեր ընկալմամբ պետականության կորստի ընթացք է:

 

«Քաղաքացիական պայմանագիրն» իր հիմնարար փաստաթղթում որպես առանցքային խնդիր է ձեւակերպել առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումը: Բայց ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Եթե մի ինչ-որ «կախարդական փայտիկով» հենց այսօր կանգնեցնենք արտագաղթը, դա բավարար համարվել չի կարող, որովհետեւ այնքան ենք գաղթել, որ Հայաստանում անհրաժեշտ թվով մարդ չի մնացել կայուն զարգացման համար: Ելքը, ուրեմն, հայրենադարձությունն է, Մեծ հայրենադարձությունը:

 

Բայց դրա համար պետք է ոչ թե մարդկանց թեւերից կախվել, թե «արի տուն», այլ պետք է հասկանալ, որ եթե նրանք գնում են ու չեն գալիս, նշանակում է դրա համար կան պատճառներ, որ մարդկանց թույլ չեն տալիս ապրել հայրենիքում, պատճառներ, որ թույլ չեն տալիս վերադառնալ հայրենիք: «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական խնդիրը այդ պատճառների վերացմամբ զբաղվելն է, Մեծ հայրենադարձության պայմաններ ստեղծելը:

 

Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ընդ որում, անհրաժեշտ է Հայաստան վերադարձնել նաեւ այն մարդկանց, ովքեր մտովի են գնացել կամ գտնվում են մտովի գնալու որոշում կայացնելու ճանապարհին, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր չեն մտածում գնալու մասին, բայց մտածում են, որ Հայաստանը ապրելու տեղ չէ: Մեր խնդիրը բոլոր այդ մարդկանց վերադարձի համար պայմաններ ստեղծելն է:

 

Մենք հասկանում ենք, որ դա հնարավոր չի լինի առանց Հայաստանում լրջագույն քաղաքական, տնտեսական, իրավական փոփոխություններ իրականացնելու, առանց երկրում հաստատված մթնոլորտը եւ վերաբերմունքը փոխելու: Մեծ հայրենադարձություն հարուցելը մեր վերջնական եւ ամենամեծ նպատակն է եւ մենք իշխանափոխություն ենք անելու հենց այդ նպատակին հասնելու համար: 

 

Պատկերավոր լինելու համար ասում եմ նույնիսկ, որ կան տուրիստական գործակալներ, կան գովազդային գործակալներ, մենք մեզ համարում ենք «վերադարձի գործակալներ»: 

 

Ընդ որում, բացի Հայաստանում առկա խոչընդոտների վերացումը, վերադարձի գործընթացի կազմակերպումը բարդագույն խնդիր է, որովհետեւ՝ պատկերացրեք Լիբանանից, Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ուրուգվայից գալիս մեկտեղվում են մարդիկ՝ նույն ազգությամբ, տարբեր մտածելակերպով, գումարած հայաստանցիների վերաբերմունքը: Այս ամենը համադրելը, միաձուլելը չափազանց նուրբ եւ բարդագույն աշխատանք է, բայց եւ պետք է հասկանանք, երբ Հայաստանի պետությանը հաջողվի դա անել, արդյունքում կունենանք 21-րդ դարում մրցունակ պետություն, եւ 21-րդ դարում նորովի վերածնված ազգ եւ ժողովուրդ:

 

-Անկախության առաջին տարիներից սկսած այն երեւույթի ականատեսն ենք, երբ իշխանության գալով կամ պարզապես համատեղ քաղաքական գործունեություն ծավալելուց հետո, երեկվա դաշնակիցները դառնում են թշնամիներ կամ քաղաքական ուժը պարզապես պառակտվում է : Ի՞նչ երաշխիքներ կան, որ ձեր թիմը չի համալրի այդպիսի քաղաքական ուժերի շարքը:

 

- Պառակտումները բացառել հնարավոր չէ: Բայց պետք է հասկանալ` որո՞նք են դառնում պառակտումների պատճառ` կարծրացած ճշմարտություններ, քննարկման մթնոլորտի բացակայություն, խոսելու եւ լսելու կուլտուրայի բացակայություն:

 

«Քաղաքացիական պայմանագրի» գործունեության հիմքում ընկած են հետեւյալ սկզբունքները. առաջին` չկա հարց, որը քննարկելի չէ: Երկրորդ` հարցերի լուծման գործիքը փաստարկն է:

 

Ցանկացած մարդ պետք է փաստարկման միջոցով կարողանա հիմնավորել իր կարծիքը: Կարեւոր է նաեւ լսելու կուլտուրան. քննարկումն անիմաստ է դառնում վերը նշված պայմաններից որեւէ մեկի բացակայության պայմաններում: Իսկ վերը նշված երեք պայմանների առկայությունը հնարավորություն է տալիս, որ քաղաքական թիմերը ճկուն լինեն, կարողանան արձագանքել հանրությանը եւ հանրության գիտակցության մեջ տեղի ունեցող օբյեկտիվ փոփոխություններին:

 

-Ձեր նախաձեռնության մասին հայտնի դարձնելուց ի վեր ինչպիսի՞ն են եղել հանրային արձագանքները:

 

- Ինձ համար ակնհայտ է, որ հանրությունը ոչ միայն պատրաստ է, այլեւ «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության ձեւավորված պահանջարկ կա: Կարծում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» լուրջ դերակատարություն կունենա Հայաստանում նոր ժողովրդավարական քաղաքական համակարգ ձեւավորելու գործում: Հրաշքի անհրաժեշտություն չկա, կա միայն հետեւողական եւ մտածված աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն՝ բացառելով թե՛ անգործությունը, թե՛ ցայտնոտը, քանի որ ցայտնոտային վիճակում սխալների հավանականությունը եռապատկվում է:

 

- Ձեր առաջարկած իշխանափոխության տարբերակը ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումն է: Իսկ եթե չի՞ հաջողվում ապահովել ազատ ու արդար ընտրություններ…

 

- Դա տարբերակներից մեկն է: Բայց եթե չի գործում ընտրությունների մեխանիզմը, պետք է գործի թավշյա հեղափոխության տրամաբանությունը, եւ դա նախատեսված է մեր հիմնարար փաստաթղթում: Ակնհայտ է, որ մինչ օրս եղած ընտրական գործընթացները չեն արդարացրել հանրության եւ ընդդիմության հույսերը: Բայց արդյո՞ք ընդդիմությունը կարողացել է ձեւավորել ինստիտուցիոնալ համակարգ, ընտրական գործող մեխանիզմին դիմակայելու համար:

 

Օրինակ, ինչպիսի՞ն կլինեին ընտրությունների արդյունքները, եթե ընդդիմությունը հանրապետության բոլոր տեղամասերում, առանց բացառության, ունենար հուսալի վստահված անձերի թիմեր, ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք կհսկեին ու կարձանագրեին ընտրությունների ընթացքը: Ինչպիսի՞ն կլիներ պատկերը, եթե ընտրություններին մասնակցեր մի այնպիսի թեկնածու, մի այնպիսի քաղաքական ուժ, որը հանրությանը երկրի զարգացման տեսանելի, վստահելի եւ մարդկանց հասկանալի ծրագիր առաջարկեր եւ ներկայացներ մի այնպիսի թիմ, որը վստահություն է ներշնչում այդ ծրագիրն իրականացնելու առումով:

 

Ինչպիսի՞ն կլինեին ընտրությունների արդյունքները, եթե սփյուռքից մեծաքանակ դիտորդական խմբեր մասնակցեին քվեարկության ու նախընտրական պրոցեսին: Ինչպիսի՞ն կլիներ պատկերը, եթե ընդդիմությունը հնարավորություն ունենար ընտրություններից հետո ձեռք բերել ՀՀ բոլոր ընտրական տեղամասերի արձանագրությունները: Մինչեւ այժմ մեզ չի հաջողվել այս ամենն ապահովել եւ հարկավոր է խոստովանել այս փաստը: Որ իշխանությունը կեղծել եւ կեղծելու է ընտրությունները, սա պարզ է եւ հասկանալի: Ուրեմն ընտրական պրոցեսի մեջ պետք է մտնել այնպիսի գործիքներով, որ իշխանությանը թույլ չի տա դա անել:

 

Ընտրական շրջափուլում թավշյա հեղափոխություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընտրությունների կեղծումից հետո հանրությունն ու միջազգային դիտորդներն ունենում են անառարկելի, տարընթերցումների տեղիք չտվող ապացույցներ ընտրությունների արդյունքների կեղծված լինելու մասին եւ առկա են վերը շարադրված պայմանները, որի ամբողջությունը եկեք համարենք ինստիտուցիոնալ ընդդիմություն: Անկախ ընտրական շրջափուլից, սակայն, եթե ունենանք բավարար վարկանիշ ունեցող ինստիտուցիոնալ ընդդիմություն, որին հանրության մեծամասնությունը անկեղծորեն եւ առանց թերահավատության ուզում է բերել իշխանության, ուրեմն կարող ենք ակնկալել իշխանափոխություն: Էական չէ դա կլինի թավշյա հեղափոխության ճանապարհով, թե ընտրությունների պաշտոնական արդյունքներով:

 

«Բլից» հարցեր

 

-Չե Գեւառա, թե՞ Մահաթմա Գանդի

 

- Ինձ թվում է, պայքարի ձեւը կախված է այն միջավայրից եւ հանգամանքներից , որում գտնվում են մարդիկ: Չե Գեւառան պայքարում էր ամբողջատիրական ռեժիմի դեմ, իսկ Գանդին փորձում էր անկախություն ստանալ պառլամենտարիզմը հիմնադրած երկրից: Պայքարի ձեւը կանխորոշվում է ըստ այն հանգամանքների, որոնց դեմ պայքարում ես:

 

-Համակարծի՞ք եք, որ քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, այլ կան մշտական շահեր:

 

- Համաձայն եմ, որ քաղաքականության մեջ կան մշտական սկզբունքներ:

 

- Բոլոր ժամանակների քաղաքական առաջնորդներից ո՞ւմ կառանձնացնեիք:

 

- Նելսոն Մանդելային:

 

-Ո՞րն է ազատության Ձեր բնորոշումը:

 

- Ընտրելու իրավունքն ու հնարավորությունը: «Ընտրություն» ասելով, նկատի ունեմ ոչ միայն քաղաքական իշխանություն ընտրել, այլ նաեւ գործունեության ձեւ, բնակության վայր, աշխատանք, հանգստի տարբերակ եւ այլն: Երբ մարդը ընտրության հնարավորություն չունի, նրա ազատությունը ավարտված է:

 

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիների հեռանկարում:

 

- Հույս ունեմ, որ հինգ տարի հետո ՀՀ քաղաքացիները ոչ միայն կհավատան իրենց երկրի ապագային, այլեւ նրանց համար ձեւակերպելի եւ տեսանելի կլինի , թե ո՞ւր է գնում երկիրը, ի՞նչ փուլերով է անցնելու եւ ո՞ւր է հասնելու: Վերջնական հանգրվանը կոչում եմ «ազատ եւ երջանիկ Հայաստան»:

 

Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:

Լուսանկարները` Մարիամ Լոռեցյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին