Կարապետյան. Համարձակ լինելուց բացի, պետք է նաեւ հանդուրժող լինել - Mediamax.am

3873 դիտում

Կարապետյան. Համարձակ լինելուց բացի, պետք է նաեւ հանդուրժող լինել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 22-ին հանդիպել է լրագրողներին եւ պատասխանել բողոքի ցույցերի ու վերջին օրերին Հայաստանում ստեղված իրավիճակի շուրջ հարցերին:

Մեդիամաքսը ներկայացնում է հանդիպմանը հնչած կարեւոր հարցերի պատասխանները:

 

Ընտրությունից ընտրություն դժգոհելու մասին

 

Ունեցել ենք ընտրություններ, դրանցից հետո ալիք չի եղել: Վստահ եմ, որ իդեալական ընտրություններ չեն եղել: Որեւէ երկիր գոյություն չունի, որտեղ դրանք իդեալական են: Կան զանգվածներ, որոնք ընտրություններից կարող են դժգոհ լինել:

 

Մենք պետք է հստակ հասկանանք, որ ունենք այն, ինչ ունենք, ու քայլ առ քայլ գնանք այն վիճակին, որին ձգտում ենք:

 

Հիմա ընտրությունը կայացել է, ստեղծել ենք հարթակ, որտեղ պետք է պարբերաբար խոսենք: Եթե խնդիր ունենք, եթե կուսակցությունների ներկայացուցչությունը բավարար չէ, եկեք խոսենք այդ մասին, ոչ թե ընտրությունից ընտրություն գնանք կուտակված խնդիրներով ու նեղվածությամբ: Մենք կարո՞ղ ենք անընդհատ մեր ընդունած որոշումները, ընտրությունները ռեւիզիայի ենթարկել:

 

Խոսում ենք ընտրակաշառքի մասին: Այդ կաշառք տվողը լավ չի անում, ղալլաթ է անում, բայց վերցնող էլ կա, չէ՞: Այդ դեպքում ինչո՞ւ վերցնողին էլ չենք ասում: Մենք պետք է ընդունենք, որ եթե այդպիսի դեպքեր կան, ապա այդ մարդիկ էլ են այդպիսին:

 

Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում անհանգիստ իրավիճակի մասին

 

Պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ կենտրոնացած ենք մեր ներքին խնդիրների վրա, մեր արտաքին խնդիրները լուծել ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է հաշվի առնեն: Հասկանում եմ, որ լիդերները համարձակ մարդիկ են, բայց դա չի ենթադրում մաչոյություն: Մենք պետք է մինչեւ վերջ հասկանանք՝ սա ի՞նչ վիճակի է բերելու:

 

Ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն, բայց խնդրում եմ, որպեսզի այդ կարծիքը ներկայացնելու մշակույթ ձեւավորեն, չի կարելի այդ կարծիքն առաջ տանել՝ ուրիշին բռնանալով:

 

Ստեղծված իրավիճակից ելքերի մասին

 

Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, ոչ թե որպես փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ ու զգոն լինել, մեկս մյուսին հարգենք, լսենք: Երբ մեծ զանգված է հավաքվում, այն միատարր չէ եւ կառավարելը հեշտ չէ: Կարող են հայտնվել մարդիկ, որոնք այլ նպատակով են եկել: Բացի համարձակությունից եւ վճռականությունից՝ պետք է նաեւ պատասխանատվություն ունենանք:

 

Ոստիկանների գործողությունների մասին

 

Որեւէ զարգացած երկրում ոստիկանությունն այսքան համբերատար չի եղել: Չեմ բացառում, որ այս նյարդային, սթրեսային իրավիճակում եղել են չարաշահումներ: Պե՞տք է դրանց հետեւից գնալ, այո՛ պետք է:

 

Հետեւություններ անելու մասին

 

Մենք բոլորս՝ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական լիդերները, քաղաքացիները պետք է հետեւություններ անենք: Ինչ ուզում ենք անել՝ պետք է օրենքի սահմաններում լինի: Պետք է շատ խորը, սթափ մտածենք: Մեզ վրա աշխատելու, հանդուրժող լինելու կարիք ունենք:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին