Երեւան: Մեդիամաքս: Գերագույն հոգեւոր խորհուրդն ու եպիսկոպոսաց դասն այսօր ուղերձ է տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ:
«Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:
Ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից»,- ասված է ուղերձում:
Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է արել իրավապահներին ու ցուցարարներին գործել «բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսեւորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները եւ զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից»:
«Անթույլատրելի եւ աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք:
Այսօր երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունը, ցավոք, ընդհատվեց: Մենք հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել: Ակնկալում ենք, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետեւողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին եւ փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը»,- ասված է հայտարարությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: