Ապրիլի 19-ի երեկոյան «Շանթ» հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Արամ Աբրահամյանի բացառիկ հարցազրույցը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ հարցազրույցից։
Բողոքն արտահայտելու հնարավորությունների մասին
Տարիների ընթացքում մեծացրել ենք իրենց բողոքն արտահայտելու քաղաքացիների հնարավորությունները։ Տարիներ շարունակ Հայաստանում որեւէ արգելք չկա խաղաղ ձեւով իրենց դժգոհությունը արտահայտելու համար։ Խնդիրն այն է, թե որքանով են այդ դժգոհություններն արտահայտվում օրենքին համապատասխան ձեւով։
Կա սահման, որը պետք չէ անցնել։ Եթե մի քանի տասնյակ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել, այդ պատճառով աշխատավոր մարդը չպետք է մի քանի ժամ աշխատանքից ուշանա, իսկ ծնողը չպետք է անհանգստանա իր դպրոցական երեխաների համար։
Ժողովրդի իմաստության մասին
Ինչքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն իմաստուն է, եւ նման իրավիճակներում միշտ ճիշտ որոշում է կայացնում։ Մենք ապավինում ենք այդ իմաստությանը։
Հնարավոր պարտադրանքի մասին
Տեսնում եք, թե որքան զուսպ են այս օրերին մեր իրավապահները։ Չեմ ցանկանա, որ կազմակերպիչները այնպիսի քայլերի դիմեն, որ իրավապահները ստիպված լինեն պարտադրանքի անցնել։ Բայց երկրում ամենաթողություն տիրել չի կարող։
Անձնական նկատառումների բացակայության մասին
Բազմիցս բացատրել եմ, որ որեւէ անձնական նկատառումներ չունեի սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս։ Եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցները դժկամությամբ կվերաբերվեին այն փոփոխություններին։ Բայց բոլոր այդ կառույցները դրական վերաբերվեցին։
Քծնանքի մասին
Քծնանքին շատ բացասաբար եմ վերաբերվում։ Վստահ եմ, մեր երկրում չկա մարդ, ում քծնանքը դուր կգա։ Բայց արդյո՞ք քծնանք է, երբ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որեւէ մեկին, այս դեպքում՝ ինձ, առաջադրել վարչապետի թեկնածու։
Իրեն չսիրողների մասին
Ով չի սիրում (իրեն-Մեդիամաքս), կարող եմ խորհուրդ տալ՝ սպասել, տեսնել, թե երկիրն ինչպես է զարգանում, եզրակացություններ անել եւ եթե դրանք իրենց չեն գոհացնի, հաջորդ ընտրությունների ժամանակ իրենց ձայները տան ուրիշներին։
Իշխանության մասին
Ինձ համար իշխանությունը վայելք չէ։ Իրենց թվում է, թե վայելք է։
Իր եւ Մերկելի նմանության մասին
Միշտ էլ նոր դեմքեր պետք են, բայց վերցնենք, օրինակ, եվրոպական երկրները։ Դուք համարում եք, որ այնտեղ լճացում կա՞։ Գերմանիայի կանցլերը, եթե չեմ սխալվում, արդեն չորրորդ անգամ է ընտրվել։ Դա նշանակում է, որ այնտեղ լճացո՞ւմ է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: