ԵՄ-ն ու Փաշինյանը՝ Հայաստանի անցման շրջանի եւ CEPA-ի մասին - Mediamax.am

9134 դիտում

ԵՄ-ն ու Փաշինյանը՝ Հայաստանի անցման շրջանի եւ CEPA-ի մասին


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը պատրանքներ չունի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհապաղ արդյունքների վերաբերյալ, բայց կարծում է, որ խորհրդարանական կառավարման մոդելը քայլ առաջ է Հայաստանի ժողովրդավարության համար:

Այդ մասին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության անանուն ներկայացուցիչը՝ Politico պարբերականի հետ զրույցում, որը հրապարակել է «Հայաստանի վիճարկվող քայլը դեպի իրական ժողովրդավարություն» հոդվածը:

 

Պատվիրակության ներկայացուցիչը նկատել է, որ «երկարաժամկետ հեռանկարում սահմանադրական փոփոխությունները կարող են նպաստել իշխանության ապակենտրոնացմանը»:

 

Պաշտոնյան նաեւ ասել է, որ Բրյուսելում համոզված են, որ 2017թ. Հայաստանի հետ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) կարող է ներքին բարեփոխումների շարժիչ դառնալ:

 

Հոդվածը ներկայացնում է անգլիական Chatham House վերլուծական կենտրոնի աշխատակից Անահիտ Շիրինյանի կարծիքն այն մասին, որ անցումը խորհրդարանական կառավարմանը վատ բան չէ, սակայն հայկական իրականության մեջ այն կարող է նպաստել իշխող կուսակցության դիրքերի էլ ավելի ամրապնդմանը:

 

«Այդ կուսակցությունը վերջին տասնամյակում Հայաստանը փաստացի դարձրել է միակուսակցական՝ սա է վտանգը», - ասել է վերլուծաբանը:

 

Ավելի կոշտ է արտահայտվել ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

 

«Շատերը փորձում են ներկայացնել սա իբրեւ ժողովրդավարական գործընթաց, իսկ իրականում մենք տեսնում ենք, թե ինչպես է նոր բռնապետություն կառուցվում», - ասել է նա Politico-ին:

 

Փաշինյանը քննադատել է Եվրամիությանը՝ վերջինիս դիրքորոշումը «չափազանց լավատեսական» որակելով: Նրա կարծիքով, ՀԸԳՀ-ով պայմանավորված բարեփոխումները հիմնականում «կոսմետիկ» բնույթ են կրելու:

 

«Եվրամիության ինչ-որ մի պաշտոնյա է գալիս Հայաստան, հանդիպում կառավարության հետ, քննարկում են բարեփոխումների ոլորտները: Մեր կառավարությունն ասում է. «Ուզո՞ւմ եք փոխել մեր դատական համակարգը»: ԵՄ-ն դրական է պատասխանում, կառուցվում են դատարանների նոր շենքեր՝ լավ աթոռներով ու հաճելի պատուհաններով, սակայն բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում: Սա է Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին