Սվիտալսկու կոչը առաջացրել է ՀՀԿ դժգոհությունը - Mediamax.am

18705 դիտում

Սվիտալսկու կոչը առաջացրել է ՀՀԿ դժգոհությունը


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր առաջարկել է փոխել Հայաստանի ընտրական օրենսգիրքը եւ օրենսդրական այլ ակտեր՝ համաձայնության գալով բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Այս մասին դեսպանն ասել է «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» խորագրով համաժողովի շրջանակում:

 

Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտություն կա նաեւ «բարելավել տարբեր կառույցների՝ հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ հասարակության վստահությունը ընտրությունների հանդեպ բարձրացնելու նպատակով»։

 

«Անհրաժեշտ է աշխատել թերությունների վերացման շուրջ, որոնք ի հայտ են եկել ընտրություններից առաջ եւ հետո, մասնավորապես՝ ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման եւ աշխատողների ահաբեկման մասով»,- ասել է դեսպանը։

 

Նա առաջարկել է «միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրավապահ մարմինները գործեն չեզոք, եւ ենթադրյալ խախտումները հետաքննվեն ու դատապարտվեն վստահելի կերպով»։

 

Դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել ԿԸՀ-ին՝ տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետ աշխատանքի համար։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարի Եվրամիությունը Հայաստանին շուրջ €7 մլն-ի աջակցություն է ցուցաբերել՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ԵՄ դեսպանի հայտարարությանը, հորդորել է նրան «պահպանել քաղաքական կոռեկտությունը եւ չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին»։

 

«Մենք ընդունում ենք, որ, այո՛, մեր Եվրամիության գործընկերները կարող են առաջարկություններ անել, գնահատականներ հնչեցնել, բայց շատ ավելի ճիշտ կլինի, երբ որ այդ առաջարկություններն արվում են ավելի կոռեկտ, ավելի դիվանագիտական բառապաշարով։ Երբեմն մարդիկ, մի՞գուցե մոռանում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, եւ նույնիսկ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների խնդիրը, նույն ռեյտինգային խնդիրը, ընտրությունները բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի եւ պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի մենաշնորհն է», - Շարմազանովի այս խոսքերը մեջբերում է «Ազատությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին