Երեւան: Մեդիամաքս: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Սասնա ծռեր»-ի գործողությունները համակարգող մարմնի ղեկավար Ալեք Ենիգոմշյանն այսօր հայտարարել է, որ «ՀՀ իշխանությունները մտադիր չեն խաղաղ շարունակել բանակցությունները եւ դիմում են ճնշումների»:
Այս մասին Ալեք Ենիգոմշյանն ասել է Խորենացի փողոցում լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ արդեն 32 ժամ է, ինչ ՊՊԾ գնդի տարածքում անջատված է էլեկտրականությունը, չի տրամադրվում սնունդ, բժշկական ծառայություն, իսկ գիշերվանից սկսած՝ չի գործում նաեւ հեռախոսային կապը:
«Ոստիկանությունը գիշերը փորձել է մոտենալ ՊՊԾ տարածքին եւ պատ քանդել: Առավոտից գնդի տարածքի վրա պտտվում է ռազմական ուղղաթիռ: Այս ամենը իշխանությունների կողմից սրացման քայլեր են: «Սասնա ծռեր»-ի անդամները կողմ են սրացման չգնալուն: Նրանք դիմում են պատասխան քայլերի, երբ իշխանությունների կողմից լինում են սադրիչ քայլեր»,- ասել է Ալեք Ենիգոմշյանը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ «Սասնա ծռեր»-ի ցանկությամբ իշխանությունների հետ նոր բանակցողը պետք է լինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթը):
«Սասնա ծռեր»-ի գործողությունները համակարգող մարմնի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մինչեւ այսօր՝ ժամը 20:00-ը, ժամանակ տալով իշխանություններին՝ լուծելու «Սասնա ծռեր»-ի էլեկտրականության, կապի եւ սննդի հարցը: Հակառակ դեպքում՝ նրանք կոչ են անում երկրի ամբողջ տարածքում ստեղծել քաղաքական անհնազանդության օջախներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: