Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել եւ մասնակցել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին նա ասել է Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Տարբեր երկրներում մեծ փորձ, գիտելիքներ ու կապեր ձեռք բերելով, տեսնելով Հայաստանի այսօրվա իրավիճակը՝ ես չէի կարող հանգիստ լինել, եւ որոշում եմ կայացրել մասնակցել համապետական ընտրություններին: Այնպես չէ, որ ես բիզնես անելու տեղ եմ փնտրում կամ կուսակցություն ստեղծելը բիզնես եմ համարում: Ես պարզապես ցանկանում եմ մասնակցել Հայաստանի զարգացման գործին»,- ասել է նա:
Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ ստեղծվելիք կուսակցությունը որեւէ մեկին չի քննադատելու, կազմելու է խնդիրների լուծման իր ծրագիրն ու մեխանիզմները, որոնք էլ առաջարկելու է ՀՀ ընտրողներին:
Նրա խոսքով՝ կուսակցությունը կձեւավորվի 2016թ. մարտին, այդ ժամանակ էլ հայտնի կլինի կուսակցության գաղափարախոսությունը:
Արա Աբրահամյանն ընդգծել է, որ իրենք գործելու են բացառապես իրավական դաշտում, «աշխատելու են ժողովրդի համար եւ լինելու են թափանցիկ»: Ինչ վերաբերում է ՀՀ օրենսդրության պահանջին, որ պետք է հինգ տարվա գրանցում եւ բնակություն ունենալ Հայաստանում, նա ասել է, որ «խոսքը չի գնում վարչապետ կամ նախագահ լինելու մասին»:
Նոր կուսակցություն ստեղծելու եւ ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ Արա Աբրահամյանն արդեն քննարկում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ինչ վերաբերում է Սահմանադրության նոր նախագծի նկատմամբ դիրքորոշմանը, Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է, որ «այդ փոփոխություններն ընդունել կամ չընդունելը ժողովրդի գործն է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: