ՀՀ իշխանությունը կայուն էներգետիկ համակարգ է ցանկանում - Mediamax.am

5935 դիտում

ՀՀ իշխանությունը կայուն էներգետիկ համակարգ է ցանկանում


Էդուարդ Շարմազանովը
Էդուարդ Շարմազանովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են հանրապետության էներգետիկ համակարգի կայունության եւ ավտանգության ապահովման, առողջացման համար:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ այսօր ուշ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին հաջորդած ասուլիսին:

 

Նրա խոսքով` նիստին ի թիվս ներքաղաքական այլ հարցրի` քննարկվել է Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրը:

 

«Դա շատ կարեւոր է ՀՀ իշխանության համար, հարցը ոչ միայն 6, 7 դրամներն են, այլեւ առողջ եւ կայուն էներգետիկ համակարգ ունենալն է, ինչը մեկ-երկու օրվա աշխատանք չէ: ՀՀ նախագահից սկսած՝ որեւէ մեկը թանկացման կողմնակից չէ, խնդիրն ավելի գլոբալ է, որի լուծման համար պետք է ամեն ինչ անել»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ կառավարության ներկայացրած թվերն օբյեկտիվ են, եւ նկատել՝ «դա չի նշանակվում, որ հարցը չի քննարկվի. իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ունենանք կայուն էներգետիկ համակարգ»:

 

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ նախագահի՝ ՌԴ տրանսպորտի նախարարին արած առաջարկին, որով նախատեսվում է աուդիտ իրականացնել ՀԷՑ-ում:

 

«Եթե ռուս գործընկերները համաձայնել են իրականացնել բաց, հրապարակային աուդիտ, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա: Եթե չլիներ անհրաժեշտություն, բնականաբար, հանրապետության նախագահը դա չէր անի»,- ասել է նա:

 

Հարցին, թե արդյոք աուդիտը կանցկացվի մինչեւ օգոստոսի 1-ը՝ սակագնի բարձրացման որոշումն ուժի մեջ մտնելը, եւ արդյոք դրա արդյունքում հնարավոր է, որ բարձրացված սակագինը ձեռք բերվի ներդրումների միջոցով, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ ինքն այս պահին չի կարող խոսել այդ մասին եւ վստահեցրել, որ մոտ օրերս իշխանության ներկայացուցիչների հետ այլ հանդիպումներ եւս կլինեն:

 

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին՝ ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ հարգալից  են վերաբերվում քաղաքացիների խաղաղ ելույթներին, եւ նկատել՝ «բոլոր գործընթացները պետք է խաղաղ ճանապարհով ընթանան»:

 

«Իշխանությունների եւ ցուցարարների ցանկությունը մեկն է՝ էներգետիկ համակարգի առողջացումը եւ թանկացման խնդիր չլինելը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին