Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ «Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել եւս՝ պետական կառավարման ձեւի հետ»:
Այդ մասին նա ասել է 2rd.am կայքին տված հարցազրույցում:
«Երկիրը անհաջող, կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից: Աշխարհում կան թե նախագահական եւ թե խորհրդարանական համակարգի գործածման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
«Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական եւ մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը», - ավելացրել է նա:
Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալված իրադարձությունների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասել է.
«Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության եւ նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձեւաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, եւ մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաեւ, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձեւավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձեւաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը»:
ՀՀ երկրորդ նախագահն ասել է, որ «ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթեւացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: