Շարունակում ենք ներկայացնել Լիանա Սահակյանի «Ռապսոդիա վարդագույնով» գիրքը` նվիրված 60-ական թվականների Երեւանին:
Նախորդ գլուխները կարդացեք այստեղ:
6
Արեւմուտքում 60-ականների սկիզբը նշանավորվեց լճացած կապիտալիստական հասարակարգին մարտահրավեր նետած հիփիների շարժմամբ, իսկ մեզ մոտ երիտասարդությունը սկսեց յուրովի պայքարել պայմանականությունների եւ ընդհանրապես՝ մեծամասնության աշխարհայացքի դեմ: Վիրավորական դարձավ «քաղքենիություն» ծավալուն հասկացողությունը:
Ժամանակակիցը սկսեց ներխուժել մեր գիտակցության եւ՝ միաժամանակ առօրյայի մեջ: Առանց մտորումների աղբանոց էին նետվում իբրեւ թե քաղքենիությունը խորհրդանշող իրերը: Մարմարե փղիկների, ժանեկահյուս անձեռոցիկների, գոբելենների հետ մեկտեղ աղբանոց էին նետվում հետագայում հազվագյուտ դարձած իրեր՝ գրամոֆոններ, պատեֆոններ, եզակի պատի ժամացույցներ, լուսամփոփներ եւ այլն...
Մեր բնակարաններում հայտնվեցին նոր ոճի իրեր՝ ցածրիկ սեղանիկներ (журнальные столики) (հիմնականում եռոտանի), բազկաթոռներ ու հատակադիր ջահեր (торшеры)... Նորաձեւ էին համարվում աբստրակտ պատկերով որմաթղթերը (обои):
60-ականների սկզբին, Թումանյան փողոցի վրա բացվեց «Գեղարվեստական սրահ» խանութը, որտեղ հրաշալի ոսկերչական նորաձեւ իրերից բացի վաճառվում էին բնակարանների ներքին հարդարանքի մանր պարագաներ: Պարուհիների, թասը ձեռքին ուզբեկուհիների, գամփռով սահմանապահների արձանիկների փոխարեն վաճառվում էին արտառոց կերամիկական իրեր, ինչպես նաեւ` գունավոր կերամիկական սպասք՝ բաժակներ, գավաթներ, ափսեներ և այլն:
Չցանկանալով հետամնաց երեւալ, ավագ սերունդը հետեւեց երիտասարդների օրինակին: Մարդիկ սկսեցին ազատվել նյութապաշտությունից՝ պարզեցնելով ու ժամանակակից դարձնելով իրենց կենցաղը:
Սենյակների նոր հարդարանքը խիստ տարբերվում էր նախկինից: Օրինակ, առաջ ընդունված էր ճաշասեղանը դնել հենց սենյակի կենտրոնում: Որպես կանոն, այն ծածկված էր գեղեցիկ սփռոցով: Սեղանի վրա պարտադիր դրված էին ջրով լեցուն կուժ ու մոխրաման:
Բոլոր հորիզոնական հարթությունների վրա, լիներ դա դաշնամուր, (ի դեպ, վերջինս պետք է պարտադիր լիներ քիչ թե շատ մտավորական համարվող ընտանիքներում, անկախ նրանից, որեւէ մեկը նվագել գիտե՞ր, թե՝ոչ), ռադիոընդունիչ, թե գրապահարան, շարված էին բնակիչների ճաշակին համապատասխան փոքր զարդարանքներ՝ բավականին նրբագեղներից մինչեւ անճաշակները:
Հեռուստացույցից, էկրանը քողարկելով, կախված էր անձեռոցիկ, հիմնականում՝ Սայաթ-Նովայի պատկերով: Թեեւ այսօր այդ կահավորումը թվում է խղճուկ ու միամիտ, միեւնույնն է, օջախի զգացողություն կար յուրաքանչյուր բնակարանում: Այն համեմատելի չէ այժմյան մեծահարուստների նորաձեւության վերջին ճիչով կահավորված բնակարանների հետ, որոնցից փչում է գրասենյակային սառը շունչը:
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:
Այսպիսով, 60-ականների սկզբում, բնակարաններում սկսեցին ի հայտ գալ կահույքային հավաքածուներ, «գորկաներ», որոնց անվանումները մինչ օրս մնացել են հիշողությանս մեջ. բոլորին քաջ հայտնի «Խելգաներն» ու «Յուտաները»: Իհա՛րկե, այդ կահույքը կար ոչ բոլորի տներում, քանի որ այն ստանալու համար պետք էր հերթագրվել եւ տարիներով սպասել: Սակայն սովետական ժամանակներում «ծանոթով» կախարդական բառը նշանակում էր, որ դրամի ու ցանկության առկայության դեպքում, ամեն ինչ հնարավոր էր ճարել:
Կենցաղը կարգավորվում էր, շատերի մոտ հայտնվեցին լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, հատակ փայլեցնող սարքեր: Վերջիններին մեծ նշանակություն էր տրվում, քանի որ իրեն հարգող ցանկացած տանտիրուհու տանը մանրատախտակե հատակը պետք է փայլեր հայելու նման: Ինչ հնարքների որ ասես չէին դիմում արդյունքին հասնելու համար...
50-ականների վերջին ընդունված էր մանրատախտակը բենզինով լվանալ: Աստվա՛ծ իմ, ինչպես էի ես ատում այդ հոտը: Այդ արարողությունը առավել սարսափելի էր թվում, քանի որ տեղի էր ունենում ամառվա վերջին: Դրսում անտանելի շոգ էր, իսկ պատուհաններից ժայթքում էր բենզինի նողկալի հոտը: Ինձ համար այդ ահավոր զուգորդությունն, ավաղ, նշանավորում էր ամառային արձակուրդների ավարտն ու ուսումնական տարվա սկիզբը:
Աստիճանաբար, 60-ականների կեսերից գրեթե բոլորի տներում հայտնվեցին հեռուստացույցներ: Շատ լավ հիշում եմ, որ մեր շենքում, որտեղ բնակվում էին քիչ թե շատ ապահովված մարդիկ, (շենքը գերատեսչական էր՝ Հայէներգոյի աշխատակիցների համար), սկզբում հեռուստացույց ունեին միայն երեք ընտանիքներ:
Հարեւանները հանգիստ գնում էին հարեւանների մոտ՝ հեռուստացույց դիտելու: Օրինակ` երեկոյան մեր տանը հաճախ հավաքվում էր շենքի երիտասարդների կեսը: Դա ոչ ոքի չէր նեղում, նույնիսկ ընդհակառակը՝ մարդիկ այն ժամանակ ավելի համբերատար ու հյուրասեր էին:
Հարեւանություն անել` նշանակում էր կողքին ունենալ մարդկանց, որոնք միշտ պատրաստ են փորձանքից ազատել, օգնության հասնել: Մեր շենքի բնակիչներին, միեւնույն մասնագիտության մարդկանց (էներգետիկներ), միմյանց հետ կապում էին նաեւ ընդհանուր հայացքներն ու ավանդույթները:
Կրկին մի պարադոքս. սննդային դեֆիցիտի պայմաններում ավագ սերնդի մոտ ընդունված էր առատ խնջույքներ կազմակերպելը, հատկապես՝ Նոր տարվա կապակցությամբ: Սեղանները գցված էին մնում մինչեւ «հին» Նոր տարին: Շատ բան կրկին ճարում էին «տակից», հատկապես՝ նրբահամ խորտիկները: Սակայն հարկ է նշել, որ այն ժամանակվա Երեւանի մթերային խանութներում գրեթե ամեն ինչ կարելի էր գտնել, սկսած պանրից, (ո՞վ կմոռանա հսկա ծակերով շվեյցարական պանրի համը), եւ վերջացրած երշիկներով ու ձիթապտուղներով:
Տոնական սեղանները միշտ զարդարում էին կաթնային խոճկորները, հնդուհավերը, եւ իհա՛րկե, Սեւանի հանրահայտ իշխանը՝ նրբահամ վարդագույն մսով:
Ինչ վերաբերում է թխվածքներին, ապա տեսականին շատ էր համալրվել: Եթե նախկինում սեղանների վրա լավագույն դեպքում դրվում էր տարբեր տեսակների հայկական գաթա, իսկ 50-ականներին հայտնվեցին «Նապոլեոն» ու «Ժոզեֆինա» տորթերը, ապա արդեն 60-ական թվականներին մեր տանտիրուհիները հմտացել էին էկլերների, բեզեյի, «Ցերեկ ու գիշեր», «Սենատորական» եւ այլ թխվացքների պատրաստման գործում:
Եթե նախկինում լավ ու որակյալ էին համարվում միայն մոսկովյան կոնֆետները, ապա նրանց փոխարինելու եկան ոչինչով չզիջող մեր հայտնի հրուշակեղենի ֆաբրիկայի կոնֆետները՝ «Սկյուռիկը», «Կարմիրը», «Կարակումը»...
Սեղանների վրա ավելի ու ավելի հաճախ սկսեց հայտնվել օղին՝ դուրս մղելով կոնյակը: Տոնական օրերին տան դռները չէին փակվում: Բոլոր հարեւանները այցելում էին միմյանց շնորհավորելու, այնուհետեւ սկսվում էր բարեկամներին եւ ընկերներին այցելելը: Այդ հյուրասեր սեղանները բոլորովին էլ ձեւական բնույթ չէին կրում, ընդհակառակը, վկայում էին որոշակի կայունության ու բավարարվածության, մարդկանց հոգու մեծության եւ նրանց լավատեսության մասին:
Բացի Նոր տարուց, մնացած բոլոր տոներն ու ծննդյան օրերը նշվում էին ոչ պակաս խանդավառությամբ: Տոների առիթով երեխաներին ընդունված էր նոր հագուստ գնել:
Հիսունականների վերջում ներմուծված ապրանքների մեծամասնությունը չինական էր, ի դեպ՝ հրաշալի որակի: Դա աղջիկների համար նախատեսված մաքուր բրդից կոստյումներ էին, պուլովերներ, սվիտերներ, ներքնազգեստներ, սրբիչներ, որոնք կարելի էր օգտագործել տարիներով, սանտալե հովհարներ՝ մինչ օրս պահպանվող բույրով եւ հայտնի չինական անձրեւանոցները, որոնցով մեր մայրերը զբոսանքի էին դուրս գալիս:
Քաղաքացիների ներքին կուլտուրայի վրա ազդեց հայրենադարձների հայրենիք վերադառնալը: Ժողովուրդը նրանց կոչում էր «եկած հայեր» կամ «ախպարներ»:
Հայրենադարձությունն սկսվեց պատերազմից հետո ու շարունակվեց 50-ականներին ու 60-ականներին: Նրանց մեծամասնությունը վերադառնում էր Սիրիայից ու Լիբանանից, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայից:
Սուրճ ըմպելու սովորությունը ներմուծվեց իրենց կողմից: Եկածների մեծ մասն աշխատում էր սպասարկման բնագավառում՝ նորաձեւության սրահներում, վարսավիրանոցներում, ռեստորաններում: Նրանց ներքին կուլտուրան, մեղմ ու հարգալից վերաբերմունքը հաճախորդի հանդեպ աստիճանաբար սկսվեցին կրկնօրինակել: Իսկ թաղամասերը, որտեղ նրանց բնակեցրել էին, շատ շուտով «ներկվեցին» իրենց բնորոշ կոլորիտով:
Նրանք շատ էին պատմում իրենց նախկին կյանքի մասին, շատերը ափսոսում էին Սովետական Հայաստան գալու համար: Այդ պատմությունները եւս ընդարձակում էին մեր պատկերացումները այլ կյանքի մասին:
7
50-ականներին ու 60-ակաների սկզբում Երեւանում կային այսպես կոչված «գվարդիաներ», որոնք կազմավորվել էին քրեականների դեմ պայքարում միլիցիային օգնելու նկատառումով: Սակայն ժամանակի ընթացքում այդ «գվարդիաները»` կորցնելով իրենց պաշտոնական նպատակը, ձեւափոխվեցին կիսաքրեական խմբավորումների, որոնցից յուրաքանչյուրը պայմանականորեն իր հսկողության տակ էր պահում քաղաքի որոշակի տարածք: Դեռեւս 60-ականների սկզբում կարելի էր լսել «գվարդիաների» միջեւ հաշիվներ պարզելու մասին, երբեմն՝ արյունալի:
Շուտով ՆԳՆ-ի կողմից կրկին փորձ արվեց ստեղծել ակտիվ կոմերիտականների՝ այսպես կոչված «դրուժիննիկների» խմբեր`կարգ ու կանոնի պահապանմանը նպաստելու նպատակով: Երեկոյան քաղաքի փողոցներում կարելի էր հանդիպել թեւերին կարմիր կապ կրող, կարգ ու կանոնին հետեւող երիտասարդների: Սակայն այդ ամենը (համենայնդեպս` Երեւանում) ձեւական բնույթ էր կրում ու որոշ ժամանակ անց դրուժիննիկները չքվեցին մեր փողոցներից, կարծես երբեք գոյություն չէին էլ ունեցել:
Ինչպես ցանկացած մայրաքաղաքում, Երեւանում եւս կային օրինազանցներ, որոնք բաժանվում էին «գողականների», «լավ» տղերքի («բլատնոյ»), ռաբիզների, ու անկյունայինների՝ «ուգլովիկների»:
Գողականները, որպես օրենք, դատվածություն ունեին ու մեծամասամբ զբաղվում էին մանր քրեական հանցանքներով՝ մինչեւ հաջորդ ձերբակալումը: Նրանցից շատերը հայտնի էին իրենց մականուններով:
«Բլատնոյներին» անվանում էին «լավ» տղերք: Նրանք եւս քաղաքային հեղինակություններ էին: Հաճախ մեր տղաները խնդրանքներով դիմում էին նրանց:
«Գողականները», եւ՛ «բլատնոյները», ապրում ու գործում էին «հասկացողություններով», սակայն քաղաքում թագավորող համընդհանուր հանգիստ մթնոլորտը սահմանափակում էր ինչպես նրանց ազդեցությունը, այդպես էլ նրանց տեղաշարժման տարածաշրջանը:
Ինչ վերաբերում է «ռաբիզ» հասկացողությանը, ապա սկզբում այն հանդիսանում էր «рабочее искусство» (բանվորական արվեստ) ուղղության համառոտագրությունը, որը հետագայում վերածվեց ինքնուս երաժիշտների կատարմամբ ցածրորակ երաժշտական «ուղղության»:
«Ռաբիզ» բառը երբեմն փոխարինվում էր «գեղացի» ու «գառ» հոմանիշներով: Այնպես որ, ինչ մեղքս թաքցնեմ, մեր քաղաքում նույնպես գոյություն ուներ բաժանում տարբեր «կաստաների»:
Պետք է հիշատակել նաեւ «անկյունայիններին»: Նրանք, այսպես ասած, իրենց տեղամասերի՝ անկյունների հետեւողներն են: Կենտրոնը բաժանված էր անկյունների՝ «Նաիրի» (կինոթատրոնի մոտ), «Կոզիրյոկ» (Լենինի պողոտայի վրա գտնվող բաց կաֆեն), «Օպերա», «Կասկադ», «Պոպլավոկ» եւ այլն: Տպավորություն կար, որ այդ տղաները երբեք իրենց չէին լքում իրենց «դիրքերը»: Ծանոթ այդ դեմքերը եւս մեկ «գույն» էին տալիս քաղաքի ընդհանուր պատկերին:
Երեւանի ծայրամասերը ապրում էին ինքնավար կյանքով: Նորույթներն այստեղ ընկալվում էին եթե ոչ սվիններով, ապա զգուշավոր:
Տեղին է նաեւ նշել բակերի դերը՝ տղաների ձեւավորման ու թրծման մեջ, հատկապես՝ քաղաքի կենտրոնից հեռու շրջաններում:
Կենտրոնը խիտ բնակեցված էր, ու հաճախ բակերում՝ մանկական խաղահրապարակների ու սպորտային դաշտերի փոխարեն դեռեւս ցցված էին անճոռնի տնակները: Իսկ նոր շրջանների բակերում դրված էին թենիսի սեղաններ, մարզաձողեր ու բասկետբոլի զամբյուղներ:
Տղաներն իրենց ազատ ժամանակը մեծամասամբ անց էին կացնում այստեղ՝ կյանքի «այբուբենին» ծանոթանալով, թրծվելով եւ՛ հոգով եւ՛ մարմնով:
Բակային խաղերի քանակությունն ու բազմազանությունն ապշեցնում էր: Բացի ավանդական ու սպորտային խաղերից, գոյություն ունեին հատուկ, «բակային» խաղեր: Դրանք էին «չլիկ դաստան», «հավալան», «էշ միլիցան», «ղաիշը», «բանկա փլավը», որոնք հաճախ պատանիների տոկունություն, քաջություն եւ ճարպկություն աղբյուր էին հանդիսանում:
Մտավորականների ու բանվորների երեխաներն իրավահավասար էին: Գուցե ինչ-որ տեղ, խորը թաքնված էր դասակարգային տարբերությունը, սակայն մեծամասամբ տղաները կարողանում էին միմյանց հետ լեզու գտնել, թեեւ հաճախ էին նաեւ վեճերը ու կռիվները:
Տղաները հնարամիտ էին: Ուր ասես, որ չէին հաջողացնում հավաքվել` ռմբապաստարաններում, հնոցարաններում, բակային տաղավարներում, տանիքներում ( այնտեղ թուղթ էին խաղում ու կիթառ նվագում): Ծանոթ հնոցապանին ներս մտնելու թույլատվության համար շիշ էին բերում, կամ էլ խնդրում էին ավելի շատ քարածուխ նետել, որպիսի բնակարաններում ավելի տաք լինի:
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:
Բակային խաղերը վերհիշելիս չի կարելի մոռանալ հարեւան թաղերի երեխաների բաժանվելը թիմերի (թիմ-թիմ) ՝տարբեր սպորտային խաղերի համար:
Մեծամասամբ ֆուտբոլ խաղալու էին գալիս սեփական «ցավողներով»: Խաղում էին անզուսպ, ողջ էներգիան անմնացորդ խաղին նվիրելով: Երբեմն ֆուտբոլին մասնակցում էին նաեւ աղջիկները՝ ցուցադրելով իրենց ընդունակություններն ու ճարպկությունը:
Աղջիկները հիմնականում խաղում էին «կլաս»՝ զինվելով իրենց խաղերի ամեն մի տարբերակին հարմար՝ ողորկ ու անհարթ քարերով, որոնք մինչեւ հաջորդ խաղը թաքցնում էին բակի տարբեր ծակուծուկերում:
Աղջիկների խաղերը հաճախ ուղեկցվում էին համրումներով, որոնք հաճախ անճանաչելիության աստիճանի աղավաղվում էին` հիմնականում նրանց կողմից, ովքեր ռուսերենին չէին տիրապետում ու արտաբերում էին լսածը՝ բացարձակապես չանհանգստանալով բովանդակության եւ իմաստի մասին: Դրանում էր այդ բանավոր ստեղծագործությունների ամբողջ հմայքը՝ պայմանավորված հնչյունների կախարդանքով, խաղին նախորդող ծիսակատարությամբ:
Բերում եմ մի քանի վառ ու անհեթեթ օրինակներ.
«Ցան, ցան, ցան, վիշըլ մալինկի պացան (вышел маленький пацан), մեր հավերը զարգացան, կուտ ուտելը մոռացան»:
«Բուդկա, բուդկա բե-բե, աբե-սաբե գումարե, ռիկի-չիկի Արմենչիկի» (բացարձակ անհեթեթություն):
«Փոքրիկ պապան գնաց բանակ, հետը տարավ մի սուր դանակ», իսկ հետո ռուսերեն՝«Буду резать, буду бить, с кем ты хочешь подружить?»:
Սակայն իր անհեթեթությամբ ամենահանճարեղը այս մեկն էր. «Ալա բալանիցա, դուրս կաբանիցա, հեյ գիդի վանչո, սարի կապիտանչո, փալանչո»...
Շատ ժամանակ անց մենք իմացանք, որ դա «Алла-баловница, Дуськи боится» համրումն է:
Պատանիների ձեւավորման մեջ մեծ դեր էին խաղում կոշկակարները: Նեղլիկ կոշկակարանոցը գրավում էր տղաներին, ու կոշկակարը հաճախ դառնում էր նրանց գլխավոր խորհրդատուն: Զարմանալի է, բայց այդ պարզ արհեստավորները երբեմն տիրապետում էին հոգեբանի ունակությունների, լավ գլուխ էին հանում մարդկանցից ու օգտակար խորհուրդներ էին տալիս:
Մեր փողոցում՝ Մոսկովյան նրբանցքում, աշխատում էր կոշկակար Ռաֆիկը՝ զուսպ, դեմքին մի փոքր հեգնանքով մի մարդ: Նրա արհեստանոցի մշտական այցելուները մեր շենքի տղաներն էին՝ եղբայրս` Սահակյան Վովան, Շահպարոնյան Ժորիկը, Մաքսիմով Գաբիկը: Ի՞նչ էին անում նրանք այդքան ժամանակ այդ նեղլիկ սենյակում:
Բաղրամյան փողոցի անկյունում մի ուրիշ հանրահայտ կոշկակարանոց էլ կար, ոչ պակաս հայտնի կոշկակար Գերասով (Գերասիմ), որը խմող էր, ու այնտեղի տղաները` ծնողներից գաղտնի, երբեմն ընկերակցում էին նրան: Նա լավ զրուցակից էր, ու իր տեսակի մեջ արտակարգ անձնավորություն:
Քաղաքի բոլոր շրջաններում կային իրենց Ռաֆիկներն ու Գերասները ու յուրաքանչյուր շրջան ուներ իր յուրահատուկ դեմքը: Դա Կայարանն էր, Արաբկիրը, Կոնդը, Օպերան, Չարբախը եւ այլն:
Երեւանի յուրօրինակ շրջաններից մեկը «Երրորդ մասն» էր, որը հայտնի էր հնդկական ֆիլմերին իր հավատարմությամբ: «Հայրենիք» կինոթատրոնում անընդմեջ «պտտեցնում» էին հնդկական կինոնկարներ: Նույնիսկ այսպիսի անեկդոտ կար՝ Երրորդ մաս գնալու համար տաքսու վարորդին հարկավոր էր հարցնել «վիտիկ դաննա՞» («Թափառաշրջիկը» հնդկական կինոնկարի մեջ հնչող երգի բառերն են) ու, որպես հաստատում, լսել պատասխանը՝ «դանե ուպրդանա» (նույն երգի բառերից):
Շարունակելի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: