6 հարց ու պատասխան TRIPP-ի հավանական կառավարիչ AECOM-ի մասին - Mediamax.am

Փետրվար 05, 2026
exclusive
1596 դիտում

6 հարց ու պատասխան TRIPP-ի հավանական կառավարիչ AECOM-ի մասին


AECOM-ի գլխավոր գործադիր տնօրեն Թրոյ Ռուդը
AECOM-ի գլխավոր գործադիր տնօրեն Թրոյ Ռուդը

Լուսանկարը` REUTERS


2026 թվականի փետրվարի 5-ին Երեւանում ԱՄՆ դեսպանությունը հայտնեց, որ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ 

 

«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքսը տեղեկություններ է հավաքել AECOM-ի մասին։

 

1.    Ի՞նչ է AECOM-ը:

 

AECOM-ը ամերիկյան ընկերություն է: Գլխավոր գրասենյակը Դալասում է, Տեխաս նահանգում։ Հիմնադրվել է 1990 թվականին, թեեւ նախորդող ընկերությունները ավելի քան 120 տարվա պատմություն ունեն։

AECOM-ի գլխավոր գործադիր տնօրեն Թրոյ Ռուդը AECOM-ի գլխավոր գործադիր տնօրեն Թրոյ Ռուդը

Լուսանկարը` REUTERS

Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE: ACM)։ 2024 ֆինանսական տարում AECOM-ի հասույթը կազմել է 16,1 մլրդ դոլար։

 

Ընկերությունը աշխատում է ավելի քան 150 երկրներում եւ 51 000 աշխատակից ունի։

 

2.    Ի՞նչով է զբաղվում ընկերությունը:

 

AECOM-ը տրամադրում է համապարփակ խորհրդատվական ծառայություններ ենթակառուցվածքների ոլորտում, ներառյալ՝

 

•    Ինժինիրինգ եւ նախագծում;

•    Քաղաքաշինություն եւ ճարտարապետություն;

•    Տրանսպորտային ենթակառուցվածքներ (երկաթուղիներ, ավտոճանապարհներ, օդանավակայաններ, նավահանգիստներ);

•    Ջրամատակարարում եւ բնապահպանական ծառայություններ;

•    Էներգետիկ եւ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ;

•    Շինարարության եւ ծրագրերի կառավարում;

•    Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում;

•    Ռիսկերի կառավարում եւ կայունության պլանավորում:

 

3.    Ի՞նչ երկաթուղային նախագծեր է իրականացրել AECOM-ը:

 

Վարշավայի երկաթուղային հանգույցի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (ավելի քան 900 կմ երկաթուղային գծեր)։

 

Արագընթաց երկաթուղու եւ հասարակական տրանսպորտի նախագծեր Ասիայում (Հոնկոնգ, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր)։

 

4.    Ընկերությունը նախկինում աշխատե՞լ է տարածաշրջանում:

 

2011 թվականի ապրիլին AECOM-ի փոխնախագահ Քրիսթոֆեր Չոան Երեւանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին եւ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանին էր ներկայացրել «Հարավային միջանցքի» նախագիծը, որով նախատեսվում էր Վայոց Ձորի մարզի գինեգործական շրջանները միավորել Գորիս-Տաթեւ տարածաշրջանի հետ:

 

2017 թվականի նոյեմբերին AECOM-ը մասնակցել էր Երեւանում «Նոյ» ազգագրական շրջանի կառուցման հայեցակարգերի մրցույթին, որը նախաձեռնել էր Հայաստանի Զարգացման հիմնադրամը:

 

2018 թվականի սեպտեմբերին AECOM-ը ավարտել էր Կասպից ծովում Azeri Central East (ACE) նավթային նախագծի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը (ESIA)։

 

AECOM-ը ակտիվորեն համագործակցել է Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի (ՎԶԵԲ) հետ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրերի մշակման համար Սամարղանդում (Ուզբեկստան) եւ Տիրանայուն (Ալբանիա)։

 

5.    Ի՞նչ խնդիրների է բախվել AECOM-ը:

 

2005 թվականին AECOM-ը ներգրավված էր Նոր Օրլեանում Կատրինա հովվամրրիկի վերականգնողական աշխատանքներում եւ 11,8 մլն դոլար վճարեց՝ ԱՄՆ Դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը (FEMA) ներկայացված կեղծ պահանջների մեղադրանքները կարգավորելու համար:

 

AECOM-ի նախկին ֆինանսական վերահսկիչ Հասան Ֆորմանը պնդում էր, որ Աֆղանստանում ընկերությունը հաշիվներ էր ներկայացնում չմատուցած ծառայությունների համար։

 

Violation Tracker ծառայության տվյալներով, AECOM-ին եւ նրա դուստր ընկերություններին 2000 թվականից ի վեր դուրս են գրվել տուգանքներ՝ ընդհանուր 134,3 մլն դոլարի չափով։

 

Չնայած նշված եւ այլ խնդրահարույց հարցերին, AECOM-ը պահպանում է իր կարգավիճակը Fortune 500 ցուցակում եւ առաջատար դիրքերը ոլորտում։

 

6.    Ի՞նչն է կապում AECOM-ը Թրամփի հետ:

 

AECOM-ի ինժեներական թիմը ներգրավված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Սպիտակ Տան տարածքում կառուցվող հանդիսությունների սրահի աշխատանքներում: 

 

Սրահը կառուցելու համար 2025 թվականին ապամոնտաժվել էր Սպիտակ Տան մի հատվածը: Ամերիկյան մամուլի հրապարակումների համաձայն, դա արվել էր առանց համապատասխան մարմինների թույլտվության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին