Ֆրանցիսկոս Պապը եւ հայերը. 9 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
1943 դիտում

Ֆրանցիսկոս Պապը եւ հայերը. 9 հարց ու պատասխան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` REUTERS

Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին
Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Միքայել Մինասյանը եւ Վիգեն Սարգսյանը 2016թ.՝ Հռոմի Պապի այցի օրերին
Միքայել Մինասյանը եւ Վիգեն Սարգսյանը 2016թ.՝ Հռոմի Պապի այցի օրերին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` REUTERS


2025թ. ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ով իրավամբ վայելում էր հայ ժողովրդի եւ Հայաստանի բարեկամի բարի համբավը:

 

1.    Ի՞նչ էր ասել ՀՀ նախագահը Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողության առիթով:

 

2013 թվականի մարտի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում ներկա էր գտնվել Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապ գահակալության արարողությանը:

 

Սերժ Սարգսյանն ասել էր, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում: Նախագահը նշել էր, որ «Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում»:

 

2.    Ի՞նչ որակում էր տվել Ֆրանցիսկոս Պապը 1915 թվականի իրադարձություններին:

 

2015 թվականի ապրիլին Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ պատարագի ժամանակ ասել էր, որ հայերի կոտորածները «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:

 

«Չարիքի կոծկումը կամ դրա ժխտումը նման է առանց վիրակապի բաց վերքի, որը շարունակում է արյունահոսել»,- ասել էր նա:

 

Տեղեկանալով, որ Հռոմի Պապը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետաձգել էր նույն օրը կայանալիք իր մամուլի ասուլիսը:

 

3.    Ի՞նչ կարգախոս էր ընտրել Պապը հայաստանյան այցի համար:

 

2016 թվականի հունիսի 24-ից 26-ը կայացած այցի կարգախոսն էր «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

 

Հռոմի Պապի՝ Հայաստան այցի տարբերանշանը շրջանաձեւ էր, որի հիմքում Խոր Վիրապի վանքի եւ բիբլիական Արարատ լեռան պատկերներն էին:

 

4.    Ի՞նչ էր ասել Ֆրանցիսկոս Պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բարիգալստյան արարողության ժամանակ:

 

Կաթոլիկ եկեղեցու առաջնորը, մասնավորապես, ասել էր.

 

«Տիրոջը գոհություն եմ մատուցում ձեր ժողովրդի հավատի լույսի համար, հավատ, որը Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը եւ նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մոտ: Քրիստոսը Ձեր փառքն է, ձեր լույսը, արեգակը, որը ձեզ լուսավորեց եւ նոր կյանք պարգեւեց, որ ձեզ ուղեկցեց եւ սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին: Խոնարհվում եմ Տիրոջը, որ հայ ազգը եղավ առաջինը 301թ., որն ընդունեց քրիստոնեությունը, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմում դեռ շարունակվում էին բորբոքվել հալածանքները:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել զգեստ, որը կարելի է հագնել կամ հանել՝ պարագաների կամ առիթներով պայմանավորված, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի, ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Տերը թող օրհնի ձեզ հավատի այս օրինակելի պահպանման համար»:

 

5.    Ի՞նչ հեռագիր էր հղել Ֆրանցիսկոս Պապը Էրդողանին:

 

Հայաստան ուղեւորվելիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հեռագիր էր ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Լուսանկարը` REUTERS

«Հայաստան ուղեւորվելիս եւ Թուրքիայի օդային տարածքով թռչելիս՝ հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձերդ Գերազանցությանը եւ Ձեր ժողովրդին՝ աղոթելով, որ Բարձրյալն իր օրհնությունը շնորհի ձեր ժողովրդին», - ասված էր հեռագրում:

 

6.    Ի՞նչ անակնկալ էր գրանցվել այցի ընթացքում:

 

2016 թվականի հունիսի 24-ի երեկոյան Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին Երեւանում ամփոփել էր Ֆրանցիսկոս Պապի այցի առաջին օրը:

 

Նա, մասնավորապես, ասել էր.

 

«ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրառել է եւ՛ Մեծ եղեռն, եւ՛ ցեղասպանությունը բառերը՝ նկարագրելու 1915թ.-ի դեպքերը: Պապը նախկինում բազմիցս ասել է, որ դա ցեղասպանություն է եղել: Մենք երբեւէ չենք ժխտել, որ դա այդպես է եւ Նորին Սրբությունը պատճառ չէր տեսնում ցեղասպանություն բառն այսօր էլ  չկիրառելու համար:

Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին

Լուսանկարը` REUTERS

Պապը նախօրոք հաստատել էր այսօրվա իր ելույթի տեքստը, որի սկզբնական տարբերակում չի եղել «ցեղասպանություն» բառը: Անհերքելի է, որ այսօր նա որոշեց ավելացնել «ցեղասպանություն» բառը նախապես գրված տեքստում: Նա մտածեց դա, եւ որոշեց ավելացնել այդ եւ ուրիշ բառեր: Այդ հարցում նրա վրա որեւէ ճնշում, պարտադրանք չի եղել ոչ մեկի կողմից: Նա պատրաստել էր տեքստը, այն մեզ հանձնել, մենք էլ այն նախապես բաժանել էինք մամուլին: Բայց մենք ձեզ ասել ենք միշտ, որ Պապը իր ելույթներում սովորաբար վերջին վայրկյանին փոփոխություն է անում»:

 

7.    Ո՞ւմ էր հատուկ օրհնություն շնորհել Ֆրանցիսկոս Պապը:

 

2019 թվականի հոկտեմբերի 2-ին Վատիկան կատարած այցի ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել էր Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը:

 

Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն եւ Չո Լա Աունը:

 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները խնդրել էին Նորին Սրբության օրհնությունը:

 

Պատվիրակությունը ներկայացրել էր նաեւ #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն եւ մաս կազմելով մարդասիրական շարժման:

Լուսանկարը` «Ավրորա»

«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի եւ Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ հանդիպումները լավ առիթ էին՝ ամփոփելու արածը եւ վերագնահատելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու  համաշխարհային ազդեցությունը: Այնուամենայնիվ, մեր գործը դեռ նոր է սկսվել: Այս ամիս Երեւանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումին մենք կքննարկենք համաշխարհային մարտահրավերները՝ փորձելով գտնել լուծումներ»,- նշել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

8.    Ինչի՞ համար էր Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնել Ֆրանցիսկոս Պապին:

 

2024 թվականի նոյեմբերին Վատիկան կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Ֆրանցիսկոս Պապին հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

«Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին», - ասվում էր վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

9.    Հայ պաշտոնյաներից ո՞ւմ է պարգեւատրել Ֆրանցիսկոս Պապը:

 

2016 թվականի մարտին Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին պարգեւատրել էր Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:

Միքայել Մինասյանը եւ Վիգեն Սարգսյանը 2016թ.՝ Հռոմի Պապի այցի օրերին Միքայել Մինասյանը եւ Վիգեն Սարգսյանը 2016թ.՝ Հռոմի Պապի այցի օրերին

Լուսանկարը` Մեդիամաքս

Շքանշանը ՀՀ դեսպանին էր հանձնել Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

2023 թվականի հոկտեմբերին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր հանձնել Ֆրանցիսկոս Պապի կողմից շնորհված Պիոս Պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին