5 հարց ու պատասխան Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի մասին - Mediamax.am

exclusive
5977 դիտում

5 հարց ու պատասխան Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի մասին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ամերիկյան եւ եվրոպական թերթերն ամեն օր հարյուրավոր հոդվածներ են հրապարակում Եվրոպայում էներգակիրների պակասորդի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հարց ու պատասխան, որոնք կազմել ենք ամերիկյան The New York Times- ում եւ բրիտանական The Telegraph-ում հրապարակված հոդվածների հիման վրա:

 

1. Ի՞նչ է տեղի ունեցել:

 

Բնական գազի եւ ածխի գները Եվրոպայում եւ Ասիայում հասել են ռեկորդային մակարդակի, նավթի գները Ամերիկայում հասել են ռեկորդային բարձր մակարդակի վերջին յոթ տարվա ընթացքում, իսկ մեկ գալոնի դիմաց բենզինի գինը ԱՄՆ բենզալցակայաններում նախորդ տարվա համեմատ աճել է մեկ դոլարով:

Լուսանկարը` REUTERS

Եթե գալիք ձմեռը սաստիկ լինի, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ, ապա աղքատ եւ նույնիսկ միջին խավի որոշ ներկայացուցիչներ չեն կարողանալու վճարել ջեռուցման դիմաց:

 

2. Ինչու՞ է դա տեղի ունեցել։

 

Խոշոր տնտեսությունները վերցրել են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պարտավորություն՝ ավելի կեղտոտ վառելիքի օգտագործումից հրաժարվելով: Երկրներից շատերը կատարում են այս անցումը ՝ չսպասելով, որ շուկան վերականգնվող աղբյուրներից բավականաչափ էներգիա արտադրելու հնարավորություն ունենա:

 

Քանի որ «անցումային» վառելիքը բոլորին չի բավարարում, նրանք փորձում են հնարավորինս շատ բնական գազ գնել, ինչի արդյունքում Ռուսաստանը հայտնվում է ծայրահեղ շահավետ դիրքերում, իսկ գազի գներն արագընթաց կերպով աճում են: Եվրոպական գազի գները վերջին տարվա ընթացքում աճել են գրեթե 500% -ով:

 

3. Արդյո՞ք մեղավորը COVID-19 է։

 

Համաճարակը խորը տնտեսական անկում առաջացրեց, ինչն էլ բերեց նավթի եւ գազի գների անկմանը: Դա, իր հերթին, ստիպեց բանկերին սառեցնել ներդրումները գազի եւ նավթի արդյունահանման ոլորտում: Սակայն տնտեսությունը սկսեց վերականգնվել կանխատեսվածից ավելի արագ, զուգահեռ վերականգնվեց էներգառեսուրսների պահանջարկը, սակայն արդյունաբերությունը չկարողացավ բավարարել այն:

 

4. Ի՞նչ կապ ունի Իրանը:

 

Թոմաս Ֆրիդմանը The New York Times-ի իր հոդվածում գրում է, որ այս էներգետիկ ճգնաժամը համընկնում է միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունների ճգնաժամի հետ, «որից Դոնալդ Թրամփը չմտածված կերպով դուրս եկավ 2018 թվականին»:

 

«Մեզ վրա ճնշում գործադրելու համար Իրանը վերսկսել է ուրանի հարստացումը այն մակարդակի վրա, որը, ըստ ամերիկյան պաշտոնյաների, թույլ կտա Թեհրանին մի քանի ամսվա ընթացքում ստանալ բավականաչափ նյութ մեկ ռումբ ստեղծելու համար: Ի՞նչ կլինի, եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը որոշեն, որ անհրաժեշտ է հարված հասցնել Իրանի միջուկային ծրագրին 1973 թվականից ի վեր ամենածանր էներգետիկ ձմռան պայմաններում: Իսկ ի՞նչ կլինի, եթե Իրանը պատասխանի Պարսից ծոցում, որտեղ գտնվում է Քաթարը՝ հեղուկ գազի աշխարհի խոշորագույն արտահանողը, ամերիկյան կամ արեւմտյան նավթատար տանկերների հրթիռակոծմամբ: Իրանը անսպասելիորեն նոր ազդեցության լծակ ձեռք բերեց. եթե հարձակվեք մեզ վրա, կսնանկացնեք ամբողջ աշխարհը: Եթե ես կարողացա գալ այս գաղափարին, ապա իրանցիներն էլ կարող են», - գրում է Ֆրիդմանը:

 

5. Ի՞նչ է ասում Պուտինը:

 

Վլադիմիր Պուտինը բացատրում է եվրոպական շուկաներում տիրող «հիստերիան եւ խառնաշփոթը» վերականգնվող էներգիայի աղբյուրներին չափազանց կտրուկ անցմամբ: Նա ասել է, Արեւմուտքում տարածված էներգետիկ ճգնաժամի պատճառը «անհավասարակշիռ լուծումներն» են եւ «կտրուկ շարժումները»:

Լուսանկարը` REUTERS

Հոկտեմբերի 6-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել շուկաների կայունացմանը եւ կարող է այս տարի արտահանել գազի ռեկորդային ծավալներ: Նա հանձնարարել է կառավարությանը առաջարկություններ պատրաստել էներգետիկ շուկաների կայունացման վերաբերյալ:

 

«Եկեք մտածենք շուկայում առաջարկի հնարավոր ավելացման մասին, սակայն դա պետք է զգուշորեն արվի: Մեզ սպեկուլյատիվ աժիոտաժ պետք չէ», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին