Փաշինյան եւ Լուկաշենկո. 6 դրվագ «համատեղ քաղաքական կյանքից» - Mediamax.am

exclusive
4311 դիտում

Փաշինյան եւ Լուկաշենկո. 6 դրվագ «համատեղ քաղաքական կյանքից»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


2020թ․ օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Վարչապետի այդ որոշումը միանշանակ չընդունվեց Հայաստանում՝ հաշվի առնելով այն, որ Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում, որոնց մասնակիցները պնդում են, որ 26 տարի երկիրը ղեկավարած Լուկաշենկոյի վարչակազմը կեղծել է ընտրությունների արդյունքները:

 

Մեդիամաքսը որոշեց մի քանի դրվագ ներկայացնել Փաշինյանի եւ Լուկաշենկոյի քաղաքական հարաբերություններից։

 

1․ Ի՞նչ «փոխհրաձգություն» էր ծավալվել Լուկաշենկոյի եւ Փաշինյանի միջեւ 2018 թվականին։

 

2018 թվականի նոյեմբերին Բելառուսի նախագահը Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, եւ դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար։

 

«Սակայն դա չի նշանակում, որ մենք ճնշել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Փաշինյանը պետք է կառավարությունում պարզապես հասկանա իրավիճակը: Արդյո՞ք կկարողանա Հայաստանը», - ասել էր Լուկաշենկոն:

 

ՀՀ ԱԳՆ-ն այս հայտարարությունը որակել էր ոչ կոռեկտ՝ նշելով. «Սա ի ցույց  է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու»։

 

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ նրա արած հայտարարության առնչությամբ եւ ասել, որ «որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ»։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Բելառուսի ԱԳՆ-ն կոշտ պատասխան էր տվել Փաշինյանի հայտարարությունը․ «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի»։

 

2․ Ի՞նչ գործարք էր դատապարտել Փաշինյանը։  

 

2018 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «մենք դատապարտում ենք Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքը զինտեխնիկայի մատակարարման մասին»:

 

Նա ավելացրել էր, որ այդ գործարքը «ուղղված է ընդդեմ Հայաստանի շահերի եւ խաթարում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) էությունը»:

 

3․ Ի՞նչ «մեղադրանք» էր ուղղել Լուկաշենկոն Փաշինյանին։  

 

2018 թվականի դեկտեմբերին Բելառուսի նախագահն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում Ռուսաստանի առաջ:

 

«Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը եւ չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից»,- Բելառուսի նախագահի հայտարարությանն այսպես էր արձագանքել Հայաստանի վարչապետի խոսնակը։

 

4․ Ինչո՞ւ էր Փաշինյանն առաջարկում, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար «հավերժ» լինի Բելառուսի ներկայացուցիչը:  

 

2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել էր ՀԱՊԿ-ի խնդիրների մասին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը սառցասարի գագաթն է: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել էր Փաշինյանը:

 

5․ Ինչպե՞ս էր Լուկաշենկոն շնորհավորել Փաշինյանին։

 

2019 թվականի հունվարի 14-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին։

 

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Բելառուսի եւ Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա եւ կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասել էր նա։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

6․ Ո՞ր հարցում էին համակարծիք Լուկաշենկոն եւ Փաշինյանը։

 

2020 թվականի ապրիլին 4-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ԵԱՏՄ երկրները հայտնվել են ճգնաժամի մեջ՝ ունենալով էներգետիկ ռեսուրսների գնի չլուծված խնդիրը:

 

Իսկ ապրիլի 7-ին Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Ռուսաստանից ներկրվող գազի գնի հարցը՝ արձանագրելով, որ այն գերագնահատված է:

 

2020 թվականի հուլիսի 17-ին էլ՝ Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ ասել էր․ «Եվրասիական տնտեսական միությունում, սկզբունքորեն, մենք եւ դուք նույն խնդիրներն ունենք»:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին