1945-ի մայիսի 8. Չերչիլի եւ դե Գոլի «հեռակա վեճը» - Mediamax.am

exclusive
14881 դիտում

1945-ի մայիսի 8. Չերչիլի եւ դե Գոլի «հեռակա վեճը»


Ուինսթոն Չերչիլը եւ Շառլ դը Գոլը Մառակեշում 1944 թվականին
Ուինսթոն Չերչիլը եւ Շառլ դը Գոլը Մառակեշում 1944 թվականին

Լուսանկարը` Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն


The Guardian թերթը հրապարակել է հոդված, որը հիմնված է Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվի հրապարակած՝ Ռազմական կաբինետի փաստաթղթերի վրա: Հոդվածում ասվում է, որ Ուինսթոն Չերչիլը մտավախություն ուներ, որ Ֆրանսիայի առաջնորդ Շառլ դը Գոլը Եվրոպայում տարած հաղթանակի համատեղ հայտարարությունը կհրապարակի՝ առաջ անցնելով ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդներից: «Պարզաբանում» շարքի հերթական թողարկումը հիմնված է The Guardian-ի հոդվածի վրա:

 

Ի՞նչպիսի պայմանավորվածություն էին ձեռք բերել Ստալինը եւ Թրումանը

 

Սովետական ​​ Գերագույն հրամանատարությունը եւ Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Դուայթ Էյզենհաուերը Գերմանիայի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթղթերը ստացան 1945 թվականի մայիսի 7-ին, առավոտյան 02:41-ին:

 

Նույն օրը, ժամը 18:30-ին մեկնարկած Մեծ Բրիտանիայի Նախարարների կաբինետի հանդիպման սղագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի եւ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի միջեւ ընթացած երկարատեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Եվրոպայում պատերազմի ավարտի մասին «երեք մեծ տերությունները» պաշտոնապես կազդարարեն մայիսի 8-ին. ժամը 09:00-ին՝ Վաշինգթոնում, 15:00-ին`Լոնդոնում եւ 16:00-ին` Մոսկվայում:

 

Ի՞նչ էր պատրաստվում անել Դը Գոլը

 

Նիստի սղագրության մեջ ասված է.  

 

«Կառավարության անդամներին տեղեկացվել է, որ գեներալ դը Գոլը մտադիր է հայտարարել Գերմանիայի պարտության մասին ռադիոյով՝ մայիսի 7-ին, ժամը 20:00-ին նախատեսված իր ելույթի ժամանակ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առ այն, որ դը Գոլին պետք է տեղեկացնել Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների եւ ԽՍՀՄ կառավարությունների հայտարարությունների պլանների համաժամանակեցման մասին եւ առաջարկել, որպեսզի նա հետաձգի իր հայտարարությունը մինչեւ մայիսի 8-ի համապատասխան ժամը: Սակայն, եթե նա հրաժարվի հետեւել այս խորհրդին, ապա նրա նկատմամբ հավելյալ ճնշում գործադրելու հնարավորություն չի լինի»:

 

Դը Գոլը վերջին պահին համաձայնել է հետաձգել իր երեկոյան ելույթը եւ սկսել այն Չերչիլի հետ միաժամանակ՝ մայիսի 8-ին:

 

Ինչի՞ց էր դժգոհ դը Գոլը

 

Փաստաթուղթը, որում ներկայացված են Ֆրանսիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալֆրեդ Կուպերի եւ Լոնդոնում դը Գոլի կաբինետի ղեկավար Գաստոն Պալեւսկու զրույցի մանրամասները, լույս է սփռում դը Գոլի դժգոհության հնարավոր պատճառի վրա:

 

Պալեւսկին հայտնել էր Կուպերին, որ «գեներալն երեկ շատ վրդովված էր. պատճառը ԱՄՆ դեսպանի կողմից ուղարկված հաղորդագրությունն էր, որի համաձայն գրավյալ Գերմանիայի ֆրանսիական գոտին չի ներառի Քյոլն քաղաքը»:

 

«Դը Գոլը բացառիկ կարեւորություն է տալիս Քյոլնին ռազմավարական նկատառումներով. նա այդ ամենը վերջերս բացատրեց ինձ քարտեզի միջոցով»,- գրել էր Կուպերը Չերչիլին ուղարկված ​​հեռագրում:

 

Ի՞նչ էր գրել Չերչիլը դը Գոլի այցի մասին

 

Մայիսի 8-ին, ժամը 11:55-ին Չերչիլը հեռագիր էր ուղարկել Ալֆրեդ Կուպերին Փարիզ՝ «հույժ գաղտնի» մակագրությամբ.

 

«Մենք պետք է հետագայում քննարկենք այդ գեներալի այցն այստեղ: Միգուցե իմաստ ունի, որպեսզի ես հանդիպեմ նրա հետ՝ առանց մեծ ուշադրություն գրավելու, մոտ ժամանակներս Ֆրանսիա կատարելիք իմ այցի ընթացքում, բայց նախապես պետք է իմանամ, որ նա դուռը չի շրխկացնի, եւ ես այդ պատճառով որեւէ անախորժություն չեմ ունենա»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին