2019թ. ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ հրավիրված
Խորհրդակցության ժամանակ:
«Մեդիամաքս»-ը «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մասին վարչապետի ելույթի առավել կարեւոր հատվածները:
1. Ու՞մ պետք է թիրախավորի նոր օրենքը:
Կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին:
2. Ո՞րոնք են օրենքի նախագծի միջազգային հիմքերը:
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում:
Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որեւէ վերապահման՝ 2007 թվականին:
2011 թվականին «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողով է ձեւավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները:
2017 թվականին հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջեւ խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում եւ վերջիններիս միջազգային փորձն աշխարհում:
3. Ո՞վքեր են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը եւ անդամները:
2008 թվականից հանձնաժողովը ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, ֆինանսների նախարարի տեղակալը եւ եւս վեց՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
4. Պատժիչ, թե՞ կանխարգելիչ:
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որեւէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, եւ ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաեւ հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետեւանքներ»:
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը եւս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:
5. Ի՞նչ հարցեր պետք է լուծվեն:
Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:
Ես կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որեւէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների հետ:
Այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել եւ փաստաբաններ են վարձել եւ հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում եւ ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, եւ այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով եւ հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձեւավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: