Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչվել է «Հորիզոն 2020 Twinning» ծրագրի հաղթող։ Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում Ուղեղի նախաձեռնության թողարկման եւ Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձեւավորման համար:
Ի՞նչ նպատակներ եւ գիտական արժեք ունի Ուղեղի նախաձեռնության ծրագիրը, եւ ինչպե՞ս է հաջողվել շահել դրամաշնորհը, «Մեդիամաքս»-ը «Պարզաբանում» խորագրում փորձել է պարզել գիտական թիմի ղեկավար պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանից։
1. Ի՞նչ նպատակներ ունի Ուղեղի նախաձեռնության ծրագիրը։
Ուղեղի նախաձեռնության մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման 2013 թվականի ապրիլին՝ ուղեղի հետազոտությունը հռչակելով գիտության զարգացման առաջնահերթություն: Նախաձեռնությունը նպատակաուղղված է բուժելու Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը եւ կաթվածի հետեւանքները, ինչպես նաեւ ավելի լավ հասկանալու ուղեղը եւ պարզելու՝ ինչպես է մարդը մտածում, սովորում եւ հիշում:
Օբամայի հայտարարությունից կարճ ժամանակ անց Ուղեղի նախաձեռնությունը գրավեց բազմաթիվ գիտնականների ուշադրությունը: Դա պայմանավորված էր նախաձեռնության արդիականությամբ։ Չնայած ոլորտի հանդեպ գիտնականների մեծ ուշադրությանն ու ներգրավվածությանը, բազմաթիվ բացահայտումներին, ուղեղը շարունակում է մնալ «անհայտ» օրգան, իսկ ուղեղի հիվանդությունների 90 տոկոսը շարունակում է մնալ անբուժելի:
Լուսանկարը` Անի Գ. Գրիգորյանի
«Մենք բավական բարդ ճանապարհ ենք սկսել ուղեղի հետազոտությունների ոլորտում: Երբ փորձում ենք ընդգրկվել որեւէ համաշխարհային կամ եվրոպական նախագծում, թիվ մեկ խնդիրը ոչ թե նյութական կամ մարդկային ռեսուրսներն են, այլ այն, թե որ դաշտում ունենք փորձաքննություն, այսինքն՝ որքանով ենք ճանաչված եւ ընդունված տվյալ բնագավառում: Հենց սա հանդիսացավ այն շարժիչ ուժը, որն ուղղորդեց մեզ դեպի մեր նպատակակետը՝ դառնալ համաշխարհային փորձագետ նեյրոգիտության մեջ»,- ասում է Կոնստանտին Ենկոյանը:
2. Որքա՞ն ներդրումներ եւ գիտական ի՞նչ ներուժ է պահանջում ծրագիրը։
Ծրագիրը կպահանջի մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Առաջին խոշոր ներդրումն արդեն իսկ կատարվել է՝ շահելով «Հորիզոն 2020 Twinning» ծրագիրը:
«Հաշվի առնելով նախագծի հսկայածավալ փաթեթը՝ տրամաբանական է ակնկալել, որ այն պահանջելու է ֆինանսական անընդհատ հոսք, միաժամանակ՝ գիտական ներուժի մեծացում: Հուսադրող է այն հանգամանքը, որ արդեն իսկ ձեւավորվել է հստակ խումբ, որը կլինի լոկոմոտիվը եւ իր հետ առաջ կտանի ավելի ուշ միացող մեծ թիմին: Այստեղ առանձնահատուկ հպարտությամբ պետք է նշեմ ծրագրի խորհրդատվական խորհրդի անդամների մասին, ովքեր ոլորտի համաշխարհային դեմքերից են, եւ ում դերը ծրագրի մրցունակության ապահովման գործում անուրանալի է: Նրանց թվում է 2004 թվականի նոբելյան մրցանակակիր Ահարոն Չեհանովերը, Ուղեղի ծերացման եւ Ալցհեյմերի հիվանդության հետազոտությունների «Գլխավոր ճարտարապետ», մեր հայրենակից Զավեն Խաչատուրյանը, ինչպես նաեւ գիտության քաղաքականության թելադրողներ տարբեր երկրներից: Լիահույս եմ, որ նրանց աջակցությունը ծրագրի իրականացման ընթացքում եւս կտա շոշափելի արդյունքներ»,- ասում է պրոֆեսորը:
3. Գիտական առումով ի՞նչ արժեք է ներկայացնում ծրագիրը եւ ինչպիսի՞ կիրառություններ կարող է ունենալ։
Ծրագիրն ընդգրկում է նեյրոգիտության ոլորտի երեք կարեւորագույն ուղղությունը՝ Ալցհեյմերի հիվանդություն, աուտիզմ, վերականգնում կաթվածից:
Ըստ գիտնականների՝ դրանցից ցանկացածում գեթ մեկ հիմնարար բացահայտումը կայծակնային արագությամբ կբարձրացնի Հայաստանի գիտական տեսանելիությունն ու միջազգային վարկանիշը։
Ուղեղը միջհամակարգային ուսումնասիրության օբյեկտ է, ուստի ծրագիրն իր առանցքի շուրջը համախմբելու է տարբեր ոլորտի մասնագետների։
Լուսանկարը` Անի Գ. Գրիգորյանի
«COBRAIN ծրագրի գիտական արժեքի մասին խոսելիս չենք կարող անտեսել մի շատ կարեւոր հանգամանք. այն մեզ հնարավորություն է տալու ունենալ սեփական ուժերով ու միջոցներով ստեղծված աշխատանքներ, դառնալ մյուսների համար ցանկալի գործընկեր, այլ կերպ ասած՝ ունենալ մեր «բրենդը»»,- ասում է Կոնստանտին Ենկոյանը:
4. Ինչպե՞ս է հաջողվել շահել դրամաշնորհը։
Նման դրամաշնորհ շահելու համար թիմը պետք է ունենա շոշափելի գիտական նվաճումներ, ինչպես նաեւ հրապարակումներ հեղինակավոր միջազգային պարբերականներում։ «Հորիզոն 2020» ծրագրին դիմելու դեպքում նշված պահանջներին գումարվում է նաեւ եվրոպական հետազոտական կենտրոնների հետ համագործակցության, համապատասխան ենթակառուցվածքի, սարքերի ու սարքավորումների առկայությունը:
Դրամաշնորհին դիմելու գործընթացը, ըստ պրոֆեսորի, եղել է ամենօրյա տքնաջան աշխատանք: «Բացի ծրագրի շեմային պահանջները բավարարելուց, անհրաժեշտ էր հաղթահարել նաեւ, այսպես կոչված, հոգեբանական պատնեշը այն առումով, որ մեր ունեցած մարդկային եւ նյութական սուղ միջոցներով հնարավոր չէ ներկայացնել մրցունակ նախագիծ»:
Այս տարի 400-ը գերազանցող հայտից ֆինանսավորման է երաշխավորվել ընդամենը 8 տոկոսը: Անցողիկ շեմը հաղթահարել են 93 տոկոս եւ ավելի միավորներ հավաքած նախագծերը: Հայ գիտնականների նախագիծը ստացել է հնարավոր առավելագույն միավորի 97 տոկոսը:
5. Ուղեղի նախաձեռնության ծրագրի համատեքստում «Հորիզոն 2020» դրամաշնորհն ի՞նչ նշանակություն ունի։
«Մեր նախագիծն առանձնանում է նրանով, որ ստանալով միջազգային փորձագետների գնահատականը՝ այն դառնում է գիտության բնագավառում այնպիսի ինստիտուցիոնալ ռազմավարական ծրագիր, որն ուղղված է գիտության զարգացմանը հենց Հայաստանում, քանի որ թիմը շարունակելու է մնալ մեր երկրում եւ կյանքի կոչել իր նախաձեռնած գերազանցության ծրագիրն այստեղ:
Թիմի հաջողության շղթայական ռեակցիան հայրենիք է բերելու հարյուրավոր տաղանդավոր երիտասարդների եւ կայացած գիտնականների, ովքեր ուղեղների արտահոսքի խնդրի հետեւանքով արդյունավետ գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում»,- ասում է Կոնստանտին Ենկոյանը:
6. Ի՞նչ հեռանկարներ ունի ծրագիրը Հայաստանում եւ աշխարհում։
Բժշկական համալսարանի գիտական առաջնահերթություններում ուրույն տեղ ունի նեյրոգիտությունը, ուստի գիտնականների հեռահար հետազոտական նպատակների շարքում առանձնանում է Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի հիմնադրումը, որը միտված է ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանն ու մարդու ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը:
«Այս համատեքստում ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու եւ գերազանցության հասնելու ընդգրկուն նախաձեռնության իրականացման համար մշակված ծրագրերի շարքում COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ կլինի: COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական եւ նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային եւ դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա»,- նշում է պրոֆեսորը:
Լուսանկարը` Daniela Girotti
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր կառուցվածքային միավոր՝ Հետազոտությունների եւ գիտելիքի փոխանցման կենտրոն, որի նպատակը կլինի մշակել ու զարգացնել բիզնես-նախագծեր՝ ուղղված հետազոտական գործունեության արդյունքների առեւտրայնացմանը: Թյուբինգենի եւ Լունդի համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում՝ Հետազոտությունների եւ գիտելիքի փոխանցման կենտրոնը կնպաստի նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքի հաստատմանը, երիտասարդ հետազոտողների հմտությունների կատարելագործմանը, հետազոտական կարիերայի հնարավորությունների ընդլայնմանը, գիտական համագործակցության դաշտի խթանմանը եւ այլն։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Անի Գ. Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: