Աճառյանի անտիպ նամակներն ու «վայրենի» լեզուների քերականությունը - Mediamax.am

exclusive
2621 դիտում

Աճառյանի անտիպ նամակներն ու «վայրենի» լեզուների քերականությունը


Հրաչյա Աճառյանը
Հրաչյա Աճառյանը

Լեզվաբան Հրաչյա Աճառյանի նամակների զգալի մասը անհատական արխիվներում է: Աճառյանի կինը՝ Սոֆյա Աճառյանը, փաստել է, որ ամուսնու նամակներն ամբողջությամբ ի մի բերել հնարավոր չէ.

 

«Դժբախտաբար, Աճառյանը չունի իր թղթակցությունների կանոնավոր, ամբողջական արխիվը: Դա բացատրվում է առավելապես այն իրողությամբ, որ Աճառյանը անհատի պաշտամունքի տարիներին խուսափում էր լայն թղթակցական կապեր պահպանելուց: Այդ տարիներին նա նույնիսկ վառեց, անհետ փչացրեց կարեւոր բազմաթիվ թղթակցություններ ու նամակներ: Աճառյանի գրած եւ ստացած նամակները, սակայն, լոկ կենցաղային հարցերի, անձնական փոխհարաբերությունների արտահայտություններ չեն, այլ առավելապես արտացոլում են գիտական մտահոգություններ» («Բազմավէպ», 1968, N 1-3):

Աճառյանին ձերբակալել էին 1937-ին: 2,5  տարի նա անազատության մեջ էր: Ու այդ շրջանում անհետացավ նաեւ Աճառյանի նամակը՝  ուղղված Ստալինին: Նամակը գրվել էր 1937-ի սեպտեմբերի 29-ին հաջորդած օրերին, գիտնականի խոշտանգումներից հետո: Նամակը գրված էր հայերենով:  Ռուսերեն էր թարգմանել Աճառյանի բանտակիցը՝ տնտեսագետ Զաքար Բաշինջաղյանը: Ըստ բանասեր Գեւորգ Աբգարյանի վկայության՝ Աճառյանը նամակը սկսել է «Հայր մեր»-ի լատիներեն թարգմանությամբ (Գ.Աբգարյան, «Հայ տպագրության պատմություն», Երեւան, 2001, էջ 53-54):

 

Ամուսնու մահից հետո Սոֆյա Աճառյանը նախաձեռնում է  ամբողջացնել եւ հրատարակել եղած նամակները: Դիմում է սփյուռքի բոլոր խմբագրատներին, մտավորականներին, որոնց հետ Աճառյանը նամակագրություն էր ունեցել: Խնդրանքին արձագանքում է նաեւ նյույորքաբնակ բանասեր, լեզվաբան, իրանագետ ու թարգմանիչ Միհրդատ Թիրյաքյանը, որը 1971 թ.-ին Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանին է նվիրում նամակների իր հավաքածուն, ինչպես նաեւ հոր՝ բժիշկ, արեւելագետ ու թարգմանիչ Հարություն Թիրյաքյանի հայագիտական արխիվը:

 

Միհրդատ Թիրյաքյանի արխիվում են Հրաչյա Աճառյանի՝ Թիրյաքյանին ուղղված 15  նամակները՝ գրված 1933-1937 թթ.: Դրանք վերծանել է տատիկս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը. նամակներն առանձնատիպով նրա անձնական արխիվում են:

 

Ներկայացնում ենք հատվածներ Աճառյանի նամակներից:

 

Միհրդատ Թիրյաքյանին

15 մայիսի, 1934,  Երեւան

 

Ձեր վերջին խոսքերը, որով փափաք կհայտնեիք մեզ մոտ «Երեւանում» ըլլալ եւ մեր ընկերությունը վայելել, խորապես հուզեցին ինձ։ Կհավատամ որ ատիկա մեր բոլոր բանիմաց հայրենակիցներու ալ փափաքն Է։ Երեւանը հիմա մյուզե մըն Է, ամեն տեսակ հայեր՝ սկսյալ սպահանցիներե մինչեւ Պոլիս, Ռոդոսթո, Փարիզ, Լոնդոն եւ Ամերիկա, ունինք հոս։ Աշխատողի համար անհուն նյութ կա լեզվական, հնագիտական, պատմական, ազգագրական եւ այլ եւ այլն։ Այս տարի կլիման ալ սքանչելի կերթա, ձմեռր շատ ցուրտ չէր, գարունր երկար եղավ եւ դեռ ամառվան կիզիչ տաքերը հեռու են. աշուն արդեն սքանչելի է: Եթե ոչ իմ հրավերը, գոնե բնության ձայնը չպիտի ուզեիք լսել դուք ալ եւ ուրիշ շատերու նման ճամբորդություն մը ելլեիք դեպի այս կողմ։ Իմ կողմես պատրաստ պիտի գտնեք ամեն հյուրընկալություն. մեծ ու լուսավոր սենյակ մր ունիմ մեծ փողոցի վրա, անիկա Ձեր տրամադրության տակ կդնեմ ամբողջապես։

 

Մարտի 3, 1936, Երեւան

 

Հիմա Զեզմե ծանր խնդիր մը ունիմ։

 

Ձեռնարկած եմ կազմելու ընդհանուր քերականություն մը, որ միանգամայն հայերենի համեմատական քերականությունը պիտի ըլլա՝ իր բոլոր բարբառներով միասին։ Ծրագիրը քիչ մը տարօրինակ է:  Որեւէ քերականական երեւույթ կքննեմ հետեւյալ ձեւով, նախ ընդհանրապես աշխարհիս բոլոր լեզուներուն մեջ, հետո հնդեվրոպական լեզվախմբին մեջ, հետո կմասնավորես խոսքը գրաբարի վրա, կանցնիմ միջին հայերենին, հետո աշխարհաբարին ՝ իր բոլոր բարբառներով։

 

Ամբողջը կենթադրեմ  8 000 էջ, որուն կեսը գրած եմ արդեն։ Նկատի առած եմ առայժմ 85 լեզու, որոնց մեջ են ճաբոներեն, չինարեն, աննամերեն, հոթենթոթ, սվահիլի, հինդուստանի, չուվաշերեն, ջուվայերեն եւ այլն, եւ այլն։

 

Այս բոլոր լեզուներու քերականությունը կարդացած եմ։

 

Ամերիկյան լեզուներեն ունեմ միայն Կարրիեր կոչված լեզուն (Morice The Carrier Language), Աթապասկ, անգլիական, Կոլումբիա, շատ մանրակրկիտ գործ մը), բայց պետք ունիմ կարդալու, դեռ շատ ուրիշ լեզուներու քերականություններ, որոնք ձեռք բերել շատ դժվար է։ Կարո՞ղ էիք արդյոք օգնել ինծի այս գործիս մեջ։ Ձեր օգնությունը ինչքան ալ փոքր ըլլա՝ շնորհակալությամբ ընդունելի է ինձ։ Ամերիկայի մեջ 400 վայրենի լեզու կա. որ մեկին հասնիմ. կա նույնիսկ Նյու-Յորքին մեջ առանձին ընկերություն մը նույն վայրենիներու լեզուները քննելու եւ շատ մը գրքեր հրատարակած է: Կապ ունի՞ք այս ընկերության եւ կամ անոր որեւէ մեկ անդամին հետ։ Ի՞նչ միջոցներ կարելի է գտնել զանազան վայրենիներու լեզուներու վրա մեյ մեկ քերականություն ձեռք բերելու եւ կարդալու համար։ Ինծի չեն հետաքրքրեր այդ լեգուներու ծագումը, բառերու ստուգաբանությունը, իրարու հետ համեմատությունը, այլ միայն եւ միայն նկարագրական քերականությունը, որ կարդալե հետո հանձն կառնիմ ետ դարձնել անվթար: Այս մասին կխնդրեմ, որ իմ խնդիրս աչքաթող չընեք…

 

Թիրաքյանն ուղարկել է Աճառյանի խնդրած աշխատությունը, ինչի մասին տեղեկանում ենք Աճառյանի հաջորդ նամակներից.

 

8 սեպտեմբեր, 1936, Երեւան

 

Ամերիկյան 10 լեզվի քերականությունը վերջացուցի. մեծապես օգտակար եղավ ինձ, մանավանդ էսքիմոսերեն  քերականությունը, որուն շատ կկարոտեի։ Եթե առիթ ունենաք ձեռք ձգելու Մալայան-Պոլինեզյան եւ Ովկիանյան (Ավստրալիա) լեզուներու վրա նմանօրինակ աշխատություն մր, նույնիսկ կարդալէ հետո ետ ղրկելու պայմանով, չափազանց շնորհակալ պիտի ըլլամ...

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին