Անհայտ փաստեր Հրաչյա Աճառյանի մասին - Mediamax.am

exclusive
30626 դիտում

Անհայտ փաստեր Հրաչյա Աճառյանի մասին


Հրաչյա Աճառյանը 1904թվականին Շուշիում
Հրաչյա Աճառյանը 1904թվականին Շուշիում

Լուսանկարը` ԳԱԹ-ի Աճառյանի ֆոնդից

Աճառյանը՝ երկրորդ կնոջ՝ տիկին Սոֆիկի հետ
Աճառյանը՝ երկրորդ կնոջ՝ տիկին Սոֆիկի հետ

Լուսանկարը` «Անեկդոտներ իմ մասին» գրքից

Աճառյանի առաջին կինը՝ տիկին Արուսյակը
Աճառյանի առաջին կինը՝ տիկին Արուսյակը

Լուսանկարը` ԳԱԹ-ի Աճառյանի ֆոնդից

Աճառյանի ձեռագիրը
Աճառյանի ձեռագիրը

Լուսանկարը` ԳԱԹ ֆոնդ, (նամակ՝ Ա. Չոպանյանին, 1943 թ.21.09)

Աճառյանը՝ դստեր՝ Քնարիկի հետ
Աճառյանը՝ դստեր՝ Քնարիկի հետ

Լուսանկարը` «Անեկդոտներ իմ մասին» գրքից


Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանի» չորս հատորը մեր բնակարանի ամենաերեւացող տեղում էր, հեռուստացույցի հարեւանությամբ: Հայրս՝ լեզվաբան Վիգեն Ավագյանը, աշխարհում երբեւէ տեղի ունեցած ամենահրաշալի ու զարմանալի բանը համարում էր Աճառյանի «Լիակատար քերականություն  հայոց լեզվի՝ համեմատած 562 լեզուների» աշխատությունը: Հայերենի քերականությունը համեմատել աշխարհի 562 լեզուների հետ, պատկերացնու՞մ եք:

 

Տատիկս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը, մտերիմ էր Աճառյանի երկրորդ կնոջ՝ տիկին Սոֆիկի հետ, եւ մայրիկիս հաճախ իր հետ տանում էր նրանց տուն:  Մայրիկիս զարմանքը շարժել էր ոչ այնքան հայերենի քերականության  համեմատությունը աշխարհի 562 լեզուների հետ, այլ թե ինչպես են Աճառյանները հաջողացրել Մաշտոցի պողոտայում գտնվող իրենց բնակարանում, որն, ի դեպ, երրորդ հարկում էր,  …կով պահել: 

 

Երբ օրերս տատիկիս արխիվում գտա գրականագետ Արամ Երեմյանի (1) անտիպ նամակները Միհրդատ Թիրյաքյանին (2), եւ այդ նամակներում կարդացի հուշեր Աճառյանի մասին, չգիտես ինչու՝ հիշեցի այդ կովի պատմությունը:

 

Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում այսօր էլ աշխատում է Հրաչյա Աճառյանի թոռը՝ Քնարիկ Աճառյանի որդին: Դարձյալ՝  Հրաչյա Աճառյան (նա վերցրել է պապի ազգանունը): Պարոն Աճառյանը հաստատեց՝  այո՜, կովը եղել է:

Աճառյանը՝ դստեր՝ Քնարիկի հետ Աճառյանը՝ դստեր՝ Քնարիկի հետ

Լուսանկարը` «Անեկդոտներ իմ մասին» գրքից

1937 թվականին Աճառյանին ձերբակալել էին: 800 օր բանտում հալածանքների ու խոշտանգումների ենթարկված գիտնականը սաստիկ հյուծվել էր: 1939-ի դեկտեմբերի 19-ին, բանտից ազատվելուց հետո, նրան հատուկ սնունդ էր ցուցված: Եվ ստիպված են եղել որոշ ժամանակ բնակարանում կով պահել…

 

«Մեծ գիտնականն իր անձնական կյանքում տարօրինակ սովորություններ ուներ, շատ բծախնդիր էր եւ մաքրասիրությունը հասցրել էր ծայրահեղության: Հաց գնելու համար անգամ գնում էր հացավաճառի խանութը, կանգնում փռի մոտ եւ եփած հացը դնել էր տալիս իր ձեռքում պատրաստ ունեցած կերպասի մեջ, փաթաթում եւ միամիտ սրտով վերադառնում էր տուն: Ուրիշի ձեռքով բռնված հացը նա երբեք չէր ուտում: Կերակուր ուտելուց առաջ իր ձեռքերը մաքրելու համար ուներ իր հատուկ օճառը. ուրիշներն իրավունք չունեին օճառը գործածելու: Եզակի աշխատող էր. երբ հոգնում էր գրելուց, հինգ վայրկյան հանգստանում էր սեղանի մոտ դրված ներքնակի վրա: Սիրում էր նաեւ հանգստյան ժամանակ մի բաժակ օշարակ խմել»:

 

Լեզվաբան Հրաչյա Աճառյանի մասին այս հիշողության հեղինակը գրականագետ Արամ Երեմյանն է: Նրա 15 անտիպ նամակները՝ ուղղված  Միհրդատ Թիրյաքյանին, տատիկիս անձնական արխիվում են…

Աճառյանը՝ երկրորդ կնոջ՝ տիկին Սոֆիկի հետ Աճառյանը՝ երկրորդ կնոջ՝ տիկին Սոֆիկի հետ

Լուսանկարը` «Անեկդոտներ իմ մասին» գրքից

Ա. Երեմյանի նամակներում հիմնականում գրականագիտական հարցեր են շոշափվում, սակայն նրա հուշերը Աճառյանի մասին նպատակահարմար գտանք հրապարակել՝ վստահ, որ դրանք հետաքրքիր են ոչ միայն գրականագետներին:

 

Արամ Երեմյանը Նոր Ջուղայում ուսուցչություն անելու տարիներին Հրաչյա Աճառյանի հետ հանդիպելու առիթներ է ունեցել: 1967 թ. մարտի 4-ին Մ. Թիրյաքյանին ուղղած նամակում գրում է.

 

«Նոր Ջուղայի բարբառն ուսումնասիրելու համար 1919 թվականին եկավ (Աճառյանը-Լ.Ա.) Նոր Ջուղա: Ամեն կերպ օգնեցի իրեն՝ Նոր Ջուղայի բարբառը հարազատությամբ խոսող ծեր մարդկանց հետ ծանոթացնելով: Այդ շրջանում էլ տվեց երկու դասախոսություններ՝ նյութ ունենալով հայ մշակույթը եւ գրականությունը: Այնուհետեւ, 1924 թվին, հանդիպեցի իրեն Երեւանում: Հրավիրեց ինձ իր համեստ բնակարանը, որ ծանոթանամ իր այնքան սիրած կյանքի ընկերուհու՝ Արուսյակի (3) հետ:

Աճառյանի առաջին կինը՝ տիկին Արուսյակը Աճառյանի առաջին կինը՝ տիկին Արուսյակը

Լուսանկարը` ԳԱԹ-ի Աճառյանի ֆոնդից

Այդ օրն էլ ծանոթացրեց ինձ հոյակապ աշխատանքների հետ, որոնք մեծ մասամբ արտագրված էին Արուսյակի ձեռքով: Գեղեցիկ ու գրավիչ ձեռագրով գրված հատորները Աճառյանը առանձին գուրգուրանքով դասավորեց իր սեղանի վրա, երբ ծանոթացրեց ինձ ձեռագիր մատյանների հետ: Չմոռանամ ընդգծելու, որ Արուսյակը շատ համեղ կերակուրներ էր պատրաստում, իսկ Աճառյանը ժպտադեմ կրկնում էր. «Հայկական է: Պարսկական է»: Ճաշին ինձ պահեցին իրենց մոտ, որ վայելեմ «հայկական եւ պարսկական» կերակուրները: Մի կետ մոռացա.1919 թվականին Նոր Ջուղայի հոգեւոր դասի պարծանքը եղող արժանապատիվ տեր Գարեգին քահանա Կիրակոսյանը նոր էր վերջացրել իր խմբագրած պարսկերեն եւ հայերեն բառարանը (4): Գիտնական քահանան ջերմորեն ցանկացավ, որ Աճառյանն իր բառարանի հետ ծանոթանա: Այդ նպատակով, մի առավոտ Աճառյանի հետ գնացինք տեր հոր մոտ: Սիրալիր հյուրասիրության ժամանակ Աճառյանին խնդրեցի, որ հաճի բառարանի համար մի սիրուն առաջաբան գրել, չմերժեց: Բառարանի սկզբում այժմ կգտնեք այդ արժեքավոր առաջաբանը: Նույն շրջանում էլ Սպահանի Փերիա գավառի հայաբնակ գյուղերը շրջելով՝ տպագրության համար պատրաստել էր «Սպահանի Փերիա գավառը» հատորը, որի առաջաբանը նույնպես գրեց Հ. Աճառյանը՝ ընդգծելով ազգագրական գրականության նշանակությունը (5)»:

 

Աճառյանի մասին տեղեկություններ, նրա կյանքի մանրամասներն իմանալու ամենահավաստի ու հետաքրքիր աղբյուրը հենց լեզվաբանի հուշերն են: Կյանքի վերջին տարիներին, հիվանդ օրերին, նա իր հուշերը պատմել է, որոնք գրի են առել դուստրը, սիրելի ուսանողները: 1967 թ.-ին լույս տեսավ «Կյանքիս հուշերից» գիրքը: Գրքում ոչինչ չկա 1937 թվականի ձերբակալության մասին: 1998-ին, հայրիկիս դոկտորական ատենախոսության պաշտպանությանը ներկա լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը (6) ներկաներիս մի պատմություն պատմեց, որն իրեն անձամբ Աճառյանն էր պատմել:

Աճառյանի ձեռագիրը Աճառյանի ձեռագիրը

Լուսանկարը` ԳԱԹ ֆոնդ, (նամակ՝ Ա. Չոպանյանին, 1943 թ.21.09)

Երբ 1937 թվականին Աճառյանին ձերբակալում են՝ հիմք ընդունելով անգլիական հետախուզությանը իբրեւ թե նրա անդամակցության մասին եղած տվյալները: Մեղադրանքում ասվում էր, թե 1918 թվականին անգլիացիների կողմից Ադրբեջանի բռնազավթման շրջանում Աճառյանը Բաքվում հավաքագրվել է անգլիացիների կողմից ու աշխատել նրանց օգտին: Եվ որ՝ ԵՊՀ-ում դասավանդելիս՝ «մեղադրյալ Աճառյանը թշնամական դիրք է գրավել լեզվաբանության մարքսիստական զարգացման հարցի նկատմամբ»: 2 տարի 3 ամիս լեզվաբանը բանտում է անցկացրել՝ խոշտանգումների ենթարկվելով:

 

Տարիներ անց Աճառյանն ընկերական խմբում պատմել է, որ քննիչը Աճառյանին ստիպել է ապացուցել, որ իր կինը՝ Արյուսակը, եղել է ոչ թե լրտես, այլ եղել է հենց իր կինը: Աճառյանը բերել է բոլոր հնարավոր ապացույցները, սակայն քննիչը դրանք ոչ հավաստի է համարել: Այդ ժամանակ Աճառյանը հուսահատված բացականչել է. «Եթե իմ կինը չէր, ու՞մ կինն էր»:

 

18 լեզվով ազատ խոսող, «Լիակատար քերականություն  հայոց լեզվի՝ համեմատած 562 լեզուների», Արմատական բառարանի հեղինակը, ըստ ժամանակակիցների վկայության, չափազանց սրամիտ ու կատակասեր էր:

 

«Կյանքիս հուշերից» ինքնակենսագրության մեջ Աճառյանն ինքն էլ, հիշելով Կոմիտասի հետ Էջմիածնում անցկացրած տարիները, պատմում է, թե երկուսով որքան սիրում էին կատակել, բեմադրել Պարոնյանի գործերից զվարճալի կտորները:

 

Յուրաքանչյուր նոր բառ նրա հետաքրքրության տիրույթում էր: Հակոբ Ոսկերչունին 1930 թվականին պատմել է, որ Աճառյանը փողոցով անցնելու ժամանակ տեսնում է, որ երկու գյուղացի կռվում են: Մեկը, բազմաթիվ հայհոյանքների մեջ գործածում է մի անծանոթ բարբառային բառ: Աճառյանն իսկույն մեջ է մտնում.

 

-Խնդրեմ այդ հայհոյանքը մի անգամ էլ կրկնեցեք (7):

 

Լիլիթ Ավագյան

 

1. Արամ Երեմյան, 1898-1972, հայ գրականագետ, արվեստաբան: Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը: 1915 թ.-ից աշխատել է Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում՝ իբրեւ ուսուցիչ: Նոր Ջուղայում աշխատած տարիներին էլ հանդիպել էր Հրաչյա Աճառյանին:

 

2. Միհրդատ Թիրյաքյան , 1885-1979: Ավարտել է Ցյուրիխի համալսարանը, թարգմանել է Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից հատվածներ:

 

3. Առաջին կնոջ՝ Արուսյակի հետ Աճառյանը 1923 թ.-ին վերադարձել է Հայաստան՝ դասավանդելու ԵՊՀ-ում: Երկու տարի անց, 1925 թ.-ին, Արյուսակը մահացել է: Ըստ Գառնիկ Ստեփանյանի «Աճառյանի հետ» հուշագրության` «Արուսյակը վախճանվել էր հոգեկան խախտման փոթորկոտ արտահայտության պայմաններում» (Երեւան, 1976, էջ 31):

 

4. Խոսքը Գարեգին Կիրակոսյանի՝ 1919 թվականին կազմած «Պարսկերեն-հայերեն» բառարանի մասին է, որը հրատարակվել է 1933 թ.-ին:

 

5. 1919թ.-ին հրատարակվել է «Սպահանի Փերիա գավառը», Նոր Ջուղա:

 

6. Գեւորգ Ջահուկյան, 1920-2005, լեվաբան, հայագետ, Աճառյանի աշակերտներից: 

 

7. «Անեկդոտներ իմ մասին» ,Երեւան, 2008, ԳԱԹ, կազմել է Հրաչյա Աճառյան կրտսերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Պահոց | Հունիս 29, 2024 10:19
Բաց կապույտ սենյակը
Մեր ընտրանին