Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում մայիսի վերջին բացվել է «Մայր Հայաստան» ցուցադրությունը։ Ներկայացված էսքիզներն ու նախագծերը պատմում են, թե ինչպես է ստեղծվել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանը, եւ թե ինչպես է 17 տարի անց՝ 1967 թվականին, Ստալինի ապամոնտաժված արձանի տեղում կանգնեցվել «Մայր Հայաստանը»։
Քանդակագործ Արա Հարությունյանը պատմում էր, որ դժվար էր ստեղծել քաղաքի, երկրի պահապան ու միաժամանակ ժողովրդի խորհրդանիշ արձան։
Լուսանկարը` Մեդիամաքս
Բայց դա միակ դժվարությունը չէր։ Նա ստիպված էր արձանը տեղադրել մի պատվանդանի վրա, որը դրա համար նախագծված չէր։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ։ Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ։ Իսկ պատվանդանի ուղղահայաց ձեւերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով։ Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը։ Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաեւ հանելու պատրաստակամությունը...»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էլ հաղթանակի հուշահամալիրը բնորոշում էր որպես ճարտարապետական արվեստի գործերում նախատիպը չունեցող։
«Դա պահանջում էր նոր մոտեցում, նոր ձեւերի որոնումներ, արձանը պետք է հնչեր նորովի՝ պատվանդանի ակտիվ մասնակցությամբ եւ նոր մեկնությամբ»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է, որ արխիվային նյութերն ուսումնասիրելիս՝ հետաքրքիր բացահայտում են արել։
Մայր Հայաստանի՝ մեզ հայտնի կերպարը զրոյից չի ստեղծվել։ 19-րդ դարում արդեն կար տարածված կերպար՝ ողբացող կինը՝ նստած ավերակներին, որոնց վրա հայկական տեղանուններ էին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Իմ սերունդը Մայր Հայաստանի այս կերպարը կապում էր Ցեղասպանության հետ։ Բայց պարզվում է, որ 19-րդ դարի առաջին կեսին այն արդեն գոյություն է ունեցել։ Մենք տեսնում ենք նույն ողբացող երիտասարդ կնոջը 19-րդ դարի հայկական զինանշանի վրա, որը, ճիշտ է, պետական որեւէ գործածություն չուներ, բայց ազգային էր։ Ցուցադրել ենք նաեւ այդ պատկերի գործածությունը ծխախոտի, լուցկու ու դիմափոշու տուփի վրա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հետո եկավ 1918 թվականը՝ Առաջին հանրապետությունը։ Թերթերից մեկում տեսնում ենք, որ այս կինն արդեն վեր է կացել, սուրն առել է ձեռքը եւ կանչում է Առաջին հանրապետության համար պայքարի, եւ նրան շրջապատում են կառավարության անդամները։ Իսկ 1919 թվականի թերթի առաջին էջին Մայր Հայաստանի ձեռքին արդեն խաղաղության կանչող արմավենու ճյուղ է, մյուսին՝ մեզ ծանոթ 19-րդ դարի զինանշանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սուրը հետո մենք տեսանք Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանի, իսկ արմավենու ճյուղը՝ Գյումրիի «Մայր Հայաստանի» ձեռքին»,-ասում է Մարկ Գրիգորյանը։
Մայր Հայաստանի կերպարի զարգացումն ու փոփոխությունը ցուցադրության մի մասն են։ Արխիվային նյութերը տրամադրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ օգոստոս։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: