Ֆեյսալ II-ից մինչեւ Ռեյգան եւ մեր օրեր՝ 104-ամյա լուսանկարչի կյանքն ու հուշերը - Mediamax.am

exclusive
1851 դիտում

Ֆեյսալ II-ից մինչեւ Ռեյգան եւ մեր օրեր՝ 104-ամյա լուսանկարչի կյանքն ու հուշերը


Աղասի Այվազյանը
Աղասի Այվազյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Գուրգեն Յանիկյանը
Գուրգեն Յանիկյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Գեւորգ Էմինը
Գեւորգ Էմինը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Էդվարդ Իսաբեկյանը
Էդվարդ Իսաբեկյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Ռաֆայել Իսրայելյանն ու Արա Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրի բացմանը
Ռաֆայել Իսրայելյանն ու Արա Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրի բացմանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Հրայր Մարուխյանը
Հրայր Մարուխյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Առնո Բաբաջանյանը
Առնո Բաբաջանյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Տիգրան Պետրոսյանը
Տիգրան Պետրոսյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Սոս Սարգսյանը
Սոս Սարգսյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Լուսինե Զաքարյանը, Ցոլակ Հովսեփյանը եւ Ռաիսա Մկրտչյանը
Լուսինե Զաքարյանը, Ցոլակ Հովսեփյանը եւ Ռաիսա Մկրտչյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Վիլյամ Սարոյանն ու Ցոլակ Հովսեփյանը
Վիլյամ Սարոյանն ու Ցոլակ Հովսեփյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Սոս Սարգսյանը եւ Ցոլակ Հովսեփյանը
Սոս Սարգսյանը եւ Ցոլակ Հովսեփյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան


Նա լուսանկարել է աշխարհահռչակ մարդկանց՝ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների, արաբական արքայական ընտանիքների անդամներին: 104-ամյա ամերիկաբնակ լուսանկարիչ Ցոլակ Հովսեփյանն ամբողջ մոլորակն է ոտքի տակ տվել ու նախորդ դարաշրջանն իր հայտնի դեմքերով դրոշմել ժապավենին:

 

- Դուք ծնվել եք 1918թ. փետրվարի 18-ին Բաղդադում՝ նույն թվականին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։

 

- Ճիշտ այդպես։ Ծնվել եմ այնտեղ, որտեղ հոսում են Տիգրիս եւ Եփրատ գետերը։ Այդ տարիները լավ եմ հիշում: Բաղդադում բնակվում էր 25 հազար հայ, ովքեր զբաղվում էին շինարարությամբ եւ տարբեր արհեստներով, սովորում էին Թարգմանչաց ազգային դպրոցում։ Արաբ Ջազի թագավորի օրոք հայերին Բաղդադում հող տրվեց, եւ նրանք սկսեցին նոր կյանք կառուցել Իրաքում, ինչպես ես։

 

- Դժվա՞ր է եղել Ձեզ համար։

 

- Դե, քանի որ ես լուսանկարիչ եմ, ժամանակի ընթացքում հասցրեցի ծանոթություն հաստատել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ հենց թագավորի։ Ֆեյսալ II-ի օրոք բացեցի լուսանկարչական ստուդիա։ Եվ մի օր թագավոր Ֆեյսալն ինձ հրավիրեց իր պալատ՝ նկարելու։ Որոշ ժամանակ անց ես արդեն նկարում էի ձիասպորտի թագավորական մրցումները, եւ Իրաքի նախարարներն ինձ անձնագիր տվեցին, որը թույլ էր տալիս ազատ ճանապարհորդել աշխարհի ցանկացած երկիր: 1947-ին Հայաստան տեղափոխվելու եւ հաստատվելու գաղափար ունեի, բայց տարբեր պատճառներով չստացվեց: Իսկ իմ երկու եղբայրներին, ովքեր հայրենադարձներ էին, աքսորվեցին Սիբիր։

 

- Ինչպե՞ս որոշեցիք լուսանկարիչ դառնալ:

 

- Երբեք չէի երեւակայել, որ կարող եմ լուսանկարիչ դառնալ, սակայն պայմանների բերումով ստիպված եղանք ստուդիա բացել։ Քանի որ դեռ փոքր էի, ավելի մեծ երեւալու համար սկսեցի բեղեր դնել: Եղբորս հետ բացեցինք ստուդիա, այն միանգամից լավ ճանաչում ձեռք բերեց այդ շրջանում։ Գուցե եւ ավելի լավ նկարիչներ էլ կային, բայց մեր ստուդիան միանգամից սկսեց զարգանալ: Այն Բաղդադի սրտում էր եւ կարծես ակումբ լիներ: Քաղաքի բոլոր հետաքրքիր դեմքերը՝ ընդհուպ մինչեւ նախարարներ եւ վարչապետ ամեն ուրբաթ գալիս էին մեր ստուդիա:

 

- Այդ տարիներին կապ պահպանե՞լ եք Հայաստանի հետ։

 

- Միշտ: Երբ 1966 թվին տեղափոխվեցի ԱՄՆ, ինձ համար բավականին դժվար էր ամեն ինչ նորից սկսելը։ Մի օր թերթում մի հայտարարություն կարդացի. «1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում կբացվի Սարդարապատի հուշահամալիրը»։ Հետո որոշեցի գալ Հայաստան։ Եկա, առաջին անգամ ոտք դրեցի հայկական հողի վրա։ Սարդարապատի հուշահամալիրի հանդիսավոր բացման, հայ մտավորականության ու քաղաքական գործիչների հետ հանդիպումների մասին անվերջ հիշողություններ ունեմ, այս ամենը փաստագրել եմ ֆոտոխրոնիկայի մեջ։

Ռաֆայել Իսրայելյանն ու Արա Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրի բացմանը Ռաֆայել Իսրայելյանն ու Արա Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրի բացմանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Առաջին անգամ այցելեցի Օպերայի եւ բալետի թատրոն, դիտեցի «Արա Գեղեցիկ» ներկայացումը։ Խաղում էր իմ լավ բարեկամ Խորեն Աբրահամյանը, ում, ի դեպ, հետո լուսանկարել եմ։ Հիմա, իհարկե, ինձ համար արդեն դժվար է ամեն տարի գալ, բայց նախկինում եւ մինչեւ վերջերս էլ հաճախ էի այցելում Հայաստան:

 

- Կարո՞ղ եք նշել ամենահայտնի մարդկանց, որոնց լուսանկարել եք:

 

- Ես լուսանկարել եմ բազմաթիվ աշխարհահռչակ մարդկանց՝ քաղաքական, մշակույթի, հասարակական գործիչների, արաբական աշխարհում՝ նաեւ թագավորական ընտանիքների։ Լուսանկարել եմ իմ հայտնի ժամանակակիցներին՝ Իրաքի թագավորին, Իրանի թագուհուն, Ջոն Քենեդիին, Ռոնալդ Ռեյգանին, Վազգեն Առաջին կաթողիկոսին, Վիլյամ Սարոյանին, Ջիմի Քարթերին, Արմին Վեգներին, Կոստան Զարյանին, Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին եւ շատ-շատերին: Իմ լուսանկարչական արխիվն իրոք հսկայական է:

 

- Գիտեմ, որ ձեր լուսանկարած հերոսներից շատերի հետ մտերիմ եք եղել, մասնավորապես՝ Վիլյամ Սարոյանի, Առնո Բաբաջանյանի, Սոս Սարգսյանի... Ինչպե՞ս եք ծանոթացել նրանց հետ:

 

- Սարոյանի հետ շատ մտերիմ ենք եղել: Հիշում եմ, որ ընկերներով ուզում էինք իր գրական աշխատանքի առթիվ երեկո կազմակերպել նրա համար, սակայն անչափ համեստ էր այդ հսկա մարդը: Համեստ եւ շատ ամաչկոտ։ Նա չցանկացավ, ասաց, չէ, շատ շնորհակալ եմ, չեմ ուզում մեկ անգամ ավել ինձ գովեն: Ի դեպ, «մեծ» մարդկանց մեջ հաճախ եմ տեսել այդ համեստությունը։ Եվ սա մարդուն ավելի արժեքավոր է դարձնում, ավելի մեծ։ Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այդ համեստ մարդկանցից էր, նա այս առումով շատ նման էր Սարոյանին։

Տիգրան Պետրոսյանը Տիգրան Պետրոսյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Սարոյանի հետ ծանոթացել եմ Ֆրեզնոյում: Երբ Սարոյանը Հայաստան է գալիս, Հայաստանի գրողների միությունը Սարոյանին մի գորգ է նվիրում։ Եվ երբ այդ գորգը հասնում է Ամերիկա, մենք պետք է տանեինք այդ գորգը եւ հասցնեինք Ֆրեզնո՝ Սարոյանին: Ես եւ իմ ընկեր Մայքլ Մինասյանը Լոս Անջելեսից գնացինք նրան գորգը հանձնելու: Հիշում եմ՝ շատ մեծ ու գեղեցիկ գորգ էր: Հասանք տեղ, փռեցինք գորգը իր սենյակում եւ ուզեցինք քայլել։ Սարոյանն ասաց՝ «Մի քայլեք վրայով, մի քայլեք, սա իմ հայրենիքից է եկել»։ Ես էլ կատակեցի, ասացի՝ ընկեր Սարոյան, գորգը որքան հին լինի, երբ վրայով քայլես, ավելի կարժեւորվի: Այդ օրվանից սկսեց մեր մտերմությունը, եւ երբ Հայաստանից գալիս էին երաժշտական, գրական, մշակութային խմբեր, Սարոյանը միշտ մասնակցում էր մեր երեկոներին:

Վիլյամ Սարոյանն ու Ցոլակ Հովսեփյանը Վիլյամ Սարոյանն ու Ցոլակ Հովսեփյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Առնո Բաբաջանյանը սքանչելի մարդ էր եւ շատ հայրենասեր: Եկավ Ամերիկա, ընկերներով տարանք Լաս Վեգաս, վերջում ասաց՝ հիացած եմ, ինչ խոսք, բայց միեւնույն է՝ Հայաստանն ուրիշ է:

Առնո Բաբաջանյանը Առնո Բաբաջանյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Ինչ վերաբերում է Սոսին, ապա նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել նրա մասին. այնքան բան կա հիշելու, Սոսն իմ ընկերն էր, եղբայրս, հայրս, նա, առանց չափազանցության, աստվածային շնորհքով էր օժտված։

Սոս Սարգսյանը Սոս Սարգսյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Սոսի հետ մեր ընկերությունը սկսեց գաղափարականով եւ վերածվեց եղբայրականի, միասին շատ ուրախ պահեր ենք  անցկացրել։ Մահից առաջ Սոսը հասցրեց գրել իմ ալբոմի նախաբանը, որտեղ խոսում էր մեր ավելի քան 40 տարվա եղբայրական ընկերության մասին։

Սոս Սարգսյանը եւ Ցոլակ Հովսեփյանը Սոս Սարգսյանը եւ Ցոլակ Հովսեփյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Այսպիսի մեծ մարդկանց շնորհիվ է, որ ապրում եմ, նրանք ինձ ուժ տվեցին, օգնեցին ինձ ամեն հարցում, հոգով միշտ ինձ հետ էին, չնայած մեզ բաժանող կիլոմետրերին։

 

- Ձեր ամենասիրած ուտեստն ամառային տոլման է, ճի՞շտ է: Ամերիկայում ո՞վ էր Ձեզ համար պատրաստում այն:

 

- Օ, դա պատմական հարց է: Այստեղ ընկերուհիներ ունեի, որ ինձ համար պատրաստում էին, սակայն պետք է ասեմ, որ, միեւնույն է, ամենահամեղ ամառային տոլման ճաշակել եմ Հայաստանում, ընկերներիցս մեկի՝ Արամ Գրիգորյանենց տանը։ Նրա մայրը շատ համեղ էր պատրաստում այն, մինչեւ հիմա  չեմ մոռանում:

 

- «Բոլորը գնացին դրամի հետեւից, ես գնացի կանանց հետեւից». սրանք ձեր խոսքերն են։ Կմեկնաբանե՞ք:

 

- Ահահա։ Այո, սա հետաքրքիր պատմություն է: Ուրեմն, «Հորիզոն» լրատվականն ու «Ասպարեզ» լրատվականը միասին մի շենքում էին, եւ մենք ընկերներով երկրորդ հարկում վերնատուն էինք բացել: Դադարի ժամ էր, ընկերներով զրուցում էինք, ամեն մեկն իր մասին էր խոսում: Ընկերներիցս մեկը, ով արմատներով Արցախից էր, պատմում էր, որ ընկերներով նվագախումբ էին բացել, գնում էին Մոսկվա եւ լավ գումար աշխատած վերադառնում, մյուս ընկերս, ով Թեհրանից էր, պատմեց, որ եկել է Ամերիկա եւ շատ դժվարություններ է տեսել, սակայն հիմա լավ գումար է աշխատում:

Լուսինե Զաքարյանը, Ցոլակ Հովսեփյանը եւ Ռաիսա Մկրտչյանը Լուսինե Զաքարյանը, Ցոլակ Հովսեփյանը եւ Ռաիսա Մկրտչյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Հերթը հասավ ինձ, ես էլ ասացի՝ սիրելի ընկերներ, անկեղծ ասեմ, հիմա իմ գրպանս դատարկ է։ Այս խոսակցության ժամանակ դիմացի սենյակից Ալիսա  Պետրոսյանը՝ լուրերի մեկնաբանը, ասաց. «Ընկեր Ցոլակ, ասե՞մ՝ թե ինչու է գրպանդ դատարկ»։ Ասացի՝ ինչո՞ւ։ Պատասխանեց. «Բոլորը գնացին դրամի հետեւից, դուք՝ կանանց հետեւից»:

 

- Կարելի՞ է ասել, որ դա է նաեւ ձեր երկարակեցության գաղտնիքներից մեկը:

 

- Թույլ տվեք պատմել իմ գաղտնիքը։ Դե, իհարկե, ոչ առանց իգական սեռի մասնակցության, բայց պատճառն առաջին հերթին իմ ընկերներն են, իմ ընկերասիրությունն ու անկեղծությունը, հույզերս։ Բոլոր հիվանդությունները նյարդերից են։ Իմ դեպքում դա նաեւ կիրք է գաղափարի, աշխատանքի, իմ հայրենիքի նկատմամբ։

Գուրգեն Յանիկյանը Գուրգեն Յանիկյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Ես 87 տարի Դաշնակցության անդամ եմ, փորձել եմ ու փորձում եմ որքան կարող եմ օգտակար լինել Հայրենիքիս ու մեր ժողովրդին։ Մինչեւ վերջերս ամեն տարի նախ Ֆրանսիայում, իսկ հետո՝ Հայաստանում այցելում էի իմ լավագույն եւ իսկական ընկերներից մեկի՝ սպարապետ Դրոյի շիրիմին, ով ժողովրդի համար դժվար պահերին քաջություն է հաղորդել հայ ժողովրդին։

Հրայր Մարուխյանը Հրայր Մարուխյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Ես միշտ էլ ակտիվ մարդ եմ եղել եւ պարզապես ժամանակ չունեմ որեւէ տհաճ բանի մասին մտածելու համար։ Իսկ անցած տարի գնացի քննություն հանձնելու՝ վարորդական իրավունքս երկարաձգելու համար։ Փաստաթուղթը գործում է մինչեւ 2031թ., ասում եմ՝ հետմահու էլ են տվել: Հիմա ուզեն թե չուզեն մտերիմներս ու ընտանիքս պետք է ինձ դիմանան (ծիծաղում է – հեղ.):

 

- Ինչպե՞ս ծանոթացաք Ձեր կնոջ հետ:

 

- Ամենափոքրն էի մեր հինգ եղբայրներից եւ շատ չար էի՝ դպրոցից սկսած մինչեւ ամուսնությունս: Այդ ժամանակ արդեն բացել էի ստուդիան: Հեռավոր բարեկամներից մի կին զանգեց եւ ասաց , որ իր աղջիկն համալսարանի բակալավրի պետական քննություն պետք է հանձնի, առավոտյան դժվար է հասնել համալսարան, եւ քանի որ դու մեքենա ունես, եթե կարող ես, իրեն տեղ հասցրու: Ինձ համար միայն ուրախություն էր: Առավոտյան գնում էի վերցնում այդ աղջկան, ճանապարհից էլ՝ մեկ այլ աղջկա, ու տանում էի տեղ հասցնում: Յոթ օրվա ընթացքում այնպես սիրահարվեցի, որ հենց ճանապարհին էլ՝ մեքենայի մեջ ասացի, որ ուզում եմ ամուսնանալ հետը: Բախտը բերեց՝ ամուսնացանք:

 

- Լսել եմ, կա պատմություն՝ կապված մի երգի հետ, որ ճակատագրական է դարձել Ձեր կյանքում:

 

- Երբ ես եւ Գոհարը ամուսնացանք, տուն կառուցեցինք Տիգրիսի ափին: Երկու հարկանի տուն էր, մեր ննջասենյակն էլ երկրորդ հարկում էր: Ամեն առավոտ արթնանալուց հարբուխ էր սկսվում մոտս: Զարմանում էի, թե ինչու է ամեն առավոտյան լինում այդպես: Մի օր նկատեցի, որ սենյակի մի պատուհանը բաց է, իսկ նա գնում, մյուսն էլ է բացում: Ասացի՝ մյուսը մի բացիր, միջանցիկ քամի է լինում։ Նա կարեւորություն չտվեց եւ բացեց: Ասացի՝ լսիր, եթե վաղն էլ նույն կերպ բացես պատուհանը, կհավաքես իրերդ ու կգնաս մորդ տուն: Հաջորդ օրը պառկելուց գնաց նորից բացեց երկրորդ պատուհանը: Այդ պահին լուրջ բարկացա, ասացի՝ առավոտյան կհավաքես իրերդ ու կգնաս մորդ տուն։ Լույսը անջատել էի, երկուսս էլ չէինք կարող կարդալ, կողքիս ռադիո կար, միշտ հայկական ալիքներ էի լսում: Միացրի ռադիոն, եւ հենց այդ պահին հանկարծ հնչեց «Ցոլակ ջան, դարդ մի էրա, կնգադ հետ յոլա գնա» երգը՝ Ռոզի Արմենի կատարմամբ: Այդ երգն էլ մեզ հաշտեցրեց: Հետո, երբ Ֆրանսիա այցելեցի, գնացի եւ Ռոզի Արմենին շնորհակալություն հայտնեցի մեզ հաշտեցնելու համար:

 

- Կա՞ որեւէ բան, որ կցանկանայիք փոխանցել կրտսեր սերնդին։

 

- Նախ անդրադառնանք մասնագիտությանը։ Լավ մասնագետ, օրինակ՝ լուսանկարիչ դառնալու համար բավական չէ միայն լուսանկարել սովորելը, դա պետք է ներսից բխի, պետք է մեծ սեր ունենալ դեպի արվեստը։

Գեւորգ Էմինը Գեւորգ Էմինը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Եվ առաջին հերթին պետք է ազնիվ լինել։ Դուք պետք է խոսեք մարդու հետ, հասկանաք անհատականությունը, հոգին, ապա նոր փորձեք լուսանկարել նրան, եւ այդ ժամանակ արդյունքը կգոհացնի ձեզ: Նույնը վերաբերում է կյանքին առհասարակ։ Ազնվությունը ցանկացած գործում հաջողության գրավականն է: Երիտասարդնե՛ր, ազնիվ եղե՛ք: Կյանքում չկա ավելի մեծ արժեք, քան ազնվությունն ու անկեղծությունը։ Մենք պետք է լինենք մաքուր, սրտաբաց, առանց հետին մղումների, ուրախանանք ուրիշների հաջողություններով։

Աղասի Այվազյանը Աղասի Այվազյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Ես երբեք չեմ ընդունել սուտը բարեկամության մեջ։ Սուտը աններելի արարք է ընկերական միջավայրում եւ առհասարակ կյանքում, բայց հատկապես մտերիմ հարաբերություններում։

Էդվարդ Իսաբեկյանը Էդվարդ Իսաբեկյանը

Լուսանկարը` Ցոլակ Հովսեփյան

Ասացի, որ աշխատում եմ չմտածել վատի մասին, բայց չեմ կարող չմտածել ու չխոսել արցախյան այս վերջին պատերազմի մասին։ Սիրտս կտոր-կտոր է լինում, ամոթ ու մեղք եմ զգում։ Շատ տարիներ առաջ ավերեցին իմ հայրենիքը, իմ գեղեցիկ Բաղդադը, իսկ հիմա քանդում են Հայաստանը, ու ես ոչինչ չեմ կարող անել։ Սակայն վստահ եմ, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Համոզված եմ, որ հատուցման ժամը կգա։ Ես կարող եմ դա չտեսնել, բայց այս ապազգային քաղաքականության վերջը շատ մոտ է։

 

Ցոլակ Հովսեփյանի հետ զրուցել է Գոռ Գրիգորյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին