Մայրիկիցս լսել էի, որ Հովհաննես Շիրազը ժամանակին բանաստեղծություններ է նվիրել տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանին՝ «Թանգարանի թանկ Արփիկին» մակագրությամբ: Տատիկս երկար տարիներ աշխատել էր Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, ապա Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում, բազմաթիվ հայտնի արվեստագետների հետ անձնական, նամակագրական կապեր ուներ:
Մայրիկիս պատմությունը ես էլ բարեխղճորեն փոխանցեցի երեխաներիս, երբ դպրոցում Շիրազ էին անցնում. այսպես ու այսպես, ձեր մեծ տատիկին Շիրազը բանաստեղծություններ է նվիրել: Բայց թե ինչ բանաստեղծություններ էին, գաղափար չունեի: Մինչեւ որ վերջերս տատիկիս արխիվում գտա Շիրազի ձեռագրերը:
Խունացած թղթերը խնամքով դասավորված են թղթապանակներից մեկում, մի թղթի վրա էլ նշված է, թե ինչ պայմաններում է գրել Շիրազն այդ բանաստեղծությունները:
Ստորեւ ներկայացնում եմ տատիկիս ծանոթագրությունը:
«Հայրենական պատերազմի տարիներին մեր թանգարանը, որ կոչվում էր Գրական թանգարան, մի տեսակ հավաքատեղի էր դարձել քաղաքում մնացած մտավորականության համար: Ոչ պաշտոնական գործով գալիս էին թանգարան բանաստեղծներն ու արձակագիրները, նկարիչներն ու քանդակագործները: Ամենից հաճախ գալիս էին Մարտիրոս Սարյանն ու Նաիրի Զարյանը: Զրույցի թեման մեկն էր՝ պատերազմը. գերմանացիները հասել էին ընդհուպ Կովկասյան լեռներ: Բոլորս անհանգիստ էինք:
Երիտասարդ աղջիկներով սպասում էինք այդ իմաստուն ու խելացի մարդկանց, որ կգային, հուսադրող խոսքեր կասեին: Մարտիրոս Սարյանը գլխիկոր երկար նստում էր, ոչինչ չէր խոսում, ու միայն գնալուց առաջ ասում էր. «Գերմանացիների առաջխաղացումը նշանակություն չունի. Հիտլերը պարտված է, դիմացեք. շատը գնացել, քիչն է մնացել»:
Շատ հաճախ թանգարան էր գալիս Շիրազը՝ միշտ տխուր ու անտրամադիր, մեր զրույցներին չէր խառնվում: Մտնում էր արխիվ, ու թեեւ կողմնակի մարդկանց մուտքն արգելված էր, բայց Շիրազի համար բացառությունների օրենքն էր գործում:
-Խոմ չեմ ուտելու էդ թղթերը,-ասում էր նա ու ներս մտնում: Դարակներից հանում էր Թումանյանի թղթապանակը, կարդում նրա ձեռագրերը, համբուրում «Անուշ»-ի ձեռագիրը, թղթերը խնամքով տեղը դնում: Զարմանում էր Տերյանի ձեռագրի վրա՝ ինչպե՛ս է այսպես կանոնավոր, գեղեցիկ գրել: Թանգարանում նա ոչ միայն ընթերցում էր, այլեւ, հենց մուսան գալիս էր, վերցնում էր թուղթն ու մատիտն ու գրում»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ահա թանգարանում գրած նրա անտիպ բանաստեղծությունները:
Այստեղ (թանգարանում)
Թղթե՛ր ու թղթե՛ր ու թղթե՛ր, թղթեր,
Ոսկի նշխարներ նիրհող սրբության
Օ՛, թղթեր անգին՝ տխուր վկաներ
Օրերի անցած, անցած խնդության:
Նոքա իրար հետ չեն խոսում երբեք
Ու դարեր, դարեր կլռեն նրանք,-
Թե զրնգան աշխարհում այս սեգ
Տխրություն ու մահ, խնդություն ու կյանք:
Բայց ի՞նչ եք լռում, խոսեցեք ինձ հետ
Չէ՞ որ լեզուն եք դուք անմահության:
Խոսի՛ր, լռություն՝ կյանք ցնորավետ,-
Թող զնգան ձայներն այս հարստության:
Թող մեկ էլ ելնեն անմահներն ամեն,
Թող վառվի նորից կրակը նրանց
Ու թե անմահ են՝ թող գինի խմեն,-
Վոհ, անմահություն, հավերժ ես մեռած:
Շիրազ, 1942

Լուսանկարը` Արփիկ Մինասյանի արխիվից
Թանգարանի բոլոր աշխատակիցներին
Ախ, ձեզնից առաջ իրենք են սիրով
Գուրգուրել իրենց գանձերը մեկ մեկ՝
Այս անմահները, որ անցան մահով,
Որ մահվան գրկից չեն գալու երբեք:
Ի՞նչ իմանային՝ թե դուք կարոտով
Պիտի փարվեիք հուշերին նրան՝
Այս թուղթ-գանձերին, հուշերին այս ծով,
Խոհերին այս խոր, հույզերին՝ անանց:
Ի՞նչ իմանային, թե գուրգուրանքով
Կհամբուրեիք հետքերը խոսքի,
Եվ հուշերն իրենց՝ լցված ձեր կյանքով
Պիտի դառնային զանգակներ ոսկի:
Ցնորք չէ սակայն, օ՛, դուք էլ կանցնեք,-
Բայց ո՞վ կթողնի անմահ մի բեկոր,
-Ձեր գուրգուրանքը ու ձեր ջանքը սեգ
Չի թողնի ձեր հուշն երբեք գլխիկոր:
Թանգարանում
Եղա աշխարհում հավիտենության,
Երկի, գեղեցկի անհուն ծարավով,
Եվ հոգուս խորքում կյանք առած ելան
Աշխարհի մեծերն իմ երազներով:
Մի օր Շիրազը թանգարան է մտնում այն ժամանակ, երբ տատիկս սարսափելի հուզված էր: Ամուսինը՝ Ցոլակ պապս, ռազմաճակատում էր, նրանից երկար ժամանակ լուր չկար: Շիրազն ինքն էլ հուզվում է ու անմիջապես գրում այս բանաստեղծությունը:
Արփիկին
Համբույրներդ տուր գարնան հովերին
Հովերն համբույրիդ նման են այնքան,
Համբույրներդ տուր գարնան հովերին,
Հովերն համբույրդ կտանեն նրան:
Նա տուն պիտի գա գարնան հովերին
Քո վառվող սրտիդ՝ որպես հով գարուն:
Հունիսի 14, 1943 թ., Երեւան
Լիլիթ Ավագյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: