Շիրազի սենյակի փակ դուռն ու անտիպ պոեմներով պահարանը - Mediamax.am

exclusive
12474 դիտում

Շիրազի սենյակի փակ դուռն ու անտիպ պոեմներով պահարանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանանդ Շիրազը
Վանանդ Շիրազը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս տանն է ապրել…» գրությամբ հուշատախտակները Երեւանի փողոցներում շատ են: Շենքերում, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ, տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել. փոխվել են բնակիչները, հիշողությունները, շենքի արտաքին տեսքը: Նոր բնակիչները հաճախ չգիտեն, որ ապրում են ականավոր մեկի տանը, որի շնորհիվ ժամանակին նշանավորվել է այդ հասցեն: Իսկ այն բնակարանները, որտեղ ապրում են ժառանգներ ու պահպանում հուշեր, թանգարանի արժեք են ստացել:

 

«Այս տանը ապրել է բանաստեղծ Հովհաննես Շիրազը»… Հուշատախտակն ու բրոնզե քանդակն ամրացված են Մաշտոցի 20 շենքի մուտքին: Սա է Շիրազի վերջին բնակարանը: Բայց գրողը 1971 թվականից մինչեւ կյանքի վերջ՝ 1984-ը, ապրել է հարեւան շենքում՝ Ամիրյան 12 հասցեում, որը նրան հատկացվել էր որպես աշխատանքային տարածք: Հիմա այստեղ որդու՝ նկարիչ Վանանդ Շիրազի արվեստանոցն է, իսկ հոր աշխատասենյակի դուռն ավելի քան 30 տարի խնամքով փակված է: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հարեւանասեր» Շիրազը

 

Սենյակում որոշ փոփոխություններ արվել են. իրերի մի մասը տեղափոխել են Գյումրիում գտնվող հուշատուն-թանգարան, որոշները պահպանվում են ինչպես Հովհաննես Շիրազի կենդանության տարիներին:  Պատերը թարմացրել են, ներկել նույն գույնով: Շիրազի վերեւի հարեւանուհին սիրված դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանն էր, որը լողանալիս մշտապես ջուր էր լցնում «Շիրազի գլխին»: «Շիրազին հարցնում էին՝ ինչո՞ւ չես բողոքում: Պատասխանում էր՝ Մետաքսի լողացած ջուրը խմել կլինի»,- պատմում է Վանանդը:

Վանանդ Շիրազը Վանանդ Շիրազը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շիրազի սենյակում դեռ հնչում է «Հայոց Դանթեական»-ը

 

Սենյակում բանաստեղծի բազմոցն է, վերջին աշխատասեղանը: Ձայներիզային նվագարկչին (бобинный магнитофон) «Հայոց Դանթեական»-ի ժապավենն է՝ ասմունքող, դերասանուհի Սիրվարդ Մեսրոպյանի «ձայնով»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատանքի ժամանակ պահանջում էր, որ չաղմկեն: Աշխատասենյակում երեխաները հավաքվում էին երեկոյան: Շիրազն ամեն մեկին մի թեմա էր տալիս՝ հեքիաթ էին պատմում, նկարում:

 

«Ես հավատում եմ, որ ընկերները միասին ամեն բան հաղթահարում են, երբ միասին են ծիծաղում…» Ստայնբեքի նամակը՝ Շիրազին 

 

Պահարանը «պայթում է» նամակներից: Շիրազը նամակագրական կապի մեջ էր սփյուռքի հայկական թերթերի խմբագիրների հետ: Նրանք էին տպագրում այն բանաստեղծությունները, որոնք Հայաստանում Խորհրդային տարիներին արգելված էին: Շիրազին գրում էին ծանոթ ու անծանոթ, Հայաստանից ու սփյուռքից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրում էին գյուղացի մարդիկ ու ճանաչված դեմքեր, ինչպես Պուլիտցերյան եւ Նոբելյան մրցանակների դափնեկիր, ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքը: Հայաստան այցից հետո՝ 1964 թվականի մայիսի 9-ին, նա շնորհակալական նամակ է ուղարկում  «սիրելի ընկերոջը».

 

«Իհարկե, մենք ունեցանք որոշակի հակադրություններ եւ տարաձայնություններ մեր տեսակետներում, բայց մենք բնական ենք դա ընդունում, եւ այն չի կարող խոչընդոտել մեր ընկերությանը…Ու ես հավատում եմ, որ ընկերները միասին ամեն բան հաղթահարում են, երբ միասին են ծիծաղում, իսկ ես հիշում եմ, որ մենք Երեւանում միասին ծիծաղելու բավականին առիթներ ենք ունեցել: Հուսով ենք, որ մի օր կայցելեք մեզ: Անկասկած հավատում ենք, որ առիթ կունենանք Ձեզ հյուրընկալել այն նույն ջերմ ընդունելությամբ, որ մենք ստացել ենք Ձեզնից»:

 

Չհրկիզվող պահարանում Շիրազի ձեռագրերն են, հիմնականում՝ անտիպ պոեմները:  Որդին ասում է, որ բանաստեղծի մահից հետո Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանի գլխավորությամբ հանձնաժողով կազմվեց, որը պետք  է զբաղվեր Շիրազի ժառանգությամբ: Բայց մի քանի տարի անց Հայաստանի համար սկսվեցին դժվարին տարիները, ու ձեռագրերը մնացին չուսումնասիրված: Որոշ գործեր դժվարությամբ կարողացել են տպագրել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շիրազի «կարճացրած» վերնաշապիկը

 

Պատից Շիրազի կոստյումն ու փողկապն է կախված: Նկարներում բանաստեղծը հիմնականում խնամված տեսքով ու դասական հագուստով է: Հագուկապին ուշադիր էր, բայց նաեւ՝ անփույթ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեծ եղբայրս՝ Արա Շիրազը պատմում էր, որ հայրիկի երկրպագու ինչ-որ բանաստեղծ Լոնդոնից նրան մոդայիկ, ճարմանդներով վերնաշապիկ էր բերել: Շիրազը գրական հանդիպման պետք է գնար եւ ուզում էր նոր վերնաշապիկը հագնել: Փորձում է, պարզվում է՝ թեւերը երկար են: Իսկ ինքը շտապում էր, մեքենան սպասում էր: Վերցնում է մկրատը, թեւերը կտրում, կոստյումը հագնում, ու «գնացինք»: Ասկետիկ մարդ էր, նյութին գերի չէր. ինչպես գրում էր, էդպես էլ ապրում էր: Ժողովուրդը դրա համար էր իրեն սիրում»,- ասում է Վանանդ Շիրազը:

 

Շիրազի թալանված «գանձերը»

 

Հիշում է, որ տան դուռը միշտ բաց էր, հայրն արգելում էր փակել: Միշտ հյուրեր էին ունենում՝ Հայաստանի բոլոր անկյուններից, սփյուռքից, գալիս էին տարբեր հարցերով ու խնդրանքներով: Բայց Շիրազի մահից 8 տարի անց՝ 1992-ին, գողերը կոտրել են հյուրընկալ տան դուռն ու թալանել Շիրազի սենյակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մտածել են փակ սենյակում Շիրազը չգիտեմ ինչեր ունի: Գողացել են հիմնականում հուշանվերային առարկաներ: Այն ժամանակ դեռ իրերը ցուցակագրած չէին, հստակ չգիտենք՝ ինչ են գողացել: Ոստիկան կանչեցինք, բայց չգտնվեց»,- ասում է Վանանդը՝ ցույց տալով հոր սենյակի կոտրած դուռը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին