Ավետ Ադոնց. «Ազնվությունն է հաջող դիվանագիտական աշխատանքի հիմնական նախապայմանը» - Mediamax.am

persona
228652 դիտում

Ավետ Ադոնց. «Ազնվությունն է հաջող դիվանագիտական աշխատանքի հիմնական նախապայմանը»

Ավետ Ադոնցը
Ավետ Ադոնցը

Լուսանկարը` Ա.Ադոնցի արխիվից

Լուսանկարը`


ՓԱՍՏԵՐ

   

•    Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 27-ին Կիեւում:

 

•    1993թ. շնորհվել է երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան:

 

•    1994-1996թթ. աշխատել է Բելգիայիում ՀՀ դեսպանությունում` որպես երկրորդ քարտուղար:

 

•    1996-1998թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում` որպես միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ:

 

•    1996-ին շնորհվել է առաջին քարտուղարի դիվանագիտական աստիճան:

 

•    1998-2001թթ. աշխատել է ԵՄ-ում ՀՀ առաքելությունում` որպես խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար:

 

•    2001թ. շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան:

 

•    2002-2007թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես արտաքին կապերի վարչության պետ:

 

•    2003թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

 

•    2007թ. շնորհվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

 

•    2007թ. Ազգային ժողովի  պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Զբաղեցրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

 

•    2009թ. մայիսին նշանակվել է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

- Դուք ծնվել եք Կիեւում: Ինչպե՞ս այդպես ստացվեց:

- Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտելուց հետո հայրս աշխատելու նպատակով մեկնել էր Կիեւ: Աշխատում էր «Մայակ» գործարանում, որն արտադրում նույնանուն «Մայակ» մագնիտոֆոնները, որոնք այն տարիներին անվանում էին «սովետական Grundig»: Այնտեղ հայրս ծանոթացել էր մայրիկիս հետ: Ես ծնվեցի 1963 թվականին, բայց Կիեւում երկար չեմ ապրել: Մոտ 1 տարեկան էի, երբ պապիկս որոշեց, որ ես պետք է մեծանամ եւ ձեւավորվեմ հայրենիքում ու ինձ տեղափոխեց  Երեւան: Մինչեւ պապիկիս կյանքի վերջին օրը ես իր հետ եմ ապրել: Այսօր էլ ապրում եմ պապիկիս բնակարանում: Ծնողներս տեղափոխվեցին Երեւան, երբ արդեն մոտ 5 տարեկան էի:

 

- Հաճախել եք Չեխովի անվան դպրոցը, որը լեգենդար դպրոց էր համարվում: Կա՞ն հատուկ հիշողություններ դպրոցի հետ կապված:

 

- Իսկապես հպարտ եմ, որ ավարտել եմ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը: Դպրոցը ոչ նիայն ուսման բարձրակարգ որակ էր ապահովում, դպրոցում տիրող ոգին եւ ավանդույթները համահունչ էին Երեւան քաղաքի միջավայրին: Այդ դպրոցում սովորելիս առաջին հերթին ձեւավորվում էիր որպես երեւանցի: Կարծում եմ, որ անձի սկզբնական ձեւավորման երկու աղբյուրներ կան` ծնողների դաստիարակությունը եւ դպրոցը:

 

Պապիկիս տունը դպրոցից 40-50 մետր հեռավորության վրա էր գտնվում եւ ընտրությունը կատարվեց առանց որեւէ այլընտրանք հաշվի առնելու: Ինձ դպրոց են ուղեկցել ընդամենը մեկ անգամ` 1970 թվականի սեպտեմբերի 1-ին: Դրանից հետո դպրոց ինքնուրույն էի գնում:

 

- Դուք ավարտել եք տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Երեւի, քչերը գիտեն այդ մասնագիտության մասին: Ինչո՞վ է այն տարբերվում սովորական տնտեսագիտությունից:

 

- Տնտեսական կիբեռնետիկան նույն տնտեսագիտությունն է, որտեղ մաթեմատիկան ամենակարեւոր բաղկացուցիչ մասն է: Այսինքն` տնտեսագիտական գործընթացները վերածվում են մաթեմատիկական մոդելների եւ դրանց միջոցով օպտիմալացվում են: Իսկապես շատ հետաքրքիր եւ արդիական մասնագիտություն է: Ի դեպ, այսօր մեր կառավարության կազմում կան մարդիկ, որոնք ավարտել են նույն ֆակուլտետը կամ դիսերտացիա են պաշտպանել այդ մասնագիտությամբ: Ժամանակին դա «բուրժուական գիտություն» էր համարվում (ժպտում է):

 

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մասնագիտությունը:

 

- Պապիկս հայտնի տնտեսագետ էր ու, կարծես, այլընտրանք չունեի, պետք է տնտեսագիտությունն ընտրեի: Այն տարիներին տնտեսագիտություն սովորելու համար միայն մեկ հնարավորություն կար` ընդունվել Ժողտնտեսության ինստիտուտ: Երբ 10-րդ դասարանում եկավ որոշում կայացնելու պահը, խորհրդակցեցի պապիկի հետ: Նա ասաց, որ տնտեսագիտական կիբեռնետիկան այդքան էլ մոդայիկ մասնագիտություն չէ, բայց շատ հեռանկարային է: Նաեւ ասաց, որ այդ մասնագիտությունը մարդու մեջ զարգացնում է մաթեմատիկական արագ մտածելակերպը, ինչը կարեւոր է ցանկացած տղամարդու համար:

 

- Արագ եւ օպտիմալ մտածելու ունակությունը պետք է որ կարեւոր լինի նաեւ դիվանագիտության մեջ:

 

- Անշուշտ: Իսկապես, դիվանագիտության կարեւորագույն տարրերից մեկը արագ մտածելն է: Շատ ենք հանդիպում իրավիճակների, երբ դիվանագետից պահանջվում է արագ արձագանք: Իհարկե, դիվանագիտությունը արագ որոշումների կայացում չի սիրում, բայց որոշումը ճիշտ ձեւավորելու համար արագություն եւ մտքի ճկունություն է պետք: Այնպես որ, մասնագիտությունս ինձ շատ է օգնում:

 

- Բուհը ավարտեցիք 1985 թվականին, երբ սկսվել էր «պերեստրոյկա»-ն: Ինչպե՞ս էր այն ընկալվում երիտասարդների կողմից:

 

- Շատերը, իհարկե, չէին հավատում «պերեստրոյկային», մտածում էին, որ դա ժամանակավոր մի բան կլինի, փորձում էին զուգահեռներ անցկացնել խռուշչովյան ժամանակահատվածի հետ: Բայց շատ շուտ պարզ դարձավ, որ սա անշրջելի գործընթաց է: Երիտասարդությունը սկսեց քննարկել. արդյո՞ք պետք է Սովետական միության փլուզումը: Այդ հեռանկարն արդեն շատ ակնհայտ էր դարձել:

 

Ավետ Ադոնցը եւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուն

Լուսանկարը` Ա.Ադոնցի արխիվից

Կոնկրետ ինձ «պերետսրոյկան» օգնեց որոշակի անկախություն ձեռք բերել, դրամ վաստակել: «Պերեստրոյկայի» առաջին քայլերից մեկը կոոպերատիվներն էին: Ես կոոպերատիվ չունեի` ընկերներս ունեին, որոնց օգնում էի հաշվապահական հարցերում, բիզնես-պլաններ էր մշակում: Այն տարիների համար բավականին մեծ «հոնորարներ» էի ստանում:

 

1985-1987 թվականներին ծառայեցի բանակում` Լենինականում, հայ-թուրքական սահմանին: Բանակում էի, երբ ծնվեց ավագ որդիս: Բուհն ավարտած զինվորների հանդեպ վերաբերմունքը մի փոքր ավելի լիբերալ էր` երկու ամիսը մեկ 1-2 օրով տուն էի գալիս:

 

- Ինչպե՞ս ստացվեց, որ աշխատանքի ընդունվեցիք ՀՀ արտգործնախարարություն:

 

- Բանակից վերադառնալուց հետո աշխատանքի անցա Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում: Այնտեղ էր աշխատում Իգոր Մուրադյանը, որը կանգնած էր 1988 թվականի Շարժման ակունքներում: Մեր աշխատավայրը շարժման «օջախներից» մեկն էր` այդ նոր օրակարգը բոլորիս շատ էր հետաքրքրում:

 

1991 թվականին շատ արագ ստեղծվեց եւ նույնքան արագ փակվեց արտաքին տնտեսական կապերի նախարարությունը: Այնտեղ մի քանի ամիս աշխատելուց հետո մեկնեցի Ժնեւ` UBS առաջատար շվեյցարական բանկում բանկային գործի միջազգային առեւտրի թեմայով վերապատրաստման համար:

 

Երբ վերադարձա 1991թ. նոյեմբերին, արտաքին առեւտուրը սպասարկող միակ հայկական բանկում բարձր պաշտոն զբաղեցնելու գրավիչ առաջարկ ստացա:

Մտքումս այդ առաջարկության հետ միանգամից համաձայնեցի, բայց նույն օրը երեկոյան ինձ զանգահարեց այն ժամանակվա արտգործնախարարը եւ առաջարկեց աշխատել ԱԳՆ-ում: Ընտրություն կատարելը հեշտ չէր, բայց երկար չմտածեցի` հաջորդ օրը այցելեցի նախարարին եւ համաձայնությունս տվեցի: Մեկ օրից հրամանս եղավ եւ անցա աշխատանքի:

- 1994 թվականին առաջին անգամ գործուղվեցիք Բելգիա: Երեւի թե այդ տարիներին հայ դիվանագետներին բավականին դժվա՞ր էր աշխատել արտերկրում:

 

- Ցանկացած դիվանագետի համար իր առաջին գործուղումը ամենադժվարինն է:

Դեսպանությունում աշխատելը շատ գեղեցիկ եւ դյուրին է հնչում, բայց դժվար աշխատանք է: Այն տարիներին հատկապես դժվար էր, որովհետեւ աշխատանքի ծավալը մեծ էր, իսկ միջոցները` քիչ: Իհարկե, այսօր էլ մեր դիվանագետների պայմանները իդեալական չեն, սակայն 90-ականների հետ որեւէ համեմատություն անել չի կարելի: Լինում էր, որ 6-8 ամիս աշխատավարձ չեինք ստանում ու պարտքով էինք ապրում: Այսօր շատերի համար դա կարող է ծիծաղելի եւ անընդունելի թվալ, բայց դա էր իրականությունը:

 

Երբ առաջին անգամ գործուղվեցի Բրյուսել, այնտեղ երկու դիվանագիտական ներկայացուցչություն ունեինք, որոնք հիմնվել էին 1993 թվականին: Մեկը դեսպանությունն էր, որը սպասարկում էր Բելգիան, Հոլանդիան եւ Լյուքսեմբուրգը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն, մյուսը` ներկայացուցչությունը Եվրոպական Միությունում:

Առաջին գործուղման ժամանակ հիմնականում պատասխանատու էի հայ-հոլանդական հարաբերությունների եւ ՆԱՏՕ-ի համար:

 

- Փաստորեն, Ձեզ մոտ շատ բան է կապված Բելգիայի հետ: Երկրորդ անգամ Բելգիա մեկնեցիք 1998 թվականին, հիմա էլ Ձեր երրորդ գործուղումն է Բրյուսել` արդեն դեսպանի կարգավիճակում:

 

- 1998-ին արտգործնախարարն ինձ առաջարկեց աշխատել Նյու-Յորքում, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում: Չնայած աշխատանքի բերումով շատ եմ ճանապարհորդում, բայց ինքնաթիռների հետ որոշակի խնդիրներ ունեմ: Ինձ համար այնքան էլ հաճելի չէր տարին մի քանի անգամ օվկիանոսը օդանավով կտրելու հեռանկարը: Ուստի, շնորհակալություն հայտնեցի այդ առաջարկի համար, սակայն խնդրեցի, որ հնարավորության դեպքում որեւէ այլընտրանք ունենամ: Այնպես ստացվեց, որ այդ պահին կար եւս մեկ թափուր աշխատատեղ` Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչությունում խորհրդականի պաշտոնն էր ազատվել, եւ նշանակվեցի այնտեղ:

 

Ավետ Ադոնցը եւ բարերար Հայկ Արսլանյանը

Լուսանկարը` Ա.Ադոնցի արխիվից

 

Երբ երկրորդ անգամ Բրյուսել եկա, աշխատանքս որեւէ կապ չուներ առաջին ժամկետի աշխատանքի հետ` աշխատում էի ԵՄ-ի հետ, իսկ այդ աշխատանքի օրակարգը եւ ձեւը սկզբունքորեն տարբերվում էր երկկողմ դիվանագիտության դասական ձեւից:

- Եղան նաեւ շրջաններ, երբ դասական դիվանագիտությամբ չէիք զբաղվում` մի քանի տարի աշխատեցիք ՀՀ նախագահի աշխատակազմում որպես արտաքին հարաբերությունների վարչության պետ, ապա` պատգամավոր ընտրվեցիք:

 

- Երբ 2001 թվականին վերադարձա Բրյուսելից եւ աշխատանքի անցա ՀՀ նախագահի աշխատակազմում, ըստ էության, շարունակեցի զբաղվել դիվանագիտությամբ: Ավելին, արտաքին քաղաքականության դաշտին սկսեցի նայել ավելի լայն տեսադաշտով, քանի որ յուրաքանչյուր օր առնչվում էի բազմաթիվ հարցերի` կապված երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հետ: Երբ աշխատում ես արտերկրում եւ պատասխանատու ես այս կամ այն ուղղության համար, բնականաբար, կենտրոնանում ես դրա վրա: Աշխատանքը արտաքին հարաբերությունների վարչության պետի պաշտոնում ինձ հնարավորություն տվեց առավել ամբողջական դիտարկել մեր դիվանագիտության առջեւ դրված խնդիրները:

 

Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետի պաշտոնում աշխատեցի մոտ 6 տարի, որից հետո ինձ առաջարկեցին մտնել քաղաքական դաշտ եւ պատգամավոր դառնալ: Մասնագիտական առումով դա եւս շատ հետաքրքիր շրջան էր, քանի որ խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը ժամանակակից աշխարհում չափազանց կարեւոր է:

 

- 1991 թվականին ընդունվեցիք նորաստեղծ ԱԳՆ, իսկ այսօր դեսպան եք, ունեք արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում, այսինքն` բարձրագույն կոչումը դիվանագիտության մեջ: Ո՞րն է Ձեր ամենավառ տպավորությունը այս 21 տարիների ընթացքում:

 

- Երեւի, ամենավառ հիշողություններս կապված են 1994թ. առաջին գործուղմանս հետ: Շատ շնորհակալ եմ երջանկահիշատակ Գրիգորի Բադալյանին, որը Բելգիայում մեր երկրի ժամանակավոր հավատարմատարն էր: Չնայած մենք, ցավոք, միասին քիչ աշխատեցինք, բայց այդ մեկ տարվա ընթացքում նա ինձ շատ բան տվեց, որն ինձ օգնում է անգամ հիմա, ամենօրյա աշխատանքում:

 

Հիշարժան էր նաեւ այն օրը, երբ առաջին անգամ մասնակցեցի ԱԺ նիստին` պատգամավորի կարգավիճակում:

 

Եթե խոսենք կյանքի ամենակարեւոր պահերին մասսին, ապա ինձ համար ամենահիշարժան օրերը երկու որդիներիս ծնունդներն են:

- Ցանկացած տղամարդու համար ընտանիքն իր թիկունքն է: Սակայն զինվորականների եւ դիվանագետների դեպքում այդ թիկունքի ամուր լինելը հատկապես կարեւոր է: Պատմեք Ձեր ընտանիքի մասին:

 

- Ամուսնացել եմ 1985 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո: Ունեմ երկու որդիներ`25 եւ 26 տարեկան: Նրանք ապրում են աշխատում են Երեւանում: Ավագ որդիս վերջերս ամուսնացավ, ինչի համար շատ ուրախ ենք: Կինս, իհարկե, ինձ հետ Բրյուսելում է ապրում, բայց հաճախ է Հայաստան գալիս:

 

Ավետ Ադոնցը տիկնոջ եւ որդիների հետ

Լուսանկարը` Ա.Ադոնցի արխիվից

 

Ճիշտ զուգահեռ անցկացրեցինք զինվորականի եւ դիվանագետի աշխատանքի միջեւ` իսկապես շատ ընդհանուր բաներ կան: Ընտանիքի ամուր լինելը կարեւոր նախապայման է, որն ապահովում է դիվանագետի նորմալ աշխատանքային օրը: Դիվանագետի ընտանիքի ամրությունը մշտապես ենթարկվում է փորձությունների, եւ կան դեպքեր, երբ ամուսինները, ցավոք, այդ փորձության միջով չեն կարողացել անցնել: Դիվանագետի համար իր տիկնոջ համբերատար լինելը եւ ամուսնու զբաղվածությանն ըմբռնումով մոտենալը անչափ կարեւոր է:

 

Իհարկե, դժվար է, երբ մենք Բրյուսելում ենք, իսկ երեխաները` Երեւանում: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ շատ ենք շփվում, սակայն դրանում նաեւ բացասական կողմեր եմ տեսնում: Երբ Skype-ով մի քանի անգամ խոսելու հնարավորություն կա, կարոտն առնելու որակը փոխվում է: «Հին մարդ» չլինելով եւ վստահ լինելով, որ տեխնիկական զարգացումները անհրաժեշտ են` ես կտրականապես դեմ եմ, երբ դրանք փոխում են մարդկային զգացումներն, օրինակ` կարոտը:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ դիվանագետներին:

 

- Լինել պարկեշտ` թե ընտանիքում, թե աշխատանքում: Պարկեշտությունը ենթադրում է ազնվություն: Ոմանց կարող է թվալ է, թե դիվանագիտությունը ազնվության հետ կապ չունի, բայց հենց ազնվությունն է հաջող դիվանագիտական աշխատանքի հիմնական նախապայմանը:

 

Պետք է նաեւ աշխատասեր լինել: Դիվանագետը պետք է իր առջեւ նպատակ դնի եւ հասնի այնդ նպատակին: Փորձել միշտ շրջապատված լինել ուժեղ եւ բանիմաց մարդկանցով ու սովորել նրանցից:

 

Ավետ Ադոնցի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին