Լեւոն Արոնյան. «Շատ պարզ երազանքներ ունեմ» - Mediamax.am

persona
342200 դիտում

Լեւոն Արոնյան. «Շատ պարզ երազանքներ ունեմ»

Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը`


ՓԱՍՏԵՐ

 

•    Լեւոն Արոնյանը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 6-ին` Երեւանում:

•    Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն (2002թ.):

•    Աշխարհի գավաթակիր (2005թ.):

•    Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն:

•    ՖԻԴԵ-ի Գրան-Պրի մրցաշարի հաղթող (2008-2009թթ):

•    Արագ շախմատի աշխարհի չեմպիոն (2009թ.):

•    Բլիցի աշխարհի չեմպիոն (2010թ.):

•    Աշխարհի թիմային առաջնության հաղթող (2011թ.):

•    2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհի երկրորդ շախմատիստն է ըստ անհատական վարկանիշի (2815):

 

- Լեւոն, քո մեջ միախառնված են երկու արյուններ. դա որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է քո վրա:

 

- Շատ հաճելի է, որ ծանոթ եմ ինչպես մորս, այնպես էլ հորս ազգի մշակույթին: Եթե ոչ այնքան լուրջ խոսենք, ապա ինձ հաճախ ճանաչում են հայի համար ոչ ստանդարտ արտաքինով: Բավական զվարճալի է լինում, երբ Հայաստանի հավաքականի հետ որեւէ մրցաշարի ենք մեկնում, եւ միայն ինձ են ճանաչում:

 

Լեւոն Արոնյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

- Ասում են, որ նման ընտանիքների երեխաներն ավելի տաղանդավոր են լինում:

 

- Տաղանդի հարցում ամեն ինչ անհատական է. չեմ հավատում, որ նման օրինաչափություն կա: Ըստ իս, մարդու զարգացման հարցում գենետիկան կանխորոշում է շուրջ 10 տոկոսը, մնացածը ձեռքբերովի է՝ մշակույթի, սոցիումի հաշվին: Ես դաստիարակվել եմ որպես մտածող անհատականություն, եւ դրա համար շնորհակալ եմ ծնողներիս:

- Մանկությունից հատկապես ի՞նչն ես հիշում:

 

- Իմ բախտը բերել է այն առումով, որ ընտանիքում երկրորդ երեխան եմ: Ինչպես հայտնի է, խորհրդային ժանամակ երեխաները պետք է շատ բաներ պարտադիր կերպով սովորեին, հաճախեին տարբեր խմբակներ եւ այլն: Քանի որ ես մեծացել եմ արդեն հետխորհրդային ժամանակահատվածում, ինձ հանգիստ են թողել, եւ ավելի շատ ինքս ինձ եմ տրամադրված եղել: Ինչ-որ բաներ ինքնուրույն կարդում էի` առանց ծնողներիս պարտադրանքի: Նրանք ինձ պարզապես մտածել սովորեցրեցին:   

- Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:

 

- Շատ եմ սիրում համերգների գնալ: Սիրում եմ սպորտային խաղեր խաղալ ընկերներիս հետ. հաճախ ենք բասկետբոլ, ֆուտբոլ խաղում: Պարել եմ շատ սիրում … այո: Սիրում եմ լատինաամերիկյան պարեր, սակայն երբեւէ դրանցով չեմ զբաղվել: Դուր է գալիս այդ երաժշտությունը, տեմպը:

 

2006 թվականին Մեքսիկայում կայացած մրցաշարից հետո դուրս եկա գլխավոր փողոց, որտեղ երաժշտություն էր հնչում, եւ բոլորը պարում էին: Դա ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց, եւ այդ օրվանից ծնվեց սերը դեպի այդ երաժշտությունն ու պարերը: 

 

Լեւոն Արոնյանն ու Մեդիամաքսի թղթակից Էլեոնորա Արարատյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Ջազ եւ շախմատ

 

- Գիտեմ, որ ջազ ես սիրում: Կարո՞ղ ես զուգահեռներ անցկացնել երաժշտության եւ շախմատի միջեւ:

 

- Ինչպես ջազով, այնպես էլ շախմատով զբաղվողների մեծ մասն աշխարհին հայտնի չեն, դա է նմանությունը: Կան բազմաթիվ տաղանդավոր կատարողներ, որոնք ոչ մի ձայնագրություն չեն անի, համերգով հանդես չեն գա: Շախմատում էլ է այդպես պատահում: Ջազային երաժիշտները եւ շախմատիստները սովորաբար գիտեն իրենց գինը եւ հենց այնպես իրար չեն գովում: Եթե դրվատել է, նշանակում է` լուրջ աշխատանքի համար: Ջազային երաժիշտներն, օրինակ, ասում են` he can play:

 

- Ջազում ո՞վ է քո կուռքը:

 

- Ինչպես եւ շատերի համար՝ Ջոն Քոլթրեյնը: Կան նաեւ ժամանակակից կատարողներ, ովքեր ինձ շատ են դուր գալիս:

 

- Որեւէ գործիք նվագո՞ւմ ես:   

 

- Ցավոք՝ ոչ: Շատ կցանկանայի նվագել, սակայն ժամանակ չունեմ եւ լիովին վստահ չեմ, որ ինձ մոտ կստացվի:

 

- Նոր հմտություններ, նոր մասնագիտություն ձեռք բերելու ծրագրեր ունե՞ս:

 

- Հաճախ որեւէ գիրք եմ ընթերցում: Հաշվի առնելով, որ հայրս ֆիզիկոս է, կարդում եմ ֆիզիկայի մասին գրքեր: Ինչ վերաբերում է ավելի լուրջ մոտեցմանը, գիտակցում եմ, որ դա անարդյունք է լինելու: Շատ ժամանակ կպահանջվի, եւ հայտնի չէ, թե դա ինչի կհանգեցնի: Օրինակ, ցանկանում եմ լավ պարել սովորել (ժպտում է):   

 

Շատ լուծումներ տեսնում եմ երազում

- Դու խաղում ես մրցաշարը մրցաշարի ետեւից: Ինչ-որ փուլում անցնու՞մ ես  «ավտոմատ ռեժիմի»: 

 

- Առաջ էր այդպես, երբ անցնում էի ավտոմատիզմի: Երբ ֆինանսական անկախություն չունես, ստիպված ես շատ խաղալ: Հիմա, փառք Աստծո, նման բան չկա, սակայն, իհարկե, պատահում է, որ հոգնում ես դժվարին աշխատանքից: Երբ մասնակցում ես բարդ մրցաշարերի, մի քանի օր անընդմեջ քնում ես ընդամենը 6-7 ժամ, եւ դա հյուծիչ է լինում: 

 

Լեւոն Արոնյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

- Դու շախմատին վերաբերում ես որպես աշխատանքի՞:   

 

- Նույնիսկ ամենահաճելի գործն աշխատանք է: Սիրելի աշխատանք:

 

- Դու մշտապես խաղի մասի՞ն ես մտածում, մտովի պատկերացնո՞ւմ ես պարտիաները: 

 

- Ցավոք՝ այո: Կցանկանայի ազատվել դրանից, բայց ինչպես երաժիշտների գլխում անընդմեջ պտտվում է երաժշտությունը, նոտաները, նույնպես եւ մեզ մոտ՝ հաշվարկները, պարտիաները:

 

- Քնած ժամանակ եւ՞ս  շախմատ ես խաղում:

 

- Բնականաբար: Բազմաթիվ գաղափարներ ծնվում են հենց երազում: Դա, իմ կարծիքով, շատ բնական է:

 

- Իսկ եթե որեւէ մրցաշարից առաջ երազում տեսնես քեզ համար անցանկալի ելք, դա կարո՞ղ է քեզ հանել հավասարակշռությունից:

 

- Ոչ: Մեծամասամբ հաջողության հասած շախմատիստները հոգեբանորեն կայուն մարդիկ են, նրանց դժվար է հունից հանել:

- Այնուամենայնիվ, ի՞նչը կարող է քեզ հունից հանել:

- Շախմատիստը շատ «կախյալ» էակ է: Եթե կյանքում ինչ-որ բան այնպես չէ, հասկանալի է, որ հնարավոր չէ լավ խաղալ: Եթե շուրջդ ինչ-որ բան քանդվում է, փոքրիկ ֆիգուրները տեղաշարժելը կարող է անհեթեթ թվալ. դու նստած մի դաշտից մյուսն ես շարժում զինվորին, մինչդեռ ինչ-որ տեղ կատարվում են ինչ-որ սարսափելի ու վտանգավոր բաներ:

   

Լեւոն Արոնյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

- Սիրած խաղաքար ունե՞ս:

 

- Սկզբունքորեն ոչ, կարող եմ պատասխանել Տիգրան Պետրոսյանի խոսքերով. «Սիրելի խաղաքարը է ցանկացած ավելորդ խաղաքարը»:

 

Կարող եմ պատրաստել ապուրներ, ձուկ

 

- Հաճախ ես ճանապարհորդում: Ո՞ր երկրներն ու մշակույթներն են քեզ ավելի շատ դուր գալիս:

 

- Սիրում եմ Մալայզիան՝ գեղեցիկ բնություն, լեռներ ու ծով, քիչ մարդիկ, անհավանական խոհանոց: Ավստրալիան եմ սիրում. այնտեղ հանգիստ մարդիկ են ապրում: Նախընտրում եմ ասիական խոհանոցը: 

 

- Ինքդ պատրաստու՞մ ես:

 

- Երբեմն, ինչ-որ բան: Տարբեր ապուրներ կարող եմ հեշտությամբ պատրաստել, ձուկ, պաստան վատ չի ստացվում:

 

- Շախմատում կարելի՞ է հասնել զարգացման վերջնակետին:

 

- Իմ կարծիքով՝ ոչ: Ամեն ինչ կախված է մարդու էներգիայից:

 

- Ինչպիսի՞ն ես քեզ տեսնում ապագայում. միգուցե դպրո՞ց կբացես:

 

- Սիրում եմ մարդկանց փոխանցել այն, ինչ ունեմ, սակայն, հավանաբար, դրանով մշտապես զբաղվել չեմ կարողանա: Դրա համար հատուկ շնորհ է պետք՝ քեզ ուրիշներին նվիրելու ունակություն: Վստահ չեմ, որ ունեմ դա, սակայն ցանկություն կա:

 

Շատ երջանիկ մարդ եմ

 

- Ինչի՞ մասին ես երազում:

 

- Երազու՞մ: Անկեղծ ասած, դժվար է պատասխանել: Այն մասին, ինչի մասին երազում է այս երկրում ծնված ցանկացած մարդ. որպեսզի կյանքն ավելի լավը դառնա: Ես շատ կապված եմ գյուղին, ցավալի է տեսնել, որ գյուղը մահանում է: Մենք բոլորս երազում ենք, որպեսզի մարզերում կյանքը բարելավվի, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան լավ գնով վաճառել իրենց աշխատանքի արգասիքները:

 

Իմ երազանքները շատ պարզ են` չեմ երազում այլմոլորակային ինտելեկտ գտնել: Ինչ վերաբերում է մասնագիտական նվաճումներիս, ապա դրանք եւս միայն ինձ հետ կապված չեն: Գիտեմ, որ եթե աշխարհի չեմպիոն դառնամ, շատերը կուրախանան, դա զգացմունքային խթան կհանդիսանա Հայաստանի համար:

 

Ես երջանիկ մարդ եմ, հազիվ թե այս աշխարհում կա մի բան, ինչը կարող է ինձ զարմացնել կամ ավելի երջանիկ դարձնել: Միգուցե երեխաների ծնունդը, սակայն դա երազանք չէ. դա այն է, ինչը սովորաբար կատարվում է մարդկանց հետ: Տվյալ պահին ես շատ երջանիկ մարդ եմ:

Լեւոն Արոնյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին