Արմեն Երիցյան. Գիշերը ուսանողի պես սովորում էի, որպեսզի առավոտյան խորհրդակցություն վարեմ - Mediamax.am

persona
250610 դիտում

Արմեն Երիցյան. Գիշերը ուսանողի պես սովորում էի, որպեսզի առավոտյան խորհրդակցություն վարեմ

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Փաստեր

 

•    Ծնվել է 1960թ. Երեւանում:

•    Ավարտել է Երեւանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը:

•    1979-81թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

•    1986թ. ավարտել է ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցը:

•    1990թ. ավարտել է ԽՍՀՄ Վոլգոգրադի ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

•    1982-2010թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:

•    2010թ. մարտից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

•    Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

•    Ամուսնացած է,  ունի երկու դուստր, 3 թոռ:

 

- Դուք կրթություն եք ստացել ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոցում եւ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցում: Կպատմե՞ք, ինչպե՞ս որոշեցիք ընտրել Ձեր մասնագիտությունը:

 

- Սովորել եմ Երեւանում, միջնակարգ դպրոցում, որից հետո աշխատել եմ որպես շարքային լեյտենանտ Նաիրիի շրջանում: Այդտեղից ինձ ուղարկեցին սովորելու Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց: Այն գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի Վոլգոգրադի բարձրագույն քննչական ակադեմիա: Ուսումս ավարտելուց հետո աշխատանքի եմ անցա Աշտարակում, այնուհետեւ Երեւանում` որպես օպերլիազոր, բաժանմունքի պետ, տարբեր շրջաններում որպես պետի տեղակալ, Քանաքեռում բաժանմունքի պետ: Այնտեղ աշխատելու ժամանակ ծառայության ընթացքում էլ վիրավորվեցի:

 

Ասեմ Ձեզ, որ ինձ միշտ գրավել է պայքարը հանցագործության դեմ, սակայն ոստիկանությունում աշխատելու ամբողջ ընթացքում եղել եմ քրեական հետախուզության աշխատող, որը ոստիկանությունում համարվում է ամենածանր եւ պատվաբեր աշխատանքը: Այն ժամանակ, երբ դեռ բանակում էի ծառայում, մշտապես ուսումնասիրում էիր քրեական օրենսգիրքը: Մշտապես հետաքրքրություն եղել է այդ ոլորտի հանդեպ:

 

- Իսկ կապ պահպանու՞մ եք դասընկերների հետ:

- Կալինինգրադում եւ Վոլգոգրադում սովորելուց հետո սովորել եմ ասպիրանտուրայում: Աշխատում եմ միշտ կապ պահպանել ընկերներիս հետ, որոնց հետ սովորել եմ: Իհարկե, չի  ստացվում բոլորի հետ շփվել, բայց երբ լինում եմ ԱՊՀ երկրներում, աշխատում եմ գտնել ուսանողական ընկերներիս: Շատերին հանդիպում եմ ու զարմանում, թե ինչքան են նրանք փոխվել: Լինում են դեպքեր, որ, հանդիպելով նրանցից ոմանց, ափսոսում եմ, որ տեսա, քանի որ նրանց շատ փոխված եմ տեսնում ու մտքումս ասում եմ. «Ավելի լավ կլիներ, որ չտեսնեի, իմ հիշողություններում նրան հիշեի»:

- Նշեցիք, որ ծառայության ընթացքում վիրավորվել եք: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:

 

- Այդ միջադեպը տեղի ունեցավ, երբ 1990-ականների սկզբին ծառայության նշանակվեցի Քանաքեռում: Այդ տարիներին Քանաքեռում հանցագործ աշխարհը գլուխ էր բարձրացրել: Ավագ լեյտենանտ էի, աշխատանքս ավարտում էի կեսգիշերին:

 

Այդ օրը կեսգիշերից քսան էր պակաս, դրսում մեր տղաների հետ կանգնած զրուցում էինք: Մեկ էլ տեսա, որ ինքնաձիգից են կրակում, ապակիներ են թափվում մեզ վրա: Վազեցի դեպի այն կողմ, որտեղից կրակում էին: Մի 100 մետր վազեցի, ու դրանից հետո էլ ոչինչ չեմ հիշում: Վիրավորվեցի, ինձ տարան հիվանդանոց: Մինչեւ հիմա այդ փամփուշտը գտնվում է մեջքիս մեջ՝ որպես հիշատակ հանցագործ աշխարհից (ժպտում է – հեղ.): Բժիշկները ճիշտ համարեցին չհեռացնել փամփուշտը:

 

- 1982 թ-ից մինչեւ 2010թ-ը աշխատել եք ոստիկանության համակարգում: Դժվար չէ՞ր անցումը այդ համակարգից դեպի Արտակարգ իրավիճակների նախարարություն:  

 

- Սկզբնական փուլում շատ դժվար էր: Երբ նշանակվեցի նախարար, ամեն ինչ նոր էր ինձ համար: Մտածում էի` կկարողանամ արդյո՞ք աշխատել նոր միջավայրում: Նախարարության աշխատակիցների մեծ մասին չէի ճանաչում, տեղյակ չէի իմ գործառույթներին: Հավատացեք, գիշերները նստում էի ու ուսանողի պես սովորում, որպեսզի առավոտյան կարողանայի առանձին խորհրդակցություններ անցկանցել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, Փրկարար ծառայության, հրդեհային ծառայության, տեխնիկական անվտանգության, ռեզերվների գործակալության աշխատակիցների հետ: Ոլորտն այնքան մեծ ու բազմազան է, որ ինձ համար սկզբնական շրջանում հեշտ չէր:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ աշխատանքն ենթադրում է շփում գիտնականների, հետազոտողների, սպաների, գեներալների հետ: Այսինքն, մարդկանց հետ, ովքեր շատ տարբեր մասնագիտություններ ունեն: Այդպես, աստիճանաբար ամեն ինչ սկսվեց: Մեր աշխատակիցներից շատ բան եմ սովորել ու երբեք չեմ ամաչում բարձրաձայն խոսել դրա մասին: 

 

- Իսկ ինչպե՞ս Ձեր ընտանիքն ընդունեց Ձեր նախարար նշանակվելու փաստը:

 

- Կինս ու երկու դստրերս շատ ծանր տարան այդ փոփոխությունը, որովհետեւ նրանք սովոր էին իմ ոստիկանական կյանքին: Երբ նշանակվեցի նախարար, իմ շրջապատում ոմանք ասացին, որ «пожарник» եմ դարձել: Շատ վիրավորվեցի այդ բառից եւ ասացի, որ հպարտ եմ, քանի որ ոչ թե «пожарник» եմ, այլ փրկարար: Կարծում եմ, որ այսօր ԱԻՆ-ում աշխատելը պատվաբեր է: Մենք կարողացանք կայացնել սպայի ոգին:

 

Սկզբնական փուլում, իհարկե, ընտանիքս հեշտ չհարմարվեց իմ նոր աշխատանքին: Բայց հետո սատարեցին ինձ, կանգնեցին իմ կողքին եւ հիմա հպարտանում են այն աշխատանքով, որ ես կատարում եմ:  

 

- Աշխատանքը Ձեր ղեկավարած գերատեսչությունում, հավանաբար, ենթադրում է մշտական պատրաստվածություն եւ սթափ մոտեցում բոլոր իրավիճակներում: Ինչպիսի՞ որակներ են անհրաժեշտ այդ համակարգում աշխատելու, այն ղեկավարելու համար: 

 

- Պետք է, նախեւառաջ, լինել «փրկարարներից» մեկը: Իմ համազգեստը չպետք է տարբերվի շարքային փրկարարի համազգեստից: Յուրաքանչյուր շարքային աշխատակից՝ լինի դա վարորդ, հրշեջ, թե փրկարար, աշխատանքի անցնելուց առաջ հանդիպում է ինձ հետ: Ես նրանց ասում եմ. «Մի անգամ դու տես նախարարին, թող մի անգամ էլ նախարարը տեսնի քեզ»:

 

Բացի այդ, աշխատում եմ տարին մի քանի անգամ այցելել բոլոր հրշեջ կայաններ, փրկարար ջոկատներ: Պետք է տեսնեք, թե մարդիկ ինչ պայմաններում են աշխատում: Երբ խոսում ես նրանց հետ, զգում ես նրանց նվիրումը, ոգեւորվածությունը:

 

Եթե չլինես նրանցից մեկը, եթե զիջես նրանցից մեկին թեկուզ ֆիզիկական պատրաստվածությամբ, չես կարող աշխատել այս համակարգում:

 

Վերջերս Նոյեմբերյանում տեղի ունեցած աղետի ժամանակ ես մեր աշխատակիցների հետ հավասար աշխատում էի, երեկոյան նրանց հետ մնում վրանում, ուտում նույն սնունդը, ինչ նրանք: Տեղում խրախուսել եմ շատերին, տեղում էլ՝ տույժի ենթարկել:

 

Արմեն Երիցյանը` ՀՀ վարչապետի եւ Տավուշի մարզպետի հետ աղետի վայրում:

Լուսանկարը` Արտակարգ իրավիրակների նախարարություն:

 

Նրանց առջեւ երկու պահանջ եմ դնում՝ ալկոհոլ չօգտագործել եւ վախկոտ չլինել: Նրանք էլ գիտեն, թե ինչքան վատ եմ վերաբերում խմիչքին: Մենք ունենք լավ, խիզախ տղաներ:

 

- Նշեցիք խրախուսելու եւ պատժելու մասին: Դժվար չէ՞տույժի ենթարկել աշխատակիցներին:

 

- Շատ դժվար է պատժելը: Ես սպա եմ եղել եւ գիտեմ, թե դա ինչ է նշանակում: Սակայն պետք է  նշեմ, որ կա մարդկանց մի խումբ, որոնց պետք է պատժել: Կա նաեւ այնպիսի խումբ, որոնց մեկ խոսքով ամեն ինչ կարող ես բացատրել: Ես շատ քիչ եմ դիմում տույժերին, որովհետեւ գտնում եմ, որ պատժի չափը պետք է չանցնել:

 

Իսկ ինչ վերաբերում է խրախուսանքին, կարող եմ ասել հետեւյալը: Սեպտեմբերի 4-ին՝ մեր մասնագիտական տոնի առթիվ, խրախուսանքի արժանացրինք մեր համակարգի աշխատողներին: Ամեն անգամ մանրակրկիտ ուսումնասիրում եմ խրախուսանքի առաջադրված մարդկանց ցուցակը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ձեր մասնագիտությունը նաեւ պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն: Որեւէ մարզաձեւով զբաղվո՞ւմ եք: 

 

- Ձյուդոի սպորտի վարպետ եմ եղել: Իսկ հիմա հիմնականում զբաղվում եմ լեռնադահուկային սպորտով, ամռանը՝ դայվինգով: Սիրում եմ միայնակ զբաղվել սպորտով, այդպես հանգստանում եմ:

- Երկար տարիներ աշխատելով ոստիկանության համակարգում՝ միշտ եղել եք համազգեստով: Հե՞շտ էր հրաժարվել ուսադիրներով համազգեստից եւ անցնել  քաղաքացիական հագուստի:      

 

- Դժվար չէր: Հիմա էլ, որպես նախկին ոստիկան, իրավունք ունեմ համազգեստ կրել, բայց հպարտությամբ հագնում եմ նաեւ քաղաքացիական հագուստ: Լինելով քրեական հետախուզության աշխատակից` սովոր էի քաղաքացիական հագուստ կրել:

 

Իհարկե, սիրում եմ նաեւ ոստիկանական համազգեստը, եւ, Աստված մի արասցե, եթե տեսնեմ, որ ոստիկանական համազգեստ կրող անձի մատը փուշ է մտել, ինչ-որ մեկը նրան փորձում է վիրավորել: Անմիջապես կմիջամտեմ: Դա կոչվում է «честь мундира»:

 

- Դուք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եք, դասավանդում եք ԵՊՀ-ում: Որ՞ն է այն գլխավոր գաղափարը, որը փորձում եք փոխանցել ավելի երիտասարդ սերնդին:

- Ընդհանուր առմամբ, դասախոսելը բավականին դժվար է: Լինելով գեներալ՝ ես սովոր էի, որ երբ անցնում եմ, բոլորը մի տեսակ զգաստանում են: Իսկ համալսարանում այլ է, նրանց համար դու դասախոս ես, եւ նրանք քեզ վերաբերում են որպես դասախոսի: Դա սկզբնական շրջանում անսովոր էր, բայց, միեւնույն ժամանակ, հաճելի:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

Լսարանում փորձում եմ համատեղել տեսականը գործնական աշխատանքի հետ: 

 

- Ինչպե՞ս եք սիրում անցկացնել հանգստյան օրերը:

 

- Հանգստյան օրս սիրում եմ անցկացնել տանը, ընտանիքիս հետ: Գալիս են աղջիկներս, թոռնիկներս, նրանց հետ եմ շփվում:

 

Ընկերներս էլ գիտեն, որ կիրակի օրս սիրում եմ նվիրել ընտանիքիս: Ինչ վերաբերում է ընկերներիս, նշեմ, որ նրանց մեջ նախարարներ չկան: Սովորական մարդիկ են, ում հետ ես տարիներ շարունակ ընկերություն եմ անում:

 

-Պատմեք Ձեր ընտանիքի, երեխաների մասին: Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր տիկնոջ հետ, ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները:

 

- Կինը իմ ընկերոջ քույրն է: Երբ ընկերս իմացավ, որ համակրում եմ քրոջը, 6 ամիս հետս չխոսեց: Պատկերացրեք, կես տարի անց միայն սկսեցինք խոսել (ժպտում է):

 

Ունեմ երկու դուստր, նրանք ավարտել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Մեծս ՝ Արեւիկը, ունի զույգ տղա, իսկ կրտսեր աղջիկս՝ Լիաննան, ունի մեկ որդի: Հետաքրքրական է, որ երկու թոռնիկներիս անունն էլ Արմեն է:

    

- Հաջողացնում ե՞ք նրանց շատ ժամանակ տրամադրել: 

 

- Ցավոք, միայն կիրակի օրերին:

 

- Եթե ավելի շատ ժամանակ ունենայիք, ինչպե՞ս կտնօրինեիք այն:

 

- Ավելի շատ կցանկանայի ժամանակն ընտանիքիս տրամադրել, երեխաներիս, սպորտով շատ զբաղվել: Շատ եմ սիրում ընթերցել ազատ ժամերին: Մեր սերնդի ներկայացուցիչները սիրում են գիրք կարդալ՝ շոշափելով այն: Ես դրանից հաճույք եմ ստանում: Երբեք համակարգչով չեմ կարողանում ընթերցել:

 

Այս արձանիկը դրված է Արմեն Երիցյանի աշխատանքային սեղանին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաճույքով ընթերցում եմ մասնագիտական գրականություն, հին քրեական գործերը: Այնքան հետաքրքիր բաներ եմ գտնում դրանցում: Սիրում եմ որոշ փիլիսոփաների մտքերն ընթերցել:

 

- Գեղարվեստական գրականությանն ինչպե՞ս եք վերաբերում:

 

- Քիչ եմ ընթերցում՝ կրկին ժամանակի պակասի պատճառով: Հիմնականում մասնագիտական գրականություն եմ կարդում: Այն գրքերը, որոնք շատ մոդայիկ են լինում, փորձում եմ մեկ գիշերում ընթերցել: Սակայն դրանց փոխարեն գերադասում եմ ժամանակ հատկացնել տարբեր երկրների սահմանադրությունների, մարդու իրավունքների մասին աշխատանքների ընթերցանությանը: Դրանից ես, իրոք, հաճույք եմ ստանում:  

- Պարոն նախարար, բազմաթիվ մեդալների, կոչումների եք արժանացել: Դրանք օգնո՞ւմ են ամփոփել Ձեր անցած ուղին:

 

- Ես հպարտ եմ բոլոր կոչումների, մեդալների համար, որ ստացել եմ: Դա ինձ համար իրոք մեծ պատիվ է: Դրանք հիշողություններ են, բայց այնպես չէ, որ նայում ու հիանում եմ դրանցով:

- Ինչի՞ մասին եք երազում:

 

- Երազում եմ, որ ազատ ժամանակ շատ ունենամ, դայվինգով շատ զբաղվեմ:

 

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

 

- Կարծում եմ, այն, որ կյանքիս 31 տարին աշխատել եմ ոստիկանությունում, կարողացել եմ իմ լուման ներդնել մեր համակարգի կայացման գործում:

 

Երազում եմ, որ ունենանք այնպիսի ծառայություն, որով բոլորը հպարտանան, հասկանան, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրենց կողքին է յուրաքանչյուր պահին: Երբ մարդիկ զանգում են 911, նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց կանչը կստանա իր պատասխանը: Մենք պետք է այնպես անենք, որ յուրաքանչյուրը զգա, որ իր մեջքին կանգնած է պետությունը:

 

Եկատերինա Պողոսյանը զրուցում է Արմեն Երիցյանի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

- Պարոն նախարար, հայերիս հատուկ է արտակարգ իրավիճակի դեպքում շատ արագ խուճապի մատնվել: Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր համաքաղաքացիներին, ինչպե՞ս գործել արտակարգ պատահարների, իրավիճակների ժամանակ:

 

- Ամենավատ բանը խուճապն է: Եթե աղետից հետո խուճապ է առաջանում, զոհերի եւ վիրավորների թիվն կտրուկ ավելանում է: Նման դեպքերում պետք է սառնասրտություն ցուցաբերել: Պետք է հասկանալ, որ մենք բնակվում ենք ակտիվ սեյսմիկ գոտում, եւ երկրաշարժերը Հայաստանում եղել եւ լինելու են: Պետք է պարզապես միշտ իրազեկ եւ զգոն լինել, իսկ մենք մեր հերթին ամեն ինչ կանենք, որպեսզի բնակչությունը մշտապես տեղյակ ու պատրաստ լինի հաղթահարել արտակարգ իրավիճակները:

 

Արմեն Երիցյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին