Վիգեն Սարգսյան. “Երեխաներս ասում են, որ երբեմն աշխատանքի ինքնաթիռով եմ գնում” - Mediamax.am

persona
23236 դիտում

Վիգեն Սարգսյան. “Երեխաներս ասում են, որ երբեմն աշխատանքի ինքնաթիռով եմ գնում”

Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյան

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


ՓԱՍՏԵՐ

Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:

 

2011թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է:

 

2001-2011թթ. դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում որպես հրավիրված դասախոս:

 

Սովորել է Երեւանի պետական համալսարանում, Ֆլետչերի դպրոցում (Թաֆթս եւ Հարվարդի համալսարաններ), ՌԴ Քաղաքացիական ծառայության ակադեմիայում:

 

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի խորհրդի նախագահն է:

 

Ֆրանսիայում Հայաստանի տարվա (2005-2007թթ.) եւ Ռուսաստանում Հայաստանի տարվա (2005-2006թթ.) հայկական կողմի գլխավոր հանձնակատարն էր:

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

- Դուք ծնվել եք բժիշկների ընտանիքում, բժիշկ է նաեւ Ձեր քույրը: Ընտանիքում երբեք չե՞ն փորձել ձեզ ավանդույթի շարունակող դարձնել:

 

- Կարծում եմ հենց այն պատճառով, որ քույրս էլ է բժիշկ, ժառանգականության հարցը լուծվել է (ժպտում է): Նման սկզբունքային մոտեցում չկար, մեր տանը միշտ ազատ միջավայր էր: Բացի դրանից, քանի որ պապիկս իրավաբան էր, միշտ կարող էի հղում կատարել, որ դա էլ է ժառանգականության խնդիր (ժպտում է):

 

Այնուամենայնիվ, եթե չզբաղվեի դիվանագիտությամբ, չհետաքրքրվեի քաղաքականությամբ եւ պետական կառավարմամբ, բժշկությունն էր լինելու այն ոլորտը, որտեղ ինքս ինձ կուզեի տեսնել: Մեր շենքը, որտեղ մեծացել եմ, կոչվում էր “բժիշկների շենք”` խորհրդային տարիներին կառուցված բժիշկների կոոպերատիվ էր:

Երբ փոքր էի, անկեղծորեն զարմանում էի, որ մարդիկ երբեւէ պոլիկլինիկա կամ հիվանդանոց գնալու կարիք ունեին, որովհետեւ մեր շենքում այդ հարցը շատ հեշտ էր լուծվում` նայած ինչ գանգատ ունեիր` համապատասխան հարկ էիր բարձրանում կամ իջնում եւ բոլոր խնդիրները լուծվում էին (ծիծաղում է):

 

- Շուտով կդառնաք 37 տարեկան, որոնցից 17-ը աշխատում եք պետական կառավարման համակարգում: Սկսեցիք 1995թ. որպես ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնական` ինչպե՞ս եղավ, որ քսանամյա պատանին դարձավ խորհրդարանի ղեկավարի օգնականը:

 

- Ամեն ինչ ավելի վաղ էր սկսվել`1992 թվականին, երբ սկսեցի որպես արտահաստիքային փորձագետ աշխատել Գերագույն Խորհրդի` Էդուարդ Եգորյանի գլխավորած հանձնաժողովում: Այդ ժամանակ առաջին կուրսի ուսանող էի Սանկտ-Պետերբուրգի կառավարման ակադեմիայի հեռակա բաժնում:

 

1995 թվականին, երբ ձեւավորվեց Ազգային ժողովը, պետք է որպես արտահաստիքային փորձագետ աշխատանքի անցնեի սոցիալական հարցերի հանձնաժողովում, որի նախագահը Հրանուշ Հակոբյանն էր: Սակայն գործը դրան չհասավ, քանի որ դարձա Ազգային ժողովի նախագահի օգնական: Դա շատ անսպասելի ստացվեց, եւ ինձ մեծ ուժ տվեց ապագայում աշխատանքիս համար: Միշտ գիտակցել եմ, որ դա շատ մեծ վստահության եւ “ավանսի” դրսեւորում էր` այդ տարիքում նման պատասխանատու աշխատանք ստանալը, եւ միշտ փորձել եմ արդարացնեմ սպասելիքները:

 

Վիգեն Սարգսյանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Դա մեծ պատիվ էր, բայց նաեւ մեծ փորձություն էր` այն տարիքն էր, երբ համակուրսեցիներս ազատ ժամանակը միանգամայն այլ կերպ էին տնօրինում:

 

Իհարկե, 20 տարեկանում ԱԺ նախագահի օգնական չէի դառնա, եթե նորանկախ պետություն չլինեինք, ունենայինք քաղաքացիական ծառայության կայացած համակարգ: Շատ լավ հիշում եմ, որ Էդիկ Եգորյանն ասում էր, որ իրեն ավելի շատ “գայթակղում է” ոչ թե իմ կրթությունը, որը դեռ ընթացքում էր, այլ այն, որ ես նոր մտածողության ու նոր հայացքների կրող եմ:

 

- Դուք եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը միասին սովորել եք Սանկտ-Պետերբուրգում` քաղաքացիական ծառայության ակադեմիայում: Ուսանողական տարիներ ունեի՞ք մեծ հավակնություններ` զբաղեցնելու այն պաշտոնները, որոնք այսօր զբաղեցնում եք:

 

- Նման հատուկ քննարկումներ չենք ունեցել (ժպտում է): Սկզբում այդ բուհը կոչվում էր Լենինգրադի քաղաքագիտական ինստիտուտ, հետո դարձավ Կառավարման ակադեմիա, այնուհետեւ` ՌԴ նախագահին առընթեր Քաղծառայության ակադեմիա:

 

Ոգեւորված էինք, քանի որ շատ հետաքրքիր դասախոսական կազմ ունեինք եւ շատ լավ կուրս: Այդ կուրսի ներսում մի հեղինակային խումբ ունեինք, որը ձեւավորել էր Յուրի Վինոգրադովը: Երբ ընդունվում էինք, ես դեռեւս սովորում էի 10-րդ դասարանում, իսկ Արմեն Գեւորգյանն արդեն ուսանում էր Օրենբուրգի համալսարանի պատմության ֆակուլտետում: Խումբը բաղկացած էր մոտ 30 հոգուց` հինգս Հայաստանից էինք, մնացածը` ԱՊՀ այլ երկրներից:

 

Վիգեն Սարգսյանն ու Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

 

Պարզ էր, որ բոլորս ի վերջո աշխատելու էինք պետական կառավարման համակարգում, բայց ինչ-որ բարձր պաշտոնում հայտնվելու ձգտում ու այդպիսի քննարկումներ երբեք չենք ունեցել: Ամեն ինչ եղել է սովորական ուսանողական կատակների ձեւով:

 

- Այն փաստը, որ Դուք եւ Արմեն Գեւորգյանը ընկերներ եք, երեւի օգնո՞ւմ է աշխատանքային հարցերում:

 

- Բացի նրանից, որ երկար տարիներ մտերիմ ընկերներ ենք (կոմերիտական տարիներին ենք սկսել ընկերություն անել), նաեւ միասին աշխատել ենք ՀՀ նախագահի աշխատակազմում: Հետեւաբար, շատ լավ գիտենք միմյանց աշխատանքային ոճն ու մոտեցումները: Իհարկե, երբ թիմի ներսում աշխատանքային հարաբերությունները ջերմ են լինում, դա օգնում է խնդիրները ավելի արագ ու արդյունավետ լուծել: Ինչպես ասում են, միմյանց կարող ենք կես խոսքից հասկանալ:  

 

- Վերջին 9 տարիների ընթացքում Ձեր ղեկավարը ՀՀ նախագահն է: Սկզբում Ռոբերտ Քոչարյանը, ապա` Սերժ Սարգսյանը: Օրվա ընթացքում Դուք բազմիցս մտնում եք նախագահի սենյակ, աշխատանքային հարցեր եք քննարկում: Ձեզ մոտ միշտ կա այն գիտակցումը, որ խոսում եք երկրի ղեկավարի հետ, թե նրան ընկալում եք զուտ որպես Ձեր անմիջական ղեկավար:

 

- Կարծում եմ, որ ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատող ցանկացած մարդ, նույնիսկ եթե երկրի ղեկավարի հետ անմիջապես չի շփվում, շատ հստակ գիտակցում է, որ իր կատարած աշխատանքն երկրի բարձրագույն օղակի, երկրի թիվ 1 ինստիտուտի աշխատանքի մի մասն է: Այն պահին, երբ այդ գիտակցումը կորի կամ թուլանա, այդ մարդը կդառնա ոչ արդյունավետ: Նախագահի աշխատակազմը շատ դեպքերում «վերջին ատյանի ճշմարտությունն է», այն օղակը, որտեղ լուծվում են իշխանության տարբեր ճյուղերի միջեւ եղած տարաձայնությունները, ստորագրվում եւ հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենքները, վավերացվում մեր պետության անունից ստորագրված միջազգային փաստաթղթերը, կատարվում պետության համար առանցքային նշանակություն ունեցող նշանակումները:

 

Վիգեն Սարգսյանը տիկնոջ ու Շարլ Ազնավուրի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Հետեւաբար, աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից գիտակցում է, որ իր տված տեղեկատվությունից, դրա ամբողջականությունից կախված է կայացվող որոշումը, որը կարող է ազդել բազմաթիվ ոլորտների, մարդկանց ճակատագրերի եւ երկրի ապագայի վրա:

 

Կարծում եմ, որ ոչ միայն ես, այլեւ որեւէ մեկը, ով շփվում է երկրի ղեկավարի հետ, երբեւէ չի կարող իրեն թույլ տալ մոռանալ այս ամենի մասին: Իհարկե, տարիների ընթացքում վստահություն է ավելանում, սկսում ես քո ուժերին ավելի շատ հավատալ, բայց զգոնությունը թուլացնելու իրավունք մենք չունենք: 

- Լինո՞ւմ են դեպքեր, երբ քննարկման ժամանակ կարծիք եք հայտնում, որը չի համընկնում նախագահի կարծիքին:

 

- ՀՀ Նախագահի աշխատակազմի գործառույթը նախագահի սահմանադրական պարտականությունների կատարմանն աջակցելն է: Դրա մեջ մտնում է ցանկացած որոշման նախապատրաստման հսկայածավալ աշխատանք:

 

Երկրի ղեկավարի հետ աշխատելիս շատ կարեւոր է զգալ տարբերությունը քննարկվող եւ կայացված որոշման միջեւ: Քննարկման ժամանակ, երբ հարցը մշակման փուլում է, մեր ուղղակի պարտականությունն է ապահովել կարծիքների ու շահերի բախումը, ապահովել մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր շահագրգիռ կառույցներն ու դերակատարները կարող են կարծիք արտահայտել եւ պաշտպանել այն: Այն պահից, երբ կայացվում է քաղաքական որոշումը, այլեւս դրա տերը երկրի ղեկավարն է` որպես քաղաքական գործիչ եւ ընտրված պաշտոնյա:

 

- Ո՞րն է եղել պետական համակարգում անցկացրած Ձեր 20 տարիների ամենամեծ հիասթափությունն ու ձեռքբերումը:

 

- Դժվար է առանձնացնել որեւէ ձեռքբերում, քանի որ մենք դեռեւս գտնվում ենք պետության կայացման փուլում: 20 տարին մարդկային կյանքի առումով շատ մեծ ժամանակահատված է, եւ բնական է, որ մենք ուզում ենք մեծ փոփոխություններ ու առաջընթաց տեսնել: Բայց պետության պատմության համար 20 տարին պարզապես ակնթարթ է:

 

Հիասթափություններ, իհարկե, լինում են` բոլորս ցանկանում ենք ապրել մի երկրում, որտեղ պետական ինստիտուտները շատ ավելի ուժեղ են, անաչառ, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն շատ ավելի պաշտպանված է զգում:

 

Վիգեն Սարգսյանը ներկայացնում է ՀՀ անկախության 20-ամյակի ծրագիրը

Լուսանկարը` Mediamax

Կարծում եմ, բնական, դրական եւ շատ օգտակար է, երբ մենք քննադատաբար ենք մոտենում մեր նվաճումներին: Ամենավատ բանը ինքնագոհությունն է: Մրցակցային ոգին մեր ժողովրդի մեջ շատ ուժեղ է: Դա մեր առավելություններից մեկն է` մեզ չի գոհացնում, երբ մենք բազմաթիվ չափանիշներով լավագույնն ենք նախկին ԽՍՀՄ երկրների շարքում. մենք ուզում ենք դասվել ամենաարդյունավետ, կայացած, տնտեսապես ուժեղ երկրների հետ:

 

- Դուք մտադիր եք ամբողջ կյանքը քաղաքականությամբ զբաղվե՞լ, թե կարող է մի պահ գալ, երբ որոշեք շրջադարձ կատարեք:

 

- Որեւէ գործով զբաղվելիս պետք է բավարարվածության զգացում ունենաս, որպեսզի կարողանաս առաջ շարժվել: Այլապես հնարավոր չէ ոչնչի հասնել:

 

Եթե գտնում ես, որ այդ աշխատանքը որեւէ մեկը քեզանից լավ կարող է անել, կամ տեսնում ես, որ ավելորդ բեռ ես այս կամ այն համակարգի համար, այդ դեպքում անիմաստ է շարունակելը:

 

Մինչեւ այս պաշտոնս միշտ համարել եմ, որ ավելի շատ պետական կառավարման համակարգում եմ, քան քաղաքականության մեջ: Քաղաքականության մեջ լինելու համար պետք է մասնակցես ընտրություններին: Ես երբեք ընտրություններին ուղղակիորեն չեմ մասնակցել ու չեմ համարել, որ քաղաքական գործիչ եմ: Պետական կառավարման համակարգում զբաղեցրել եմ կարեւոր եւ պատասխանատու պաշտոններ, բայց դա եղել է իմ մասնագիտական գործունեությունը:

 

Վիգեն Սարգսյանը զրուցում է բանակում զոհված զինվորների ծնողների հետ

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

1998 թվականին, երբ Բաբկեն Արարքցյանը հրաժարական ներկայացրեց, ես էլ դիմում գրեցի: Զբաղեցնում էի հայեցողական պաշտոն եւ համարեցի, որ նորընտիր ԱԺ նախագահը պետք է ազատ լինի իր օգնականների եւ խորհրդականների ընտրության մեջ: Երբ քննարկում էինք դիմումս, ազնվորեն ասացի, որ ինձ համար պետական կառավարման համակարգը մասնագիտություն է եւ ոչ թե հոբի, ու եթե ես ստանամ հետաքրքիր առաջարկ, ապա կշարունակեմ աշխատանքը համակարգում:

 

Մինչ օրս էլ մոտեցումս այդպիսին է: Չեմ բացառում, որ մի օր կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ինձ արված առաջարկը այս կամ այն պատճառով անընդունելի համարեմ, կամ կգտնեմ, որ բավականաչափ պատրաստ չեմ այդ գործն անելու: Այդ դեպքում պարզ կլինի, թե ինչով կզբաղվեմ:

 

- Բացառո՞ւմ եք մի իրավիճակ, երբ կարող եք ընտրովի պաշտոն զբաղեցնել եւ հայտնվել ոչ թե առաջարկներ ստացողի, այլ անողի դերում: Կա՞ այդպիսի մի «գիծ», որը կարող եք մի օր հատել:

 

- Կարծում եմ, որ այդ գիծը արդեն անցա` ինձ համար էլ շատ անսպասելի կերպով: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն այն պաշտոնն է, որտեղ դու ոչ միայն առաջարկ ստացող ես, այլ բազմաթիվ առաջարկներ անող: Մի ամբողջ աշխատակազմ է քեզ հետ աշխատում եւ դու առնչվում ես առաջարկ անելու անհրաժեշտության հետ:

 

Լրացուցիչ պատասխանատվություն եմ զգում որպես Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի անդամ` դա երկրի կարեւորագույն քաղաքական որոշումների նախապատրաստման օղակ է:

- Ենթադրում եմ, որ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո ազատ ժամանակ գրեթե չունեք: Ինչպե՞ս եք ժամանակ գտնում ընտանիքի համար:

 

- Ընտանիքիս հետ փորձում եմ անցկացնել կիրակի օրերը, առավելագույնը տալ երեխաներին, կնոջս, ծնողներիս, որոնց երբեմն երկար ժամանակ չեմ տեսնում:

 

Առավոտյան, երբ աղջկաս դպրոց եմ տանում, փորձում ենք ճանապարհին հետաքրքիր մի բան քննարկել: Երեկոյան, երբ վերադառնում եմ, երեխաները շատ հաճախ արդեն քնած են լինում: Այնպես որ, ընտանեկան շփման համար հիմնականում մնում է առավոտյան 07:00-ից 07:30-ը ընկած կես ժամը:

 

Վիգեն Սարգսյանը Ռաֆայել Հովհաննիսյանի ու Դավիթ Երեւանցու հետ` Վիլյամ Սարոյանի արձանի բացմանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Կինս ու երեխաներս ըմբռնումով են մոտենում, արդեն սովոր են: Երեխաները հաճախ հարցնում են` այսօր մեքենայով եմ աշխատանքի գնում, թե՞ ինքնաթիռով (ժպտում է): Դեպքեր են եղել, երբ առավոտյան երեխաներին տարել եմ մանկապարտեզ, ապա ՀՀ նախագահի հետ մեկնել եմ Սոչի, երեկոյան վերադարձել եմ ու հասցրել եմ երեխաներին տուն բերել:

 

- Գիտեմ, որ հաճախ ինքնուրույն եք վարում ավտոմեքենան: Դա երեւի զարմացնում է պետավտոտեսուչներին եւ Ձեր գործընկերներին:

 

- Շատ ուշ եմ սկսել մեքենա վարել ու, երեւի, դեռ չեմ “հագեցել” (ժպտում է): Ծառայողական մեքենայից իսկապես քիչ եմ օգտվում, հիմնականում միայն արարողակարգային անհրաժեշտության դեպքում: Դա հետխորհրդային ֆենոմեն է` բազմաթիվ երկրներում շատ պաշտոնյաներ ծառայողական մեքենա առհասարակ չունեն:

 

- Այսօր շատ են խոսում այն մասին, որ չնայած երիտասարդների առկայությանը մեր պետական համակարգում, քաղաքական սերնդափոխություն մեզ մոտ տեղի չի ունենում:

 

- Համաձայն չեմ այն կարծիքին, որ մեզ մոտ կառավարչական էլիտայի սերունդը չի փոխվում: Ակնհայտ է, որ վերջին երկու տարվա ընթացքում ունեցել ենք երիտասարդ կադրերի շատ կարեւոր նշանակումներ`Երեւանի քաղաքապետը, պաշտպանության առաջին փոխնախարարը, այլ փոխնախարարներ, վարչության պետեր:

 

Այսօր բազմաթիվ ոլորտներում ունենք երիտասարդ ղեկավարներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ապացուցում են, որ պատրաստ են շատ բան փոխել: Կա փորձի, գիտելիքների, ոգեւորվածության եւ կարողությունների համադրման մի ոսկե միջին, որը պետք է հասունանա, որպեսզի երիտասարդ պաշտոնյան արդյունավետ դառնա: Շատ երկրներում դրան հասնելու համար հեղափոխություն են անում, իսկ մեզ մոտ դա տեղի է ունենում էվոլյուցիոն կարգով` անմիջապես Նախագահի նախաձեռնությամբ: Նա ցույց է տալիս, որ պատրաստ է կարեւորագույն օղակներ եւ ոլորտներ վստահել երիտասարդներին, դրան զուգահեռ նրանցից պահանջելով ժամանակի, էներգիայի, կարողությունների մեծ նվիրում: Կարծում եմ, արդյունքները կերեւան մի քանի տարի անց:

 

Սա շատ պատվաբեր հնարավորություն է բոլորիս համար: Երբ մտածում ես կյանքում անելիքի մասին, ապա քիչ բան կարող է համեմատվել նրա հետ, երբ փորձում ես քո ժողովրդի համար անել բաներ, որոնք կփոխեն կյանքի որակը, մարդկանց տրամադրությունը, հույսերն ու սպասելիքները:

Վիգեն Սարգսյանի զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին