Ռուբեն Վարդանյան. «Մեզ սպասում է ռեֆորմացիա, հեղափոխություն, կամ էլ ինկվիզիցիա» - Mediamax.am

persona
228352 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Մեզ սպասում է ռեֆորմացիա, հեղափոխություն, կամ էլ ինկվիզիցիա»

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

Լուսանկարը` «Տրոյկա Դիալոգ»

Լուսանկարը`


ՓԱՍՏԵՐ

 

Ռուբեն Վարդանյան

 

•    Ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երեւանում:

 

•    Ամուսնացած է, ունի չորս երեխա:

 

•    Սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, INSEAD-ում, Հարվարդի բիզնես դպրոցում: 

 

•    Մոսկովյան կառավարման ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Համակարգող խորհրդի անդամ:

 

•    2011թ. պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

 

- Հունվարի վերջին ռուսական թերթերը գրեցին, որ «Տրոյկա Դիալոգ»-ն «այլեւս գոյություն չունի»՝ ի նկատի ունենալով, որ ընկերությունը Սբերբանկին վաճառելու գործարքի ավարտից հետո «Տրոյկա»-ի բրենդը կդադարի գոյություն ունենալ: «Վեդոմոստի»-ի հետ հարցազրույցում Դուք ասացիք, որ բրենդի պահպանումը «իմաստ չունի, եւ եթե մենք ցանկանում ենք զարգացնել Սբերբանկ խմբի ծառայությունները, ապա ավելի ճիշտ է Սբերբանկ կոչվել»: Դուք իսկապե՞ս ոչ մի հատուկ զգացմունքներ չունեք այդ առումով. դադարում է իր գոյություն ունենալ մի ապրանքանշան, որը դուք ստեղծում էիք 1991 թվականից սկսած՝ գլխավորելով ԽՍՀՄ առաջին ներդրումային բանկը:

 

- Պետք է հասկանալ, որ բիզնեսն իր օրենքներն ունի: Պայմանականորեն ասած, երբ ձեր աղջիկն ամուսնանում է, նա փոխում է իր ազգանունը: Իսկապես, մեր բիզնեսը զրոյից է կառուցվել, եւ 21 տարիների ընթացքում շատ բան է արվել: Ինչ վերաբերում է ապրանքանշանի փոփոխմանն, ապա, ինչպես արդեն ասել եմ այլ հարցազրույցի ընթացքում, դա ճիշտ է: Միգուցե, դա նաեւ ավելի լավ է, քանի որ, եթե «Տրոյկա»-ն որպես ապրանքանիշ պահպանվեր, սակայն փոխեր իր բովանդակությունը, դա ավելի վատ կլիներ: 

 

«Տրոյկա Դիալոգ»-ը միշտ ասոցացվել է որոշակի մշակույթի հետ, եւ, դառնալով մեծ խմբի մաս, ակնհայտ է, որ շատ բաներ նրա կյանքում կփոխվեն: Փոխվում է աշխարհը մեր շուրջ, եւ մենք բոլորս պետք է փոխվենք:  

 

Էմոցիոնալ տեսանկյունից, իհարկե, ինչ-որ չափով տխուր եմ, բայց միեւնույն ժամանակ ուրախ եմ: Ավարտվեց մի փուլը, եւ սկսվում է նորը` կարծում եմ, հետաքրքիրը եւ հեռանկարայինը:

 

- Գործարքի ավարտից հետո ինքներդ ձեզ հետ համերա՞շխ եք:

 

- Լավ հարց է: (Ժպտում է): Կարծում եմ, որ, երեւի, աշխարհում ամենամեծ երջանկությունը ինքդ քեզ հետ համերաշխ լինելն է` անկախ նրանից, թե ինչով ես զբաղվում:

 

Ինձ համար դա լիովին գիտակցված որոշում է եղել: Ավելին, որոշումը կայացվել է բավականին վաղուց: Ինձ շատերը հարցնում են, ինչո՞ւ մենք չվաճառեցինք «Տրոյկա Դիալոգը» 2007 թվականին: Երեւի, այն ժամանակ ես չարեցի դա հենց այն պատճառով, որ ցանկանում էի ինքս ինձ հետ համերաշխ լինել: (Ժպտում է): Ընդհանրապես չեմ փոշմանում, որ այն ժամանակ չվաճառեցի ընկերությունը, չնայած եւ գումարն էր շատ ավելի մեծ, եւ բանկն էր միջազգային, եւ ես կարող էի մեծ միջազգային ընկերությունում բանկիրի շատ հետաքրքիր կարիերա ունենալ: Սակայն այն ժամանակ, 5 տարի առաջ, խորհում էի գործարքի հուշագրի ստորագրման նախօրեին եւ հանկարծ հասկացա, որ եթե ես դա անեմ, ապա ինքս ինձ հետ համերաշխ չեմ լինի: Այն ժամանակ մեր գործընկերությունը սկսեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես մենք ծրագրել էինք՝ մենք երազանք ունեինք մեծ բանկ ստեղծել, որը ներկայացնում է Ռուսաստանը գլոբալ շուկաներում, եւ հետաքրքիր չէր լինի վաճառել ընկերությունը առանց փորձելու իրականացնել այն, ինչ մտածել էինք: 2008 թվականի ճգնաժամը շատ բան փոխեց մեր ոլորտում: Ես հասկանում եմ, ինչ է դրանում կատարվում հիմա, ինչ օրենքներ են:  

«Տրոյկա» եւ Սբերբանկ
դոսյե
«Տրոյկա» եւ Սբերբանկ

Բացի այդ, ես ասել էի, որ պատրաստվում եմ ավարտել կարիերան 2012 թվականին: Ես հանգստանալու, մտածելու, բոլոր «կողմ» եւ «դեմ»-երը կշռելու կարիք չունեմ: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչով եմ ցանկանում զբաղվել հետագայում: Ինձ դա դուր է գալիս, եւ ես ցանկանում եմ գեղեցիկ ձեւով ավարտել «Տրոյկա»-ի պատմությունը, հնարավորինս հաջող ինտեգրում իրականացնել, որպեսզի եւ գործընկերները, եւ Սբերբանկը այդ գործարքից մեծ գումարներ աշխատեն: 

 

 

-Փոխվում է ոչ միայն ձեր ոլորտը, այլեւ ամբողջ աշխարհը: Իմ ծանոթներից մեկը վերջերս, կարծում եմ, շատ լավ սահմանում տվեց: Նա ասաց. «աշխարհն ավելի եւ ավելի նմանվում է դոնդողի»: Աշխարհը դառնում է որոշակի զանգված, որտեղ չկա ոչ մի կայուն բան եւ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել: Դա ձեզ չի՞ վախեցնում: 

 

- Իսկապես, մենք շատ անկայուն կառուցվածքի ականատեսն ենք: Համաձայն եմ՝ այն նման է դոնդողանման, ոչ հստակ զանգվածի: Եթե դիտարկենք պատմական տեսանկյունից, ապա աշխարհում միշտ լինում էին երկու-երեք կայսրություններ, որոնք սահմանում էին Եվրոպայի եւ աշխարհի դեմքը: Ու չնայած նրան, որ բոլորն ապրում էին մշտական սպառնալիքի պայմաններում, հստակ եւ հասկանալի համակարգ էր գործում:

 

Այսօրվա իրավիճակը, երբ աշխարհում կա դերակատար-երկրների հսկայական քանակ եւ դրանց մեջ չկան մեկ կամ մի քանի հեգեմոններ, իսկապես, ամենալավը չէ: Մեկ այլ նրբությունն այն է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ չկան իսկապես ուժեղ եւ պայծառ առաջնորդներ: Չեմ ցանկանում նեղացնել այսօրվա քաղաքական գործիչներին, սակայն նրանց դժվար է համեմատել դե Գոլի կամ Չերչիլի հետ: Քիչ են խարիզմատիկ քաղաքական գործիչները, եւ գլոբալ համակարգն անկայուն է դարձել:

 

Համակարգում այնպիսի առաջնորդների բացակայությունը, որոնք կկարողանային դրանում կարգ ու կանոն հաստատել, մտահոգում է: Բայց դա է իրականությունը եւ մենք պետք է ապրենք դրա հետ, ընդունենք այն եւ փորձենք երջանիկ լինել:

 

- Աշխարհում հսկայական տեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք քաղաքացիներին ինքնակազմակերպման գործիքներ են տալիս: Մարդիկ, թվում է, այլեւս ավանդական քաղաքական եւ հասարակական ինստիտուտների կարիքը չունեն: Օրինակ, Ռուսաստանում հանրահավաքին ելույթ ունեցողների ցուցակը ընտրում էին հենց դրա մասնակիցները՝ քվեարկելով սոցիալական ցանցերում: Սա, իհարկե ունի իր առավելությունները, սակայն նաեւ խնդիր կա: Շատ հաճախ սոցիալական կայքերում առաջնային պլան են դուրս գալիս այն մարդիկ, որոնք իրական կյանքում ոչնչի չեն հասել ու նրանց շատ ավելի հարմար է քննարկումներ անել համակարգչի առջեւ նստած, քան որեւէ իրական բան փոխել: Արդյունքում շեղում է ստացվում՝ նոր առաջնորդներ են հայտնվում, որոնք, ըստ էության, իրական առաջնորդներ չեն: Չե՞ք կարծում, որ ի վերջո սա կարող է բերել ոչ թե ավելի մեծ ժողովրդավարության, բայց այլ մեծ քաոսի:

 

- Հարցը բազմաշերտ է, քանի որ մենք ֆանտաստիկ տեխնոլոգիական առաջընթացի վկաներ ենք, որից ետ են մնում քաղաքական եւ տնտեսական համակարգերը: Ընդհանրապես, տեխնոլոգիաների, բիզնեսի եւ քաղաքականության, գիտակցության եւ վարքի փոխհարաբերությունների թեմաները չափազանց հետաքրքիր են: 

 

Իսկ ինչ վերաբերում է առաջնորդներին եւ նրանց ճանաչված լինելուն, ապա չնայած իմ մեծ հարգանքին ժողովրդավարության եւ կարծիքն արտահայտելու մարդկանց իրավունքին, ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելու առաջնորդի իրավունքն ու պարտականությունները չպետք է որոշվեն մարդկանց մեծ քանակի շրջանում նրա հանրաճանաչ լինելու հանգամանքով միայն: Ցավոք, հայտնի լինելը միշտ չէ, որ նշանակում է, որ դու կարող ես կոշտ որոշումներ կայացնել, որոնք հարկավոր են աշխարհում այն փոփոխությունների համատեքստում, որոնց մասին մենք քիչ առաջ խոսեցինք, եւ պատասխանատվություն կրել այդ որոշումների համար:

 

Էսկապիզմի՝ իրականությունից մարդկանց փախուստի խնդիրը, այսօր արտահայտվում է մեծ ակտիվությամբ Facebook-ի համայնքում եւ այլ սոցիալական կայքերում: Մարդիկ իրենց պատկերն են ստեղծում վիրտուալ աշխարհում, փաստորեն, այսպես կոչված վիրտուալ համայնքներ են ստեղծվում, որոնք ունեն իրականությանը չհամապատասխանող իրենց օրենքներն ու կանոնները: Ճիշտ այդ պատճառով շատ մարդիկ, ովքեր ինտերնետում ակտիվ են, շատ պասիվ են սոցիալական կյանքում:

 

Վիրտուալ եւ իրականություն, պոպուլիզմ եւ էլիտարություն, ժամանակակից տեխնոլոգիաներ եւ քաղաքական համակարգի հետամնացություն՝ այս ամենն միասին վերցված կարող է մեզ համար շատ վտանգավոր լինել:

 

- Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը: Մարդիկ ինքնուրո՞ւյն են կողմնորոշվելու սոցցանցերում, թե՞ կհայտնվեն նոր խարիզմատիկ լիդերներ, որոնք ամեն ինչ իրենց ձեռքը կվերցնեն:

 

- Ժամանակին մի հետաքրքիր միտք կարդացի այն մասին, որ աշխարհում բոլոր փոփոխությունները տեղի էին ունենում ռեֆորմացիայի, հեղափոխության կամ ինկվիզիցիայի միջոցով: Այսինքն` կան փոփոխություններն իրագործելու ընդամենը 3 մեխանիզմներ: Նրանք բոլորն էլ հղի են մեծ զոհերով: Չեմ ուզում ոչ մեկին սարսափեցնել, բայց դա պատմության օրենքն է եւ մեզ դժվարին ժամանակներ են սպասում:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Համակարգի ցանկացած փոփոխություն բերում է զոհերի, թող ոչ բառացի իմաստով: Բազմաթիվ շերտեր զգալիորեն կտուժեն, եւ դա կբերի հոգեբանական ճգնաժամի: Կլինի ռեֆորմացիա կամ հեղափոխություն: Մոխրագույն առաջնորդներին սովորաբար փոխարինում են սեւ առաջնորդները: Անցյալ դարի 20-ական թվերին Եվրոպայում ի հայտ եկավ մոխրագույն լիդերների մի ստվար զանգված, շատ պոպուլիզմ կար: Մարդիկ հոգնել էին Առաջին համաշխարհային պատերազմից, ուզում էին շունչ քաշել, իսկ խնդիրները կամ չէին լուծվում, կամ լուծվում էին մասամբ: Այս իրադրությունից օգտվեցին ավելի կոշտ առաջնորդները, ինչն արդյունքում բերեց Երկրորդ համաշխարհայինի:

 

Այդ պատճառով, կարծում եմ, մեզ սպասում է համակարգի ջարդման շրջան: Ո՞ւմ առաջ կմղի պատմությունը,  ինչպիսի՞ առաջնորդներին: Կարծում եմ, մենք կանգնած ենք լուրջ սոցիալ-քաղաքական փոփոխությունների շեմին, որոնք տեղի կունենան 5-10 տարուց:

 

- Ի՞նչ եք կարծում, աշխարհում բարի թե՞ չար մարդիկ են ավելի շատ:

 

- Եթե աշխարհում գերակշռեին չար մարդիկ, այն շուտվանից կդադարեր գոյություն ունենալ: Միանշանակ է, որ բարի մարդիկ ավելի շատ են:

 

- Եթե մենք կանգնած ենք մեծ ռիսկերի եւ փոփոխությունների շեմին, ուզում եմ հավատալ, որ լավ եւ բարի մարդիկ աշխարհում իսկապես ավելի շատ են: Կարծում եմ, դա ամենավատ հանգուցալուծումից՝ ինկվիզիցիայից խուսափելու երաշխիքներից մեկն է: 

 

- (Ծիծաղում է): Բանն այն է, որ բարի մարդկանց մենք ընկալում ենք որպես սովորական երեւույթ, եւ այդ պատճառով չարիքի մասին ավելի շատ են գրում եւ ֆիլմեր նկարահանում: Հայրս ասում էր, որ չար մարդը նման է բազմության մեջ գրիպով հիվանդ մեկին. նա հազում է եւ դրանով առանձնանում է: Բայց բարի մարդիկ միշտ ավելի շատ են:

 

Բարության մասին շատ դժվար է խոսել, դա ձանձրալի մի բան է թվում, մինչդեռ չարիքն իր բոլոր սարսափներով ու չափազանցություններով պատկերելը շատ ավելի հեշտ է: Այդ պատճառով մենք միմյանց պատմում ենք ավելի շատ վատ պատմություններ, քանի որ դրանք մեզ համար ավելի հետաքրքիր են:

 

Կրկնվեմ, ես խորին համոզմունք ունեմ, որ աշխարհը կդադարեր գոյություն ունենալ, եթե բարի, նորմալ մարդիկ ավելի քիչ լինեին: Ոչ մեկս սուրբ չենք, բայց սատանայի զավակներն էլ չենք: Ուրիշ բան, որ ցավոք, որոշ հիմնարար սկզբունքների քայքայման պայմաններում բացասական ներքին դրայվով մարդկանց ավելի հեշտ է դառնում հասնել իշխանության: Այս պատճառով էլ Հիտլերը, որը դժոխքի ծնունդ էր, նման պայմաններում իշխանության եկավ:

 

Հեղափոխության վտանգը գոյություն ունի եւ այն շատ լուրջ է: Բայց միեւնույն ժամանակ աշխարհը դառնում է ավելի բաց եւ դա շատ կարեւոր է, քանի որ տեղեկատվությունը մարդկանց համար ավելի հասանելի է դառնում: Այդ պատճառով ես հույս ունեմ, որ ինքնապահպանման բնազդը մեզ դուրս կբերի ճգնաժամից:

 

- Անցյալ տարի SPEAR'S ամսագրին տված հարցազրույցում Դուք ասել էիք, որ ժամանակակից աշխարհում մարդը դառնում է հաջողության առավել կարեւոր տարրը, ավելի կարեւոր, քան ենթակառուցվածքները եւ արտադրական հզորությունները:

 

- Մինչեւ 19-րդ դարը մարդկանց մեծամասնությունը գյուղացիներ էին, հողը հարստության հիմնական աղբյուրն էր. հողի համար պատերազմներ էին մղվում եւ քաղաքական խաղեր էին ընթանում: Մարդկանց մյուս մասը, այսպես կոչված, պետական ծառայողներն էին, իսկ մնացածը չէին աշխատում: Այնուհետեւ սկսվեց արդյունաբերական հեղափոխությունը, ի հայտ եկան ավելի շատ բանվորներ, որոնք կոպիտ ասած, արտադրական համակարգի պտուտակներն էին: Հետինդուստրիալ հասարակությունում զարգացավ ծառայությունների ոլորտը եւ այսօր մարդկանց մեծամասնությունը որեւէ բան չի արտադրում: Գյուղատնտեսության եւ արդյունաբերության ծավալները փոքրանում են: 

 

Մարդը միշտ էլ կարեւոր էր, բայց երբ պարզվեց, որ պայքարն արդեն  ընթանում է ոչ թե բնական ռեսուրսների, ենթակառուցվածքի կամ արտադրական հզորությունների համար, արդիական դարձավ պայքարել նրա համար, որ այն փոքրաթիվ մարդիկ, որոնք կարող են անել ավելին, աշխատեն հենց քո հետ: Կարեւոր է այնպես անել, որ այդ մարդիկ աշխատեն քեզ համար, որ դու կարողանաս գտնել նրանց եւ նրանցից ստանալ առավելագույն արդյունավետություն: Դա նոր մարտահրավեր է հետտնտեսական գործընթացների տեսանկյունից:

 

Անցյալում տեղեկատվությունը հասանելի էր միայն մոգերին, հոգեւորականներին եւ գաղտնի կազմակերպությունների անդամներին, իսկ հասարակ մահկանացուն ստանում էր տեղեկատվության մի փոքր կտոր ուսուցչից կամ հոգեւորականից: Բոլորը գնում էին եկեղեցի՝ վերջին նորությունները լսելու: Այսօրվա տեղեկատվական հոսքը ջրվեժի պես թափվում է մարդկանց վրա եւ դրանում չխեղդվելը շատ դժվար է: Միայն քչերն են ունակ վերցնել անհրաժեշտ տեղեկատվությունը այս հոսքից, մշակել այն եւ այդ հիմքի վրա ստեղծել նորը:

 

Աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ՝ այն դարձել է ավելի փոքր եւ հասանելի: Այսօր կարելի է ունենալ Ռուսաստանի քաղաքացիություն, ապրել Լոնդոնում, աշխատել Ինդոնեզիայում, մինչդեռ ձեր ընտանիքը, օրինակ, կբնակվի Սինգապուրում: Դա շատ կարեւոր որակյալ փոփոխություն է, որովհետեւ մարդը մոբիլ է դարձել:

 

Այս բոլոր գործոնները շատ կարեւոր դեր ունեն նոր սոցիալ-տնտեսական տարածք ստեղծելու գործում:

 

- Կա մի ծեծված հարց, որը միշտ տալիս են գործարարներին: Հաջողության բանաձեւի մասին է: Օրինակ, կա մի թեզ, որ հաջողության հասնելու համար պարտադիր պետք է շատ աշխատել: 

 

- Դա ճիշտ չէ: (Ժպտում է):

 

- Եթե չեմ սխալվում, Ուորեն Բաֆեթն ասել է, որ «կարեւոր չէ, որքան լավ ես նավարկում, կարեւորն այն է, որ դու դա անես ճիշտ նավակում նստած»:

 

- Պետք է տարբերել նրանց, ովքեր ուղղակի գումար են վաստակում, հատկապես Ռուսաստանում կամ Հայաստանում, որտեղ կարելի է դա անել պետական համակարգի անկատարության եւ լոբբիստական հնարավորությունների վրա, նրանցից, ով կարող է բիզնես կառուցել: Գումար վաստակելու եւ ճիշտ բիզնես վարելու կարողությունը տարբեր բաներ են: Գումար վաստակել կարելի է տարբեր եղանակներով, այդ թվում` անօրինական: Կարելի է բացառիկ վերլուծական հատկություններ ունենալ, օգտագործել գիտելիքները որոշումներ կայացնելու համար, սակայն դրանք իրական բիզնես կառուցելու նպատակ չեն ունենա: Բիզնեսի կառուցումը այլ տաղանդ, մակարդակ եւ պատասխանատվություն է պահանջում:

 

Առողջ հասարակությունը տարբերվում է նրանով, որ մարդկանց տարբեր խմբեր է նույնականացնում եւ օգնում է ճիշտ ոլորտ, համակարգ ընտրել, որը նրանց թույլ կտա ինքնաարտահայտվել: Դու պետք է իմանաս, կունենաս արդյո՞ք մասնագիտական աճ տվյալ երկրում, կլինի՞ ընտանիքդ անվտանգության մեջ, կկարողանա՞ն երեխաներդ որակյալ կրթություն եւ բժշկական ծառայություններ ստանալ:

 

Կա նաեւ գործատուի եւ ստեղծագործ մարդկանց հարաբերությունների խնդիր, որոնք այդքան էլ չեն սիրում կառավարման արդյունաբերական համակարգը եւ որոնց դեպքում անխուսափելի է որոշակի համակարգային քաոսը: Մարդկանց 95% ցանկանում է համակարգի մեջ լինել, նրանց համար դա նորմալ վիճակ է, սակայն կան նաեւ այն 5 %-ը, որոնք միշտ ցանկանում են դուրս թռնել այդ համակարգից: Նման մարդկանց առավել դժվար է ղեկավարել, սակայն նրանց մեջ պետք է ներդրել՝ մանկությունից սկսած:

 

Այսօր հաճախ են ասում, որ մարդիկ ամենաթանկ ակտիվն են: Ես հաճախ հարցնում եմ մարդկանց` որքա՞ն ժամանակ են նրանք ծախսում իրենց ամենաթանկ ակտիվի վրա: Եթե պատասխանը լինում է՝ ժամանակի 10%-ը, ապա էլ ինչ գլխավոր ակտիվի մասին է խոսքը: 

 

- Այդ նույն հարցազրույցում Դուք խոսել էիք «բարեգործության ինդուստրիայի» մասին եւ ասել էիք, որ միգուցե ավելի լավ է բարեգործության համար ընդհանրապես գումարներ չտալ, քան տալ 1 միլիարդ` «վարձահատույց» լինելու նպատակով: Ի՞նչ եք հասկանում` «բարեգործության ինդուստրիա» ասելով:

 

- Իմ պատկերացմամբ, այդ ինդուստրիան պետք է այնպես կառուցվի, որ մարդիկ հասկանան իրենց հնարավորությունները: Հաճախ ասում են, որ «պետք է ոչ թե ձուկ, այլ կարթ տալ”: Կարծում եմ, որ Ռուսաստանում եւ Հայաստանում պարզապես կարթ տալը քիչ է, պետք է տալ ամենալավ, ամենաժամանակից կարթը, որպեսզի մարդն իրոք մրցունակ ու արդյունավետ լինի ու ձգտի լավագույն չափանիշներին: Նրան պետք է սովորեցնել օգտվել այդ նոր կարթից ու չվախենալ դրանից:

 

Եթե նայենք իմ նախագծերից շատերին, ապա օպերացիոն առումով նրանք պետք է ինքնուրույն եւ արդյունավետ լինեն, որպեսզի ոչ մեկից կախում չունենան ու շարունակեն զարգանալ: Դրանց թվում են «Տաթեւի վերածնունդը», ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկովյան կառավարման դպրոցը, Դիլիջանի դպրոցի նախագիծը: Կարծում եմ, Հայաստանի ապագա հաջողության եւ զարգացման համար շատ կարեւոր է ավելացնել սոցիալական ձեռնարկատիրության մասնաբաժինը, երբ պետք է գումարներ աշխատել ու նորից ներդնել դրանք` ստեղծված ուղղության զարգացման համար:

 

ՀՀ նախագահը Ռուբեն Վարդանյանին է շնորհում Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

 

Վերադառնալով բարեգործության ինդուստրիային, նշեմ, որ դա չափազանց լուրջ ուղղություն է, որտեղ պետք է աշխատեն պրոֆեսիոնալ հաշվապահներ, իրավաբաններ: Պետք է գործի հստակ փոխհարաբերությունների համակարգ այն մարդկանց հետ, ով գումար է հատկացրել կամ ցանկանում է անել դա, ինչպես նաեւ նրանց հետ, ովքեր տնօրինում են այդ գումարները:

 

Բարեգործության սոցիալականությունն անխուսափելի է: Եթե ես կառուցել եմ 20 եկեղեցի եւ կարծում եմ, որ գործս արել եմ, ապա դա աշխատանք չէ հասարակության համար: Այս դեպքում «ես»-ը վեր է կանգում հանրային շահից: Բարեգործության ինդուստրիան պետք է գրավիչ դառնա պրոֆեսիոնալների համար, որպեսզի նրանցից լավագույնները ցանկանան աշխատել դրանում, որպեսզի պետության ու մասնավոր հատվածի հետ փոխհարաբերությունների շատ հստակ համակարգ կառուցվի: Սա շատ հետաքրքիր մարտահրավեր է:

 

Ինձ համար սա չափազանց կարեւոր տարր է մեր հասարակության ապագայի ապահովման առումով, քանի որ այսօր մենք ապրում ենք մի համակարգում, որտեղ մարդիկ չեն հավատում գործող մեխանիզմներին ու չեն զգում իրենց պարտավորությունները:

 

- Այսինքն, այսօր բարեգործության ինդուստրիան ձեզ ավելի շա՞տ է հետաքրքրում, քան բիզնեսը:

 

-Ես միշտ փորձում էի զբաղվել նրանով, ինչը կարող է փոխել մեզ շրջապատող աշխարհը: Դա սկսվեց 1991-ի հունվարին ստեղծված «Տրոյկա Դիալոգից», երբ Կոմունիստական կուսակցությունը դեռեւս ղեկավարում էր Սովետական Միությունը: Այդ ժամանակ ոչ մեկը չգիտեր, թե ինչ է ֆոնդային շուկան, ու ես վստահ էի, որ միջնորդներ են հարկավոր` շուկայական մեխանիզմը Ռուսաստան բերելու համար:

 

Իմ փիլիսոփայությունն այն է, որ դա սովորական բիզնես չէ, որտեղ կարելի է լավ գումարներ վաստակել, այլ մի բիզնես, որը կօգնի երկիրը փոխել: Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, Ռուսաստանում դեռ շատ բան է տեղի ունենալու, եւ դրանում «Տրոյկան» իր մեծ ներդրումն ունի:

 

Ինձ համար բիզնեսը եւ բարեգործությունն անչափ հետաքրքիր թեմաներ են, սակայն ես այն չեմ դիտարկում այն առումով, որ «եթե դու շատ գումար ես վաստակել, պետք է բարեգործությամբ զբաղվես»: Ես այդ թեմային ավելի մասնագիտորեն եմ մոտենում: 

 

- Մեկ անգամ չէ, որ ասել եք, որ չեք պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել, մասնավորապես, Հայաստանում: Երբեմն, կարելի է կարծիք լսել այն մասին, որ նախագծեր իրականացնելով Հայաստանում, Ռուբեն Վարդանյանը, կոպիտ ասած, «վարձահատույց» է լինում, որպեսզի Հայաստանի խնդիրներով չզբաղվի ամբողջ ծավալով: Մյուս կողմից, Ձեր ցանկացած հարցազրույց առաջ է բերում մեկնաբանությունների տարափ, հատկապես երիտասարդների շրջանում, որոնք վստահ են, որ Հայաստանին այսօր պետք են Ձեզ նման մարդիկ:

 

- Այդպիսին է մարդկանց կարծիքը, ես չեմ կարող գնահատականներ տալ: Ես հարգում եմ ցանկացած մարդու կարծիքը, իսկ իմ մասին լսում եմ ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Այնուամենայնիվ, կցանկանայի նշել մի քանի կարեւոր կետեր: 

 

Սկսենք նրանից, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա օբյեկտիվորեն գնահատել իր թույլ եւ ուժեղ կողմերը: Ես շատ լավ ներդրումային բանկիր եմ, եւ դա գիտեմ: Շատ մարդկանց եմ օգնել հարստանալ եւ դրանով գումար եմ վաստակել: Բայց ես այդքան էլ լավ գործարար չեմ սեփական բիզնեսը, արդյունաբերական կայսրություններ ստեղծելու տեսանկյունից:

 

Ինձ համարում եմ նաեւ ոչ այնքան լավ քաղաքական գործիչ, չինովնիկ եւ ինձ բացարձակ չեմ տեսնում այդ ոլորտներում: Այո, ես առաջնորդ եմ, որը լավ տեսլական եւ իր շուրջը ուժեղ թիմ հավաքելու ունակություն ունի, բայց այս որակները ամբողջությամբ չեն համապատասխանում այն որակներին, որոնք պահանջվում են չինովնիկ կամ քաղաքական գործիչ դառնալու համար: Մի խոսքով, յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով:   

  

Կարծում եմ, որպես մարդ, ով կարող է շատ օգտակար բաներ անել, ես պետք է զբաղվեմ հենց դրանով, եւ այն, ինչով ես զբաղվում եմ, պետական ծառայություն չի նախատեսում: Եվ, վերջապես, վստահ եմ, որ Հայաստանի առաջնորդը պետք է Հայաստանից լինի: Ես չեմ հավատում, որ առաջնորդը կգա այլ երկրից ու կսկսի փրկել Հայաստանը: Այսպիսին է իմ կարծիքը, ես կարող եմ սխալվել: Առաջնորդի շուրջ պետք է ձեւավորվի տարբեր մարդկանցից կազմված թիմ, բայց նա, այնուամենայնիվ, պետք է ներսից գա: 

 

Ես օգնել եմ Հայաստանին 1990-ականներին` երբեւէ չխոսելով դրա մասին: 2001-ին, աշխատելով «Հայաստան 2020» նախագծի վրա, մեր առջեւ մի քանի խնդիր էինք դրել: Առաջինը`փորձել մտածել Հայաստանի մասին 20 տարվա հեռանկարում եւ հասկանալ, թե ի՞նչ պետք է անենք այսօր, որպեսզի 20 տարի անց գտնվենք որոշակի կետում: Երկրորդ խնդիրը` մտավոր դաշտը աշխուժացնել էր, որպեսզի մարդիկ նոր մակարդակի քննարկումներ սկսեին: Եվ վերջապես, հույս ունեինք, որ նման տեսլական ստանալով եւ նման քննարկումներ կազմակերպելով, կխթանենք գործընկերությունը պետական առաջնորդների եւ հասարակության միջեւ` օպտիմալ սցենարը իրականացնելու համար:   

 

Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Իմ եւ ընկերներիս շատ նախագծեր դուրս եկան «Հայաստան 2020» ծրագրից, ինչպես օրինակ «Երեւան» ամսագիրն է: Երբ մենք կազմակերպում ենք դասական երաժշտության համաշխարհային աստղերի համերգներ Երեւանում, դա փորձ է կողմնորոշել մարդկանց, հատկապես երիտասարդներին, դեպի լավագույն չափանիշները, փորձ է պահպանել որոշակի մշակութային շեմ, թույլ չտալ, որ այն իջնի` դրանով թույլ չտալով Հայաստանին կորցնել իր տեղն աշխարհում: Կան նաեւ բազմաթիվ ոչ մեծ, բայց ոչ պակաս կարեւոր նախագծեր, ինչպիսիք են, օրինակ, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի վերականգնումը, կամ էլ Սասունցի Դավթի արձանի վերականգնումը: Այսօր մենք աշխատում ենք շատ հավակնոտ նախագծի վրա` Դիլիջանի դպրոցը: Սրանք բոլորը մեկ շղթայի օղակներն են, եւ ինձ թվում է, որ դրանք օգնում են մեզ դեպի լավը փոխել մեր երկիրը:           

«Հայաստան 2020»
դոսյե
«Հայաստան 2020»

«Տաթեւի վերածնունդ» նախագիծը մտածված էր այնպես, որպեսզի այդ տարածաշրջանը զարգացում ապրի, որպեսզի այդ 8 գյուղերը զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորություն ստանան: Ես շատ ուրախ եմ, որ Տաթեւի նախագիծը իրականացվում է, այնտեղ կառուցվում է որոշակի կլաստեր, զարգանում են ենթակառուցվածքները, տուրիստական երթուղիներ են ստեղծվում, ռեստորաններ են բացվում: Այսինքն, ես տեսնում եմ, որ «սպանված տեղը» սկսել է ապրել եւ բացվել, եւ մարդկանց մոտ ապագայի հանդեպ հավատ է առաջանում: Այս նախագիծը նաեւ «կամուրջ» է Ղարաբաղի հետ կապ հաստատելու համար:        

 

Այնպես որ, ես տալիս եմ կարթը, ոչ թե ձուկը, եւ հուսով եմ սովորեցնել մարդկանց օգտվել դրանից եւ հավատալ իրենց ուժերին:

 

Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին