Երևան։ Թումանյան փողոց։ Երեկո։
Մայթերին սկսեցին վառվել առաջին լապտերները, իսկ երկնքից ձյունը շարունակվում էր թափվել։
-Ինչ լավ է՝ այսօր բարձրակրունկներ չեմ հագել,- բարձրաձայն մտածեց նա՝ մայթի սալահատակի վրա հուշիկ թռչելով այս ու այն կողմ, որ չսայթաքի։
Շտապում էր Թումանյան–Նալբանդյան անկյունի սրճարանը։ Պայմանավորված ժամից ուշանում էր, բայց ոչինչ. թող նա սպասի։ Դա երկար պլանավորված ժամադրություն չէր։ Երեկոյան հանդիպելու առաջարկը մեկ շաբաթ առաջ սկիզբ առած նամակագրության հերոսն արեց հանկարծակի՝ որպես հարմար առիթ բերելով գիրք նվիրելու տոնը։
«Եթե նա արտաքնապես նույնքան հաճելի է, որքան նամակագրության մեջ, ուրեմն՝ թող ստացվի», - վերջին անգամ ցողելով իր սիրելի Black Vanilla օծանելիքը, ստուգելով շրթներկի կարգավիճակը՝ ասաց և բացեց սրճարանի դուռը։
Ներսում այցելուները շատ չէին։ Գրքասեր հերոսին գտնելը դժվար չէր։ Մեջքով նստած երիտասարդը թիկնեղ էր, կլիներ երևի իր երեսունների մայրամուտին։ Հայացքների առաջին հանդիպումից անհանգիստ նյարդ անցավ երկուսի աչքերում։ Ինչպե՞ս սկսվեց խոսակցությունը, ո՞վ սկսեց առաջինը, ի՞նչ խոսեցին մոտ երկու ժամ՝ առանց հիշելու հեռախոսի մասին, որի միջոցով ծանոթացան մեկ շաբաթ առաջ։
Տարված զրուցում էին, իսկ սեղանի մի անկյունում գիրքն էր, որի պատրվակով հանդիպել էին։ Մինչ դրսում ձյունը պտտվում էր, սրճարանի վիտրաժային պատուհանի մոտ նստած սեղանը պատվիրեց հերթական բաժին թեյը։
Հանդիպման ավարտին շրջեց գիրքը, և մոտեցրեց աղջկան։
- Իսկ ո՞վ է այն մակագրելու ինձ համար,- չարաճճի ժպիտով ասաց նա։
- Ես գրելուց լավ չեմ, բայց փորձեմ,- ասաց երիտասարդը, կարճ երկտող թողնելով ու աչքերով ժպտալով ապագա ընթերցողին։ - Բարի ընթերցանություն։ Հուսով եմ՝ չես ափսոսա, որ քեզ նվիրեցի հենց այս գիրքը։
Չհամբերեց մինչև կհասներ տուն և մետրոյում բացեց գիրքը։ Ականջակալներում սիրած փլեյլիստն էր, իսկ աչքերում՝ բազմանշանակ ժպիտը։
«Մեր կյանքի մեծ դարաշրջանները գալիս են, երբ մենք քաջություն ենք ունենում մեր չարը վերափոխել և դարձնել մեր լավագույնը»։
© «Չարից և բարուց անդին», Նիցշե
Օրեր շարունակ ամեն առավոտ և երեկո տղան հատվածներ էր ուղարկում նրան այդ գրքից։
- Այսօրվա համար 7-ը, 13-ը ու 21-ը։ Կքննարկենք այսօր՝ ժամը 7-ին, նույն վայրում։
Այս խաղի վերածված հանձնարարությանն աղջիկը մոտենում էր ամենայն հետաքրքրությամբ ու պատասխանատվությամբ։
Այդ փետրվարին եղան նոր երեկոներ, նոր զրույցներ, ընթերցված նոր տողերի քննարկումներ։ Հանդիպումներին չէին զգում, ինչպես մի քանի ժամով կտրվում էին իրականությունից, առօրյա թեմաներից։ Ինչ-որ անծանոթ հեռուներում էին, որտեղ թեթև էր, հեռուներ, որոնք անուն չունեն, շոշափելի չեն, նյութական չեն, բայց որտեղ նրանք հարազատ են։
Ինչո՞ւ էլ ուրիշ ոչ մեկի հետ չէր ստացվում այդպես զրուցել, այդպես խորհել, այդպես... բյուրեղանալ։
Այն զուգահեռ աշխարհը, որը ստեղծել էին մի քանի օրում, թանկ էր, ու չարժեր այն ստվերել «իսկ ի՞նչ է լինելու հետո» հարցով։ Մինչև մի օր կողմերից մեկը չասաց.
- Նկատո՞ւմ ես՝ քեզ հետ շփումն ինձ մոտ կախվածություն է առաջացնում։
****
Հուլիսյան մի կեսօր ամառային զգեստով մտավ «Զանգակ» գրատուն։ Երկար շրջեց պահարանների մոտ։ Րոպեներ անց վերցրեց Մարկեսի գրքերից մեկը։ Նստելով պատուհանի մոտ ու նայելով Կինո Մոսկվայի հրապարակին, մակագրեց․«Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է»:
- Այս գիրքը նվեր է։ Կարո՞ղ եմ թողնել այստեղ։ Մի երիտասարդ կգա այն վերցնելու, - ասաց գրավաճառին և ժպիտը դեմքին դուրս եկավ փողոց։
Նիցշեն իրավացի էր։
«Մեր կյանքի մեծ դարաշրջանները գալիս են, երբ մենք քաջություն ենք ունենում մեր չարը վերափոխել և դարձնել մեր լավագույնը»։
Քո Երևան,
22.02.2025
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: