Նորագույն պատմություն [մաս 6]. «Top 10 of Rabiz» - Mediamax.am

exclusive
61851 դիտում

Նորագույն պատմություն [մաս 6]. «Top 10 of Rabiz»

Մեդիամաքս-ը շարունակում է «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը` ներկայացնելով 1990 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:

Top 10 of Rabiz ալբոմի շապիկը:
Top 10 of Rabiz ալբոմի շապիկը:
Top 10 of Rabiz II ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz II ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz III ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz III ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz IV ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz IV ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz V ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz V ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz VI ալբոմի շապիկը
Top 10 of Rabiz VI ալբոմի շապիկը
Վարդան Զադոյանը
Վարդան Զադոյանը

Լուսանկարը` Վ. Զադոյանի արխիվից

Գրիգոր Աղախանյանը
Գրիգոր Աղախանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկոն
Հայկոն

Լուսանկարը` Հայկոի արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է «Նորագույն պատմություն» հատուկ նախագիծը` ներկայացնելով 1990 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:

 

Այսօր կպատմենք «Top 10 of Rabiz» նախագծի մասին, որի առաջին մասը լույս տեսավ 1998 թվականին: Այն միավորեց մի խումբ տաղանդավոր մարդկանց` Արթուր Ջանիբեկյանին, Վարդան Զադոյանին, Հայկոյին, Գրիգոր Աղախանյանին, Գարիկ Մարտիրոսյանին եւ հսկայական հաջողություն ունեցավ Հայաստանում:

 

Վարդան Զադոյան` երբեմն գաղափարները ծնվում էին հենց ստուդիայում

 

Top 10 of Rabiz-ին երբեք շատ լուրջ չեմ վերաբերվել եւ կարծում եմ, որ դա նախագծի հաջողության պատճառներից մեկն էր:

 

Գաղափարն առաջացավ Արթուր Ջանիբեկյանի մոտ: Դա եղավ «Նոր հայերի» հին գրասենյակում, որը գտնվում էր Սայաթ-Նովայի պողոտայում: Եթե չեմ սխալվում, Սթինգ էինք լսում, եւ Արթուրն առաջարկեց արտասահմանյան հիթերը հայկական ռաբիզի հետ «համատեղելու» գաղափարը:

 

Վարդան Զադոյանը:

Լուսանկարը` Վ. Զադոյանի արխիվից:

 

Առաջին փորձը կատարեցինք «50 տարի» երգի հետ: Նախագծի նախնական գաղափարախոսությունը կայանում էր ռաբիզը «հեգնելու» մեջ, բայց արդյունքում, մեզանից անկախ, մենք, փաստորեն, մեծապես գովազդեցինք ռաբիզը: Ի դեպ, «50 տարի» երգի հեղինակը կտրականապես դեմ էր երգը մեր նախագծում օգտագործելուն, եւ Արթուրը ստիպված էր նրան երկար համոզել:  

 

Նախագծի մասին որոշումը կայացրեցինք երեքով` Արթուր Ջանիբեկյանը, Գարիկ Մարտիրոսյանը եւ ես: Որոշեցինք նախագծում ընդգրկել Գրիգոր Աղախանյանին: Երգերի ընտրությամբ (ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական) եւ Հայկոյի հետ համատեղ աշխատանքով հիմնականում ես էի զբաղվում, տեքստերը նույնպես ես էի գրում:  

 

Top 10 of Rabiz-ի «50 տարի» տեսահոլովակն, իհարկե, վրդովմունք առաջացրեց հասարակության որոշ մասի մոտ: Անկեղծ ասած, այնքան էլ լավ չեմ հասկանում հայտարարություններն այն մասին, որ տեսահոլովակը «չափից դուրս համարձակ» էր 1998 թվականի համար: Նույն տարիներին արտասահմանում նկարահանվում էին բազմաթիվ տեսահոլովակներ, որոնց համեմատ մերը պարզապես անմեղ չարաճճիություն էր: Երեւանում, այո, նման տեսահոլովակներ այն ժամանակ չէին նկարահանում, բայց մեր «50 տարի» հոլովակնը նախեւառաջ արեւմտյան կլիպերի պարոդիա էր, քան կանացի կիսամերկ բարեմասնությունները ցույց տալու ձգտում:

 

 

Շուտով Գարիկը, Գրիշան ու ես հասկացանք, որ ստուդիայում պետք է առանձին ձայնագրվենք, քանի որ երբ երեքով միասին էինք լինում, մի քանի րոպե անց սկսվում էր հիստերիկ ծիծաղը, որն հնարավորություն չէր տալիս շարունակել աշխատանքը:

 

Երբեմն գաղափարները ծնվում էին հենց ստուդիայում`«մաքուր էջից»: Գաղափարի համար կարող էր հիմք ծառայել սովորական անեկդոտը, կամ մեզանից մեկի պատմությունը այս կամ այն իրադարձության  մասին:  

 

Top 10 of Rabiz-ի առաջին նախագծի ձայնագրության ժամանակ «արտահոսք» էր եղել. «50 տարի» ձայնագրությունը հայտնվել էր «Երիտասարդական» մետրոյի կայարանի մոտ գտնվող վաճառասեղաններին, եւ քաղաքում իրարանցում էր սկսվել. ոչ ոք չէր կարող հասկանալ` ի՞նչ է դա, ո՞վ է դրանով զբաղվում:  

 

Այն ժամանակ գրագողության դեմ պայքարի մասին խոսք լինել չէր կարող, եւ Արթուր Ջանիբեկյանը ստիպված եղավ մեծ ջանքեր գործադրել խնդիրն արագ լուծելու եւ մեր ձայնագրությունը վաճառասեղաններից հանելու համար:

 

Իմ կարծիքով, Top 10 of Rabiz նախագծերից ամենահաջողվածները առաջին ու երրորդ ալբոմներն են:

 

Top 10 of Rabiz III ալբոմի շապիկը:

 

Top 10 of Rabiz նախագիծը մեզ համար ԿՎՆ-ում երբեմն առաջացող դադարները լրացնելու միջոց էր: Հենց այդ պատճառով ես դեմ էի Top 10 of Rabiz-ի «կենդանի» կատարումներին: Նախագծի գոյության ողջ ընթացքում մենք ընդամենը երկու փոքր համերգ ենք ունեցել:

 

Top 10 of Rabiz I ալբոմի երգերը.

 

Հայ եմ ես

Սեւ-սեւ աչեր

Բաց արա

Ֆերգանա

Բում-Բում Աշոտիկ

50 տարի

Տաշ-տուշ

Ձմեռ Պապի

Նամակ-Նամակ

Zoma E!

 

Կարող եք ներբեռնել այստեղ:

 

Գրիգոր Աղախանյան` Top 10 of Rabiz-ը  «դատապարտված» էր հաջողության

 

1997 թվականին ես եւ նախկին կինս դուրս եկանք Երգի պետական թատրոնից:

 

Իհարկե, մտածում էինք այն մասին, թե ինչով պետք է զբաղվենք եւ հենց այդ ժամանակահատվածում Հայկոն մեզ ծանոթացրեց Արթուր Ջանիբեկյանի, Վարդան Զադոյանի եւ Գարիկ Մարտիրոսյանի հետ: Բավականին շուտ ընկերացանք եւ մի օր, մեր տանը խոսակցություն բացվեց «ռեմիքս» հասկացությունից: Որոշեցինք փորձել նման մի բան ստեղծել:

 

Անմիջապես որոշվեց, որ երաժշտական պրոդյուսերը կլինի Հայկոն, քանի որ բացի երգիչ եւ կոմպոզիտոր լինելուց, նա նաեւ շատ լավ գործիքավորող էր, աշխատել էր «Նոր Հայերի» հետ, անցել էր ԿՎՆ-ի «դպրոցը»:

 

Գրիգոր Աղախանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Քննարկում էինք, թե ի՞նչ ոճի երաժշտություն օգտագործել ռեմիքսներում եւ Արթուրն ասաց, որ եթե ուզում ենք հաջողության հասնենք, պետք է հնչի ռաբիզը:

 

Քանի որ Հայկոն ռեստորանում աշխատելու փորձ ուներ եւ շատ լավ ծանոթ էր ռաբիզի ընտրանուն, դա օգնեց մեզ երգերի ընտրության հարցում:

 

Բավականին բարդ եւ ծավալուն աշխատանք էր՝ որոշել, թե ո՞ր արտասահմանյան հիթը «համահունչ» կլինի տվյալ ռաբիզ երգի հետ, հետաքրքիր ձեւով «միքսել» այդ երգերը: 

 

Աշխատում էինք Հայկոյի տանը՝ մեծագույն հաճույքով, անկրկնելի լավ ու բարի մթնոլորտում: Լինում էր, որ ժամերով չէինք կարող կենտրոնանալ, անընդմեջ կատակում էինք:

 

 

Երգերում հնչող բոլոր կատակները եւ տեքստերը գրվում էին նախապես, սակայն, իհարկե, ընթացքում բազմաթիվ իմպրովիզացիաներ էին լինում: Օգտագործվել էին նաեւ 90-ականներին բնորոշ արտահայտությունները, կատակները, «սլենգային» բառերը: Դա Top 10 of Rabiz-ի հաջողության գրավականներից մեկն էր:

 

Ձայներիզը վաճառքի հանվեց 1998թ-ի հունվարին: Ասում էին, որ մեկ արկղը վաճառվում էր մի քանի ժամում: Շատ էին նաեւ անօրինական ձայնագրությունները:

 

Մինչ ձայներիզի պաշտոնապես լույս տեսնելը ռադիոյում հնչել էին «50 տարի» երգի հատվածները եւ արձագանքներից պարզ էր դարձել, որ Top 10 of Rabiz-ը  «դատապարտված» էր հաջողության:

 

Ի դեպ, «50 տարի» երգի հեղինակը միակն էր, ով վրդովմունքով ընդունեց «միքսած» տարբերակը, քանի որ ժամանակին այդ երգն իր եղբորն էր նվիրել: Հիշում եմ, որ այդ հարցը բավականին երկար էր շտկվում:

 

Մնացած երգերի հեղինակները եւ կատարողները շատ գոհ էին`Top 10 of Rabiz-ի շնորհիվ նրանց երգերը ճանաչելի դարձան նույնիսկ նրանց համար, ովքեր մինչ այդ  ընդհանրապես ծանոթ չէին ռաբիզ երաժշտությանը:

 

Top 10 of Rabiz-ում ներկայացված կերպարներից շատերին «մարմնավորում» էր Վարդան Զադոյանը: Նա բացառիկ անձնավորություն է. կարող է արտաբերել ցանկացած հնչյուն, լիներ դա որեւէ արտիստի ձայն, թե, օրինակ, բացվող դռան ճռռոց (ժպտում է):

 

Առաջին երեք ալբոմներում կանանց պարտիաները կատարում էին Իդա Աղախանյանը եւ Հասմիկ Կարապետյանը:

 

Ունեցել ենք նաեւ կենդանի կատարումները, սակայն դրանք չէր կարելի համեմատել աուդիո տարբերակի հետ, քանի որ շատ բարդ էր ամբողջապես ներկայացնել այն ամենը, ինչը կար ձայներիզի վրա:

 

Top 10 of Rabiz II ալբոմի շապիկը:

 

«50 տարի» երգի տեսահոլովակը որոշակի իմաստով մարտահրավեր հանդիսացավ: Այն տարիների համար այն համարվում էր շատ «բաց»: Սկզբում ցանկանում էին մի փոքր «մեղմացնել» այն, սակայն Արթուր Ջանիբեկյանը չհամաձայնվեց եւ, իհարկե, նա իրավացի էր: Տաղանդավոր եւ յուրահատուկ անձնավորություն լինելով, նա միշտ ունեցել է մի քանի քայլ առաջ նայելու եւ հաջողության գրավականը զգալու ունակությունը: 

 

Ինչպես հաճախ է լինում, առաջին ալբոմի հաջողությունից հետո որոշեցինք ձայնագրել շարունակությունը: Եվ, իհարկե, երկրորդ ալբոմի լույս տեսնելուց հետո կարծիքներ հնչեցին, որ առաջինը շատ ավելի լավն էր: Սակայն ես կարծում եմ, որ տեխնիկական առումով, վարպետության տեսակետից, երկրորդ մասը շատ ավելի պրոֆեսիոնալ է կատարած:

 

 

Top 10 of Rabiz II ալբոմի երգերը.

 

Գարուն է բացվել

Շատ-շատ սիրում եմ

Պաղ աղբյուրի մոտ

50 տարի (ռեմիքս)

Ջանա

Սթինգ (Կեղծ ընկերներ)

Բալես

Սրտի բանալին

Երեւանի աղջիկներին

Նամակ

 

Կարող եք ներբեռնել այստեղ:

 

Երգիչ, նախագծի գործիքավորող եւ երաժշտական պրոդյուսեր Հայկո` կասետի թողարկման առավոտյան քաղաքում կարծես ռումբ պայթած լիներ

 

Top 10 of Rabiz-ի մտահաղացումը Արթուր Ջանիբեկյանն էր, եւ հենց նա ինձ առաջարկեց մասնակցել նախագծին:

 

Այդ տարիներին ստուդիա չունեի, աշխատում էինք մեր տանը: Հավաքվում էինք` Գարիկ Մարտիրոսյանը, Վարդան Զադոյանը, Գրիշա Աղախանյանը: Յուրաքանչյուրը հետաքրքիր մտքեր էր առաջարկում, քննարկում էինք երգացանկը, ես էլ ընտրում էի թե դրանցից, որոնք են «միանալու» իրար: Վարդանն ու Գարիկն էլ գրում էին տեքստերը: Բայց նշեմ, որ մեզանից յուրաքանչյուրն էլ մասնակցում էր աշխատանքային պրոցեսի բոլոր փուլերին` Top 10 of Rabiz նախագծում մեծ տեղ ուներ իմպրովիզացիան:

 

Հայկոն:

Լուսանկարը` Հայկոի արխիվից:

 

Այն ժամանակ դեռ չգիտեի, թե ինչպես է պետք արագացնել դանդաղ երգերը, ու երբեմն այնքան էի համոզում տղաներին, որ երգը վատն է ու պետք չէ այն ընտրել, որ ի վերջո համաձայնվում էին:

 

Աշխատանքի ընթացքում անդադար ծիծաղում էինք, հումորը երաժշտությանը գերազանցում էր: Կարծում եմ, Top 10 of Rabiz-ը ոչ միայն հումորային, այլեւ երգիծային նախագիծ էր:

 

Շատ էինք ծիծաղում նաեւ երգերի վերջավորությունների վրա, որովհետեւ երբեմն «ալարում էի» գործերը լավ ավարտել: Մի կերպ ավարտում էի միքսերը ու տղաներին սուրճ կամ թեյ էի առաջարկում: Եթե Top 10 of Rabiz-ի երգերը ուշադիր լսեք, կզգաք թեյ ու սուրճ խմելու պահերը (ժպտում է):

 

 

Սկզբում այն երգիչներն, ում երգերը ընտրում էինք նախագծի համար, լավ չէին ընդունում այդ փաստը, որովհետեւ նախագծի էությունը չէին ընկալում: Հետո, երբ թողարկվեց առաջին ալբոմը, եւ ողջ քաղաքի ավտոմեքենաներում Top 10 of Rabiz-ն էր հնչում, արդեն հենց երգիչներն էին դիմում մեզ, խնդրում էին, որ իրենց երգերն էլ միքսենք:

 

Հանդիսատեսի արձագանքը իրոք շոկային էր: Կասետի թողարկման առավոտյան քաղաքում կարծես ռումբ պայթած լիներ: Չեմ տեսել որեւէ այլ ալբոմ, որը հայկական շուկայում նման «բում» առաջացներ: Մարդիկ անգամ սկսել էին առօրյայում Top 10 of Rabiz-ի արտահայտությունները օգտագործել:

 

Top 10 of Rabiz-ի հաջողության գրավականը լավ գաղափարն էր, նաեւ անկեղծությունն ու խիզախությունը: Նախագծի ստեղծմանը մասնակցած բոլոր մարդկանց հետ անդամների մտերիմ ընկերներ ենք մնացել:

 

Top 10 of Rabiz III ալբոմի երգերը.

 

Անկախ Հայաստան

Քեֆ ենք անում

Մեր Լեննական սիրուն քաղաք

Եթե գար այն ժամանակ

Ջեյմս Բրաուն, Մենակ մարդը

Ո՞վ է նա

Հորս, Մորս ռեգի

Համբո N 5

Աղաչում եմ

 

Կարող եք ներբեռնել այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Արամ Մակարյանը, Արա Թադեւոսյանը, Լիլիթ Բաբայանը, Կարինե Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին