Փորձագետները կարեւորում են ԶԼՄ-ների սեփականատերերի բացահայտումը - Mediamax.am

1639 դիտում

Փորձագետները կարեւորում են ԶԼՄ-ների սեփականատերերի բացահայտումը


Բորիս Նավասարդյանն ու Շուշան Դոյդոյանը
Բորիս Նավասարդյանն ու Շուշան Դոյդոյանը

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում կայացել է քննարկում՝ «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:

Մեդիամաքսը հատվածներ է առանձնացրել հիմնական բանախոսների արտահայտած մտքերից։

 

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ 

 

Շատ կարեւոր է, որ այս հարցը շարունակում է «տաք մնալ»:

 

Եթե մենք ուզում ենք, որ լրատվամիջոցներն արդար խաղի կանոններով աշխատեն իրենց լսարանի առջեւ, ապա թափանցիկությունը կարեւորագույն պայմաններից մեկն է, մանավանդ այն պայմաններում, երբ քաղաքական պայքարը նախահեղափոխական, հեղափոխական եւ հետհեղափոխական շրջանում տեղափոխվեց լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի դաշտեր եւ այլն։ 

 

Կարեւոր է, որ լսարանը տեղյակ լինի, թե որտեղից ինչ ինֆորմացիա է ստանում եւ միաժամանակ, նկատում ենք, որ հասարակությունը տարբերակումներ անում է։ 

 

Օրինակ, չեն ասում թերթում գրված է, այլ մատնանշում են այն կոնկրետ թերթը կամ հեռուստաընկերությունը, որտեղից ստացել են այս կամ այն ինֆորմացիան։ 

 

Սա, իհարկե, գործընթացի սկիզբն է, բայց շատ ավելի ճիշտ կլինի, երբ լրատվամիջոցը ինքը ներկայացնի իրական սեփականատիրոջը եւ բաց խաղա հասարակության հետ։

 

Բորիս Նավասարդյան, Երեւանի Մամուլի ակումբի նախագահ 

 

Մեր ոլորտի կարգավորումը գնալով ավելի քաղաքակիրթ բնույթ պետք է ստանա։ 

 

Ներկայում ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնարավոր է համալիր մոտեցում դրսեւորել լրատվամիջոցների բոլոր խնդիրների հետ կապված եւ համապատասխան քաղաքականություն մշակել։ 

 

Իշխանություններին առաջարկում ենք զբաղվել բոլոր այն խնդիրներով, որոնք կան այս դաշտում։ Խոսքն առաջին հերթին հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի բարեփոխումն է։ 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են եւ այդ առումով այն սահմանումները, որոնք կան 2003թ. ընդունված Զանգվածային լրատվության մասին օրենքում, այսօր արդիական չեն։ Շատ կարեւոր է սեփականության եւ ֆինանսական աղբյուրների թափանցիկության հարցը։ 

 

Սա բոլորովին չի նշանակում, որ այդ փոփոխությունները կհանգեցնեն ռեպրեսիվ գործողությունների։

 

Որքանով քողարկված լինեն սեփականությունը եւ ֆինանսական աղբյուրները, այնքան քիչ պաշտպանված կլինի խոսքի ազատությունը։

 

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ 

 

Լրատվամիջոցները պետք է ազնիվ եւ արդար լինեն իրենց լսարանի հետ եւ օր առաջ հրապարակեն իրենց սեփականատերերին։ Նման կերպով նրանց նկատմամբ հեղինակությունն ու վստահությունը կտրուկ կաճի։ 

 

Ես համոզված եմ, որ ԶԼՄ-ների իրական սեփականատերերի հրապարակայնության թափանցիկության ոլորտում մենք երկու տարի հետո ունենալու ենք ամենալավ եւ օրինակելի փորձը, քանի որ ե՛ւ կառավարության, ե՛ւ քաղհասարակության կողմից կա հանձնառություն եւ շահագրգռվածություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին