Ուրախ/տխուր մարդիկ - Mediamax.am

exclusive
10053 դիտում

Ուրախ/տխուր մարդիկ

Նրանք «գողանում» են մեր հոգու եւ սրտի տխրությունն ու անտեսանելի կախարդական փայտիկի օգնությամբ թախծոտ արցունքները վերածում երջանկության արցունքների:

Ծաղրածու Մաքսը
Ծաղրածու Մաքսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղրածու Դենին
Ծաղրածու Դենին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղրածու Բենին
Ծաղրածու Բենին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղրածու Մաքսը
Ծաղրածու Մաքսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղրածուներ Դենին եւ Բենին
Ծաղրածուներ Դենին եւ Բենին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղրածու Էդոն
Ծաղրածու Էդոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղրածու Բիմը
Ծաղրածու Բիմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղրածու Բիմը
Ծաղրածու Բիմը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երեւի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, եւ ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա…»

 

Լեոնիդ Ենգիբարյան

 

Նրանք «գողանում» են մեր հոգու եւ սրտի տխրությունն ու անտեսանելի կախարդական փայտիկի օգնությամբ թախծոտ արցունքները վերածում երջանկության արցունքների:

 

«Մարդապատում» նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանը հանդիպել են հինգ երիտասարդ ծաղրածուների, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց «կարմիր քթի»: Ծաղրածուները պատմել են դատապարտող հայացքների, կրկեսի հանդեպ տածած կարոտի եւ իրենց կոչման մասին` ուրախացնել հանդիսատեսին, նույնիսկ եթե հոգին ցավում է:

 

Տիգրան - Բիմ

21 տարեկան

 

Ծաղրածու Բիմը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

14 տարեկանում ծաղրածու դառնալու երազանքով ընդունվեցի կրկես: Ինձ ասացին, որ շուտ է, մինչեւ ծաղրածու դառնալը պետք է տարբեր կրկեսային ժանրեր ուսումնասիրեմ, սովորեմ: Սովորեցի լարախաղացություն, «կատուշկեք», ակրոբատիկա եւ այլն: Հայաստանում միակ տղան դարձա, ով կարողանում է մտնել ակվարիումի մեջ: Բանակից հետո կրկին վերադարձա կրկես, բայց ակվարիումի մեջ մտնել այլեւս չեմ կարողանում:

 

Մանուկ հասակում, երբ կրկես էի գնում, ինձ միայն ծաղրածուներն էին հետաքրքրում, ուշադրությամբ հետեւում էի նրանց դիմախաղին, շարժուձեւին: Ինձ միայն մի հարց էր տանջում՝ կկարողանա՞մ ծաղրածու դառնալ, մարդիկ ինձ կսիրե՞ն:

 

Երբ հնչում է «կլոունական» երաժշտությունն ու ես բեմ եմ դուրս գալիս, ամեն ինչ փոխվում է, մարմնովս դող է անցնում: Հանդիսատեսի շարքերում, անպայման, կհանդիպեք մարդկանց, ովքեր չեն էլ հասկանում, ի՞նչ է ծաղրածուն անում, եւ ընդհանրապես, ինչ՞ի համար է պետք: Մեծերը չեն հասկանում, որ ծաղրածուները միայն փոքրերի համար չեն:

 

Իմ սիրելի ծաղրածուներն են Ենգիբարովը, Նիկուլինն ու Չապլինը, նրանք իմ ուսուցիչներն են:

 

Շատերը չգիտեն, որ իրականում ծաղրածուները շատ տխուր մարդիկ են, ես էլ այդպիսին եմ: Ինձ հարցնում են՝ «ինչու՞ եք այդքան տխուր, բայց երբ ծաղրածուի հագուստը հագնում եք, դառնում եք երջանիկ»: Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Նրանք, ովքեր ինձ չեն ճանաչում, չեն կարող պատկերացնել, որ Տիգրանն ու Բիմը՝ միեւնույն մարդն է: Տիգրանը շատ լուրջ է, մարդամոտ ու շփվող չէ, ջրիկություններ չի սիրում, տխուր ու լիրիկական մարդ է: Բիմը նրա հակապատկերն է: Շատ եմ սիրում Բիմին, նա ինձ ամեն հարցում օգնում ու աջակցում է:

 

Մի անգամ ելույթի ժամանակ վնասվածք ստացա, քթիցս ու բերանիցս սկսեց արյուն հոսել: Մարդիկ շուրջս հավաքվեցին, ամբողջ համազգեստս արյունոտվել էր: Բայց Բիմը ցավ չէի զգում, Բիմը շարունակեց իր ելույթը մինչեւ վերջ, հետո, երբ հանեցի հագուստս՝ Տիգրանի դեմքը ուռեց, բորբոքվեց: Ոչ ոք մեղավոր չէ, եթե քեզ մոտ մի բան այն չէ, դու եկել ես՝ երջանկացնելու: Նախ եւ առաջ` ծաղրածուն պետք է հոգեբան  լինի:

 

Մինչեւ կյանքիս վերջ էլ ծաղրածու եմ լինելու, երազում եմ, երբ է վերաբացվելու կրկեսը, որ «տուն» վերադառնամ:

 

Արթուր - Մաքս

24 տարեկան

 

Ծաղրածու Մաքսը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Մանկուց նմանակում էի մեր հարեւաններին, բարեկամներին, ուրախացնում հարազատներիս, բայց երբեւէ մտքովս չի անցել, որ ծաղրածու եմ դառնալու: Երբ փոքր էի ու ծնողներս ինձ կրկես էին տանում, ինձ թվում էր, որ այնտեղ բոլորը այլմոլորակայիններ են, ուրիշ աշխարհում են ապրում: Ինձ թվում էր` ծաղրածուները հենց այդ արտաքինով ու հագուստով են քնում, ուտում, աշխատում:

 

Բազմաթիվ մարզաձեւերով եմ զբաղվել, փորձել եմ ուժերս ասպարեզներում, բայց չէի կարողանում գտնել ինձ: Մի օր էլ մեր հարեւանն ասաց, որ կրկեսում ընդունելություն կա, մտածեցի` լավ, դա էլ փորձեմ: Նախ` սկսեցի աշխատել որպես ձեռնածու, հետո մեր ծաղրածուներից մեկը բանակ գնաց: Որոշեցի, դա էլ փորձել ու սիրեցի ծաղրածու լինելը: Այդ ժամանակ 15 տարեկան էի, շուտով 10 տարի կլինի` ինչ ծաղրածու եմ:

 

Երբ կրկեսը փակվեց, միեւնույն է հավատարիմ մնացի մասնագիտությանս, հիմա էլ աշխատում եմ տարբեր սրճարաններում, ուրախացնում եմ մարդկանց: Բայց արենայի հետ ոչինչ չես համեմատի, երբ  հազարավոր մարդկանց հայացքները դեպի քեզ են ուղղված, չորս կողմից շրջապատված ես նրանց էմոցիաներով ու ծափահարություններով ու զգում ես այն, ինչ երբեք չես զգա որեւէ սրճարանում:

 

Երբ հագնում եմ ծաղրածուի հագուստը, կոշիկները, քիթը` այլեւս Արթուրը չեմ, այդ ժամանակ Մաքս անունով նոր մարդ է ծնվում: Մաքսն ու Արթուրը լիովին տարբեր են: Մաքսը օգնում է Արթուրին, խորհուրդներ տալիս, սովորեցնում է ավելի հեշտ եւ ուրախ նայել կյանքին, որովհետեւ Արթուրը շատ լուրջ է ու հավասարակշռված: Երբեմն չեմ էլ ուզում կերպարանափոխվել, ուզում եմ միշտ Մաքս մնալ, որովհետեւ նա հոգս, լարվածություն, նեղվածություն չունի, ուրախ է ու իսկապես երջանիկ: Վերջապես գտել եմ ինքս ինձ:

 

Արման - Դենի

16 տարեկան

 

Ծաղրածու Դենին:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Հայրիկիս ընկերներից մեկը` մարզիչ Վաչիկ Եղոյանը, կրկեսում էր աշխատում: Մի օր գնացի կրկես, տեսա, ինչպես են երեխաները տարբեր ժանրերում պարապում, շատ հավանեցի եւ սկսեցի ինքս էլ հաճախել:

 

Ծաղրածու լինելը ամենալավ մասնագիտություններից է, ուրախություն  ու երջանկություն ես պարգեւում մարդկանց:

 

Սոս Պետրոսյանի առաջարկությամբ  ինձ միացավ Արսենը, արդեն երեք տարի ե միասին ենք աշխատում ու համատեղ համարներ ներկայացնում` մենք Դենին ու Բենին ենք: Աշխատում ենք Լեոնիդ Ենգիբարյանի ներկայացրած կլոունադաների վրա, նաեւ ներկայանում ենք ակրոբատիկ եւ ձեռնածուական համարներով:

 

Մենք ուրախ ծաղրածուներ ենք, եթե առօրյայում խնդիրներ ենք ունենում, թողնում ենք դրանք ետնաբեմում, հանդիսատեսը երբեք չի տեսնի մեր զայրույթը, վատ տրամադրությունը, տխրությունը:

 

Սպասում եմ կրկեսի վերաբացմանը, իսկ մինչ այդ շարունակում ենք աշխատել, ճանապարհորդել եւ ուրախացնել մարդկանց:

 

Արսեն – Բենի

16 տարեկան

 

Ծաղրածու Բենին:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Մայրիկիս հետ հաճախ էի կրկես այցելում: Լսում էի ծափահարություններն ու ոգեշնչվում էի, ցանկությունս մեծ էր մեկ օր հայտնվել արենայում: Հիմա կյանքս չեմ պատկերացնում առանց կրկեսի:

 

Ծաղրածուն `ամենաբարդ մասնագիտություններից է. ամեն մարդ չէ, որ կարող է մեկ վայրկյանում կերպարանափոխվել, ուրախ ծաղրածուից վերածվել տխուրի:

 

Այն օրը, երբ հայտնվեցի կրկեսում ու սկսեցի պարապմունքները, ինձ համար ամենաերջանիկը դարձավ` վերջապես հասա երազանքիս եւ երբեք չեմ մոռանա այդ օրը, այդ պահը, այդ զգացողությունները:

 

Արսենն ու Բենին նույն մարդն են, լրացնում են միմյանց եւ օգնում, բեմում լինել միայն ուրախ եւ դրական էմոցիաներ փոխանցել հանդիսատեսին:

 

20 տարի անց ինձ նույն կերպարում եմ տեսնում, ավելին ասեմ, կրկին Արմանի հետ միասին, Դենին ու Բենին միայն միասին կարող են ներկայանալ հանդիսատեսին: Առօրյայում եւս մտերիմ ընկերներ ենք եւ դա օգնում է բեմում ավելի լավ զգալ միմյանց: Իսկ երբ ավարտվում է կլոունադան, առաջին հերթին քննարկում ենք համարն ու նշում միմյանց թերությունները:

 

Էդգար – ծաղրածու Էդո

20 տարեկան

 

Ծաղրածու Էդոն:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Մանկուց երազում էի դերասան դառնալ: Մոտ երեք տարի առաջ ընկերոջս հետ տեղեկացանք «Բում-Բումիկ» ծննդյան տոների սպասարկման կենտրոնի մասին: Որոշեցինք աշխատանքի համար դիմել: Երեք ամիս աշխատելուց հետո Կարեն Հայրապետյանը` երեխաների կողմից սիրված «պարոն Բումը», ասաց, որ դերասանական hմտություններս խորացնելու համար ունակություններ ունեմ: Անհատական դասընթացներ անցա ու սկսեցի աշխատել որպես ծաղրածու:

 

Երբ միանում է երաժշտությունը, անկախ նրանից, թե ինչ հոգեվիճակում եմ, անում եմ հնարավորինս ամեն ինչ, որ ուրախացնեմ երեխաներին:

 

Իրական կյանքում ես բիզնեսով եմ զբաղվում եւ այդ ոլորտում լուրջ ու ջղային անձնավորություն եմ, իսկ ծաղրածու Էդոն ինձ օգնում է, խորհուրդներ է տալիս` ինչպես վարեմ գործնական հանդիպումները, ինչպես օգտագործեմ դերասանական հմտություններս առօրյայում: Բիզնեսմեն Էդգարի ու ծաղրածու Էդոյի միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ ուրախ մարդիկ են:

 

Ամեն մարդ չէ, որ կարող է դիմացինին ժպիտ պարգեւել: Երբ նոր էի սկսում աշխատել որպես ծաղրածու, շատ էին քմծիծաղները, տարօրինակ հայացքներն ու շատ կոպիտ ձայնով հնչող հարցը` «Յա, ծաղրածու ե՞ս»: Հիմա նման հարց տվողը միանգամից փոշմանում է, որովհետեւ հաշված րոպեների ընթացքում կարող եմ բացատրել, թե ինչ է ծաղրածուի կոչում ունենալը:

 

Ծաղրածուն մարդ է, ով անկախ ամեն ինչից անում է ուժերի ներածի չափով ամեն ինչ, որ նույնիսկ վատ արտահայտություններ անող մարդը ելույթի վերջում մոտենա ու ասի`«Կներես, սխալ եմ եղել»:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին