Տիգրան Համասյան` երազանքն ինձ համար կոնկրետ բան չէ - Mediamax.am

exclusive
8330 դիտում

Տիգրան Համասյան` երազանքն ինձ համար կոնկրետ բան չէ

Դաշնակահար Տիգրան Համասյանը մի քանի օր առաջ Երեւանում էր` դեկտեմբերի 14-ին կայացավ նրա համերգը, որը ցնցեց շատերին:

Տիգրան Համասյանը
Տիգրան Համասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Համասյանը
Տիգրան Համասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Համասյանը
Տիգրան Համասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Համասյանը
Տիգրան Համասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Համասյանը
Տիգրան Համասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Համասյանը
Տիգրան Համասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դաշնակահար Տիգրան Համասյանը մի քանի օր առաջ Երեւանում էր` դեկտեմբերի 14-ին կայացավ նրա համերգը, որը ցնցեց շատերին: Մեդիամաքս-ը զրուցել է Տիգրանի հետ` արտասվելու, երազանքներին հասնելու, հատուկենտ ընկերների եւ այլ թեմաների մասին:

 

Այնպիսի տպավորություն է, որ ինձ միայն երաժշտության հետ կապված հարցեր են տալիս, բայց այդպես չէ: Իրականում, կուզենայի հենց երաժշտությունից խոսել` հազվադեպ է լինում, որ կարող եմ նստել լրագրողի հետ ու խորանալ երաժշտության մեջ:

 

Շատ հարցեր կան, որոնց պատասխանը չեմ կարող տալ: Օրինակ՝ չեմ կարող ասել ինչ է լինելու 25 րոպեից:

 

Երբեք չեմ մտածել այն մասին, թե կյանքում  ինչով եմ զբաղվելու, ինչ եմ դառնալու, ինչպես եմ շարունակելու ուղիս: Միայն մի բանն էր պարզ ու միանշանակ՝ երաժշտությունն է կոչումս, պիտի նվագեմ: 11 տարեկանում ուսուցչիս՝ Վահագն Հայրապետյանի շնորհիվ հասկացա, թե ինչ է ջազը: Հենց նրա օգնությամբ խորացա ջազային bip bop ոճի մեջ ու ամբողջ աշխարհը դադարեց գոյություն ունենալ ինձ համար: Այդ պահին միայն երաժշտության աշխարհում էի ապրում ու հենց այդ վիճակն օգնեց ինձ հասկանալ, ինչով եմ զբաղվելու:

 

Մինչեւ 11 տարեկանը երգում էի ու դա նույնքան կարեւոր էր ինձ համար, որքան եւ դաշնամուր նվագելը: Իսկ հետո մոռացա, որ երբեւէ երգել եմ: Վերջին հինգ տարիների ընթացքում եմ վերսկսել ձայնովս զբաղվել:

 

Տիգրան Համասյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Ցանկացած հարցում ինձ համար ամենից կարեւորն է անել այն, ինչ ես իրոք սիրում եմ, ինչից հաճույք եմ ստանում, ինչն ինձ ոգեշնչում ու էներգիա է տալիս:

 

Կան ձայներ, որոնց հանդեպ անտարբեր չեմ, կան նաեւ այնպիսիք, որոնց կողքով կանցնեմ ու չեմ էլ նկատի: Երաժշտության առումով շատ տարբեր ոճեր եմ լսում՝ ռոք, ջազ, ֆոլք. ամեն ամիս մի նոր բան է հայտնվում, կամ վերադառնում եմ այն ստեղծագործություններին, որ վաղուց չեմ լսել: Իսկ այս շրջանում լսում եմ հայկական հոգեւոր երաժշտություն՝ Մաշտոց, Շնորհալի, Եկմալյան, Կոմիտաս … հիմա այս տրամադրության մեջ եմ, փորձում եմ այս երաժշտության  մեջ ինձ բնորոշ աշխարհ գտնել:

 

Համբերատար մարդ չեմ ու դա մեծ խնդիր է ինձ համար: Ցանկացած մարդու համար շատ բարդ է սովորել համբերատար լինել, ինձ համար առավել եւս: Իսկ առօրյայում իմ հանգիստ տեսքն ու պահվածքը թվացյալ է: Պարզապես անհնար է լինեն չափից ավելի աշխույժ առօրյայում ու բեմում:

 

Երազանքն ինձ համար մի կոնկրետ բան չէ, որ երազեմ-երազեմ ու հասնեմ: Երազանքին չես հասնում, տարիների ընթացքում այն փոխվում է, որքան էլ, որ չմոտենաս նրան: Հասկացել եմ, որ կարեւորը ոչ թե երազանքին հասնելն է, այլ հենց այդ ձգտումը:

 

Տիգրան Համասյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Ինձ վիրտուոզ երաժիշտ չեմ համարում, մանավանդ երբ տեսնում եմ, թե ինչպես են նվագում դասական կրթություն ստացած դաշնակահար ընկերներս: Վիրտուոզ բառը, կարծում եմ, կատարողական տեխնիկային վերաբերվող տերմին է, որ ինձ համար երաժշտության մեջ ամենակարեւոր տեղը չի զբաղեցնում: Ինձ համար կարեւոր են կոմպոզիցիան ու իմպրովիզացիան:

 

Ակումբային համերգների ընթացքում ավելի ինտիմ մթնոլորտ է տիրում, հանդիսատեսը մոտիկից է զգում երաժշտությունը եւ էներգիան լրիվ այլ, ավելի մեծ ուժգնությամբ է փոխանցվում: Մեծ համերգասրահում մեծ է նաեւ էներգիայի քանակը, բայց երբեմն, տարածքն այնքան մեծ է, որ էներգիան կարող է կորել: Բայց սիրում եմ թե ակումբային, թե համերգասրահներում տեղի ունեցող համերգները:

 

Կուզենայի կիթառահար լինել, եթե տիրապետեի համապատասխան հմտություններին ու տեխնիկային, միանգամից կթողնեի դաշնամուր նվագելը: Ես ապրում եմ երաժշտության աշխարհում, ինձ թվում է, այլ տաղանդներ չունեմ:

 

Տիգրան Համասյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Վերջին անգամ արտասվել եմ մոտ երեք ամիս առաջ. անդադար լսում էի Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ Կոմիտասի «Կուժն առա» ստեղծագործությունը, որ 1912 թվականի ձայնագրություն է: Մի պահ զգացի թե այնտեղ եմ, նրանց հետ ու տեսա նրանց`մեր նման մարդկանց, որ քայլում են այն տեղերով, որոնցով մենք ենք քայլում: Հենց այդպիսին է երաժշտության հզորությունը:

 

Երբ էմոցիաներս շատ են նախ՝ երաժշտության միջոցով եմ արտահայտվում, կամ էլ զրուցում եմ մարդկանց, ընկերներիս հետ: Բայց պետք է հասկանալ, թե ում ես թողնում քո աշխարհ: Հատուկենտ մարդիկ են, ում «ներս» եմ թողնում ու վստահում:

 

Դժվար է ասել «ոչ», բայց կան դեպքեր, երբ պետք է օգտագործել այդ բառը: Տարիքի հետ ավելի շատ բան եմ զգում ու ըմբռնում: Հիմա արդեն կարողանում եմ մերժել մարդկանց:

 

Ես տանն եմ, երբ ծնողներիս, տատիկիս հետ եմ, անկախ նրանից թե որտեղ եմ աշխարհագրորեն: Իսկ եթե տատիկիս հետ եմ ու նստած ենք հաճելի մի սրճարանում, ավելի շատ եմ ինձ տանը զգում:

 

Եթե հնարավորություն ունենայի ընտրություն կատարել անտեսանելի դարձնող թիկնոցի եւ մարդկանց կենդանացնող քարի միջև, իհարկե, երկրորդը կընտրեի: Համենայն դեպս, մի քանի հոգու կկենդանացնեի:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին