Մեզանից յուրաքանչյուրը մանուկ տարիքում գոնե մեկ անգամ եղել է տիկնիկային թատրոնում ու մտածել` ինչպե՞ս է ստացվում, որ տիկնիկները շարժվում են, խոսում, երգում, պարում, հետո էլ տանը, նույնությամբ փորձել ենք շիրմա հիշեցնող կտոր կախել աթոռների արանքում ու կրկնօրինակել բեմում տեսածը:
Այսօր արդեն ավելի հաճախ ենք դիտում ներկայացումներ, որտեղ դերասան-տիկնիկավարները չեն թաքնվում շիրմայի ետեւում, այլ կանգնում են բեմի վրա եւ հանդիսատեսը տեսնում է նրանց: Սա, իհարկե, հեքիաթը մոտեցնում է իրականությանը` տիկնիկավարները խոստովանում են, որ պետք չէ չարաշահել բեմում երեւալը:
Այս անգամ «Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանը այցելել են Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն ու զրուցել են դերասանների հետ տիկնիկներին նմանվելու, նրանց բնավորությունը հասկանալու ու կենդանացնելու մասին:
Գագիկ Ռոստոմյան, արվեստի վաստակավոր գործիչ, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի փոխտնօրեն
Գագիկ Ռոստոմյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Մի քանի օր հետո կլրանա տիկնիկային թատրոնում աշխատելու 40 տարին: Շատ պատահական ստացվեց, որ տիկնիկավար դարձա. 6 ամիս էր, ինչ աշխատում էի թատրոնում, «Քաջ Նազար» ներկայացման դերասաններից մեկը հիվանդացել էր, ստիպված էի փոխարինել նրան: Ծիծաղելի էր թվում, որ հասուն մարդիկ` վաստակավոր դերասանները, տիկնիկներ են խաղացնում, տիկնիկների, կամ դերի համար վիճում են: Բայց այն պահին, երբ տիկնիկը ձեռքս վերցրեցի ու բեմ բարձրացա, ոչ միայն խաղացրեցի, այլեւ պարացրեցի ու երգացրեցի նրան: Հաջորդ առավոտ արդեն դեր ստացա:
Անկախ նրանից, թե ինչ տեսակի տիկնիկ ես խաղացնում` ձողիկավոր, ձեռնոցային, պլանշետային թե` մարիոնետ, եթե դերասանը չի վերապրում այդ վիճակը, չի փոխանցում սրտից ու մտքից բխածը տիկնիկին, այն չի կենդանանա: Տիկնիկը փայտից, սոսնձից, թղթից ու այլ անշունչ առարկաներից ծնված անշունչ առարկա է, որը պիտի շունչ ստանա դերասանի շնորհիվ:
Կան ներկայացումներ, երբ դերասանները շիրմայի ետեւում չեն ու հանդիսատեսը տեսնում է նրանց բեմում: Այդ դեպքում ամենակարեւոր նախապայմանն այն է, որ դերասանը դիմախաղ չօգտագործի ու տիկնիկի ետեւում թաքնվելով` միայն ձայնի միջոցով կենդանացնի նրան: Դերասանը պարտավոր է հետեւել տիկնիկին նրա ծննդի` ստեղծման պահից ի վեր, հետո արդեն ծանոթանում, ընկերանում ու մտերմանում ենք:
Ցանկացած մարդ, եթե մի փոքր օժտված է դերասանական տաղանդով, կարող է դերասան դառնալ, բայց ոչ տիկնիկային թատրոնում, այստեղ` մի փոքր ավելին է պետք:
Նունե Վարդանյան, ՀՀ վաստակավոր արտիստ
Նունե Վարդանյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
38 տարի է աշխատում եմ որպես տիկնիկավար: Ամենասկզբում օգնում էի հիմնական տիկնիկավարին, հետո ստացա առաջին դերս` մկնիկին էի խաղացնում: Հիմա այդ նույն ներկայացման մեջ արդեն մորաքրոջն եմ մարմնավորում:
Երբ առաջին անգամ ձեռքդ ես վերցնում տիկնիկին, դիաֆրագմայիդ հատվածում ինչ-որ զգացմունք է ծնվում, թռչելով հասնում է ձեռքիդ ու փոխանցվում տիկնիկին: Այդ պահին սկսում ես ապրել իրենով, ինքն էլ քեզնով: Բայց, ամեն դեպքում, տիկնիկը միշտ առաջին պլանում է:
Դերասանն իր դիմախաղով չպետք է շեղի հանդիսատեսին: Դրա միակ լուծումը մշտապես տիկնիկին նայելն է, որովհետեւ հանդիսատեսը հետեւում է դերասանին եւ ուշադրությունը սեւեռում հենց այն կետին, ուր նայում է նա: Բայց ես նախընտրում եմ շիրմայով ներկայացումները, երբ դերասանը չի երեւում բեմում ու իր ներկայությամբ չի կոտրում երեխաների պատկերացումը հեքիաթի մասին: Չէ՞ որ մենք հեքիաթ ստեղծողներն ենք:
Երբեմն պատահում է, որ վերցնում եմ տիկնիկիս ու հասկանում, որ ուրիշ մեկն է բռնել այն: Շատ հետաքրքիր զգացողություն է, բայց չեմ կարող բացատրել` ինչպես եմ զգում:
Եթե սիրես տիկնիկին, այն կհուշի, թե ինչ անես: Այն չի շփվի քեզ հետ, եթե չզգա, որ սիրում ես: Հավանաբար, հենց այդ սիրո արդյունքում է, որ տիկնիկները իրոք նմանվում են տիկնիկավարներին: «Սխալների կատակերգությունը» ներկայացման ժամանակ մի տիկնիկ էի խաղացնում, որը բեմի վրա լիովին ինձ էր նմանվում` սանրվածքը, աչքերը, ժպիտը: Հիմա տիկնիկավարների կազմը հաճախ փոփոխվում է ու խեղճ տիկնիկները մոլորվում են, չգիտեն, թե ում նմանվել:
Երբ նոր էի սկսել աշխատել որպես տիկնիկավար, թատրոնից դուրս էլ անդադար մտածում էի տիկնիկների մասին, անհանգստանում ` ինչպե՞ս են մենակ, առանց ինձ, գիշերը չե՞ն վախենում:
Այս արվեստը տարիք չի սիրում, սա երիտասարդ դերասանների աշխարհն է, որովհետեւ նույնիսկ զգալով տիկնիկին, հաճախ ֆիզիկապես չես կարողանում իրականացնել այն, ինչ այն քեզնից պահանջում է: Տխուր է, բայց փաստ:
Արա Հակոբյան, Տիկնիկային թատրոնի դերասան
Արա Հակոբյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
37 տարի է տիկնիկային թատրոնում եմ: Առաջին տիկնիկս` Այբոլիտի շունն էր` Ավան: Տիկնիկը պետք է դառնա դերասանի ձեռքի շարունակությունը: Եթե դա կատարվեց, տիկնիկը կկենդանանա, հակառակ դեպքում` այն կմեռնի: Պետք է հենց տիկնիկը խաղա, մտնի դերի մեջ, այնքան կենդանի դառնա, որ հանդիսատեսը զգա նրա դիմախաղը, իսկ դա գալիս է դերասանի վարպետությունից:
Մեր մասնագիտությունը կողքից շատ պարզ է թվում, բայց սարսափելի բարդ է: Ամենամեծ բարդությունն այն է, որ դերասանի ձեռքն ու գլուխը անընդհատ վերեւում են, ստիպված ես նման պայմաններում շիրմայի ետեւից խոսքդ դահլիճ հասցնել, ուրախացնել, հուզել: Իսկ եթե դերասանը տիկնիկի հետ միասին երեւում է բեմում, միեւնույն է` պետք է անի հնարավոր ամեն ինչ, որ չերեւա:
Իհարկե, անհավանական հոգեւոր կապ կա տիկնիկների հետ, նրանք մեր հարազատներն են, մեր օդն ու ջուրը: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք նրանց հետ, շփվում ենք, հետեւում ենք նրանց ծննդին, երբ դրանք դեռ էսքիզային վիճակում են: Հետո փորձում ենք հասկանալ տիկնիկի բնավորությունը:
Ցանկացած տիկնիկ, որով խաղացել եմ, իմ հարազատն է դարձել: Հիշում ու կարոտում եմ «հարազատներիս», հերթով կարող եմ թվարկել բոլոր դերերը: Դրամատիկ դերասանը չի կարող բեմում ձեռքը երկարացնել ու հասնել կուլիսներ, վերցնել իրեն պետք եկած առարկան: Մեզ մոտ անհնարը դառնում է հնարավոր:
Դերենիկ Մարտիրոսյան, ՀՀ վաստակավոր դերասան
Դերենիկ Մարտիրոսյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
45 տարվա ստաժ ունեմ: Բանասիրական կրթություն ունեմ, բազմաթիվ գրքերի հեղինակ եմ, նաեւ հանդես եմ եկել որպես ռեժիսոր, այսինքն` տիկնիկային թատրոնը ինձ հնարավորություն է տվել ի հայտ բերել կարողություններս: Առաջին տիկնիկս պահակն էր հեղափոխության մասին ներկայացման մեջ:
Մինչ տիկնիկային թատրոնում աշխատելը 10 տարի աշխատել եմ որպես դրամատիկ դերասան: Իհարկե, այդ փորձն օգնեց ինձ տիկնիկավարման հարցում, բայց սա ավելի բարդ աշխատանք է: Տիկնիկային թատրոնը բոլոր արվեստներից ինձ համար ամենահետաքրքիրն է:
1971-ից մինչեւ 1994 թվականը առաջին հեռուստաալիքով «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդման շունիկի մշտական դերակատարն եմ եղել, Ռուզաննա Վարդանյանն էլ կատուն էր: Նոնա եւ Ալլա մորաքույրերի հետ էինք աշխատում:
Վերջին շրջանում ներկայացումների ընթացքում մենք` դերասաններս, շիրմայի ետեւում չենք թաքնվում եւ հանդիսատեսը տեսնում է մեզ բեմի վրա: Բայց հանդիսատեսը ավելի ընդունում է ներկայացումների առաջին տարբերակը, որովհետեւ երեխան չի էլ կասկածում, որ տիկնիկի ետեւում թաքնված է դերասանը:
Լիանա Արեստակյան, տիկնիկային թատրոնի դերասանուհի
Լիանա Արեստակյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
4 տարի է, ինչ աշխատում եմ որպես տիկնիկավար: Առաջին տիկնիկս ուլիկն էր: Այս մասնագիտությունը հետաքրքիր է նրանով, որ ներառում է դերասանի ու տիկնիկավարի հմտությունները:
Նախ` սկսում ես հարմարվել կերպարին, հետո նոր տիկնիկին: Կան ներկայացումներ, որոնց համար հատուկ տիկնիկներ են պատրաստվում ու մենք ներկա ենք լինում այդ ողջ ընթացքին, միջամտում ենք, օգնում մեր խորհուրդներով: Իսկ եթե տիկնիկը պատրաստ է, փորձում ես հարմարվել նրան, այս դեպքում այն ավելի ուժեղ է, որովհետեւ անսահմանափակ հնարավորություններ ունի:
Թե փորձերի ընթացքում, թե ներկայացումից առաջ դերասանը մշտապես շփման մեջ է տիկնիկի հետ: Այդ երկխոսությունը միշտ կա: Հաճախ պարզապես նայում եմ տիկնիկին, փորձում ֆիքսել դիմագծերը, որպեսզի հետո, ձեռքիս շարժման միջոցով բնավորություն հաղորդեմ նրան ու կենդանացնեմ դեմքի արտահայտությունը, երբեմն նաեւ փորձում եմ նմանվել տիկնիկիս: Հաջորդ ամենակարեւոր կետը` բեմում անդադար տիկնիկին նայելն է: Եթե նրան չնայես, այն չի կենդանանա, կարծես մոգական հայացք լինի, որի միջոցով սեր ու հավատ ես ներշնչում տիկնիկին:
Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: