Նելլի Շիշմանյան. դիրիժոր vs լուսանկարիչ vs ագրոծրագրերի ղեկավար - Mediamax.am

exclusive
3050 դիտում

Նելլի Շիշմանյան. դիրիժոր vs լուսանկարիչ vs ագրոծրագրերի ղեկավար


Լուսանկարը` Արեգ Բալայանի

Նելլի Շիշմանյանը
Նելլի Շիշմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

4plus-ի լուսանկարիչները
4plus-ի լուսանկարիչները

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Աշխեն Դավթյանի

Լուսանկարը` Մանե Քրիմսոնի

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մեծ ընտանիքը
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մեծ ընտանիքը

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

Լուսանկարը` Սեդա Գասպարյանի

Լուսանկարը` Արեգ Բալայանի


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

 

Անծանոթ մեկի հետ խոսակցություն սկսելիս՝ Նելլի Շիշմանյանը նախ փորձում է հասկանալ՝ դիմացինն ինչ նախասիրություններ ունի, հետո որոշում՝ ինչպես ներկայանալ՝ դիրիժոր է, լուսանկարիչ, թե գյուղատնտեսական ծրագրի ղեկավար: Ասում է՝ երեք մասնագիտությունների մասին լսելիս՝ մարդիկ, հավանաբար, թերահավատորեն են մոտենում աշխատանքի լրջությանը, մտածում են, թե դրանցից մեկն ուղղակի հոբբի է: 

Նելլի Շիշմանյանը Նելլի Շիշմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Նելլին կարեւոր սկզբունք ունի. ցանկացած աշխատանք պետք է լիարժեք անի: Եթե որեւէ գործում թերանալու է կամ հաճույք չի ստանալու իր աշխատանքից, գերադասում է այն թողնել ուրիշին, ով ավելի լավ կանի:

 

Բացարձակ երաժշտական լսողությունը կանխորոշեց՝ երաժիշտ է դառնալու

 

Պատանեկության տարիներին մասնագիտության ընտրության հարցում մեծ ընտրություն չեմ ունեցել: Ծնվել եմ մանկավարժների ընտանիքում, ծնողներս երաժիշտներ են։ Մեր ընտանիքում, հիմա նաեւ ինձ համար, ներքին մղում է` երեխային երաժշտական կրթության տալը` անկախ օժտվածության չափից: Ես մեր ընտանիքի չորս երեխաներից միակն էի, որ մասնագիտական ճանապարհս երաժշտության հետ անցա: 13 տարեկանում դժվար է կողմնորոշվել մասնագիտության հարցում, բայց գնահատեցի ի վերուստ տրված լսողական հնարավորություններս, եւ ի վերջո, հուսախաբ չարեցի ծնողներիս, գնացի երաժշտական ուսումնարան:

 

Բնույթով աշխատասեր եմ, բայց, անկեղծ ասած, դաշնամուրի առջեւ ժամերով նստելը, պարապելը, իսկական տանջանք էր: Ավելի ուշ հասկացա, որ ինձ ավելի հետաքրքիր է բոլոր բարդությունները հաղթահարել շարժման մեջ, բոլորը միասին եւ հնարամտությամբ:

 

Կյանքիս ուղիղ կեսն անցկացրել եմ երգչախմբերում` որպես երգիչ, խմբավար: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իմ երկրորդ ընտանիքն է: Մինչ օրս երգչախմբի բոլոր անդամները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրար սատար են կանգնում: Դա մեծ հարստություն է, անփոխարինելի ձեռքբերում, որի հետեւում Տիգրան Հեքեքյանն է կանգնած: Նրա շնորհիվ է նաեւ, որ սիրեցի դիրիժորությունը. հիանում էի իր կազմակերպչական հմտություններով, ճկունությամբ, համառությամբ: Ի վերջո, կոնսերվատորիան ավարտեցի իր ղեկավարությամբ` որպես երգչախմբի խմբավար:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մեծ ընտանիքը  «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մեծ ընտանիքը

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

Երգչախմբային կյանքիս երկրորդ փուլը «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ է կապված: Ձագուկներիս ծնվելուց հետո, երբ ամբողջովին ինձ նվիրել էի նրանց եւ կենցաղին, «Հովեր»-ը այն թթվածինն էր, որ օրվա 2.5 ժամը սնուցում էր արվեստի համար նախատեսված անոթներս: Հասկացա, որ մայրը որքան էլ նվիրվի երեխաներին, ընտանիքին, չպետք է մոռանա իր անձնական տարածքի մասին: Անկախ ամուսնու եկամտից, կինը պետք է ունենա այն տարածքը, որտեղ իրացնում է իր մասնագիտական գիտելիքները, լցվում է նոր պաշարով, հարստանում, ինքնազարգանում:

Լուսանկարը` Մանե Քրիմսոնի

Ժամանակի ընթացքում հասկացա, որ դա նաեւ երեխաներիս է ինքնավստահություն ներշնչում: Ես ինձ հայտնի չեմ համարում, բայց երեխաներս հպարտություն են ապրում, երբ անունս Գուգլում գրելիս՝ ինձ առնչվող նյութերի են հանդիպում` տպագրություններ, հարցազրույցներ, լուսանկարներս են տեսնում: Փոքրիկ բան է, բայց իմ անձնական փոքր տարածքի շնորհիվ, իրենց սիրտն ընդարձակվում է, դա կարեւոր է: 

 

Առհասարակ, շփումը երեխաների հետ մի ուրիշ աշխարհ է տանում: Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների հետ անցկացրած տարիներն անմոռանալի են: Միաժամանակյա աշխատանքը 50 երեխայի հետ պահանջում է լինել ծայրահեղ ուշադիր, կայուն, ուրախ, հնարամիտ, միեւնույն ժամանակ՝ խստապահանջ: Դու ե՛ւ ուսուցիչ ես, ե՛ւ ընկեր, ինչու չէ` երբեմն նաեւ վարորդ, երբ ծնողն ի վիճակի չէ երեխային դասի բերել: Այս ամենը մեծ էներգետիկ ռեսուրսներ է պահանջում ղեկավարից, բայց ամեն ինչ փոխհատուցվում է`շնորհիվ երեխաների՝ քեզ նայող փայլուն աչքերի, քո նկատմամբ տածած սիրո եւ վստահության, դա շատ է ոգեւորում: Այն փաստը, որ քո կարիքն ունեն, ջերմացնում է, փոխադարձ կապում բոլորիս, դու ակամայից դառնում ես իրենցը, իրենք էլ՝ քոնը։

Լուսանկարը` Սեդա Գասպարյանի

Մանկավարժն ազգանվեր աշխատանք է անում, ծառայում է պետությանը: Դու գիտես, որ իրենց տալով՝ քո երկրին ես տալիս, եւ տվածդ միայն երաժշտությանը չի առնչվում: Սովորեցնում ես՝ ինչպես պահեն իրենց հասարակության մեջ, տարբեր իրավիճակներում ես դնում իրենց, փորձում: Գուցե երաժշտական ասպարեզում չփայլեն, բայց այն, ինչ այդ տարիներին ստանում են, ամբողջ կյանքում է պետք գալիս։

 

Ինչպես ռեզերվում հայտնված ուսանողը դարձավ խմբի լավագույններից մեկը

 

Հայրս միշտ սիրել ու զբաղվել է լուսանկարչությամբ, ու ֆիքսաժի հոտը մանկությունից մնացել է մեջս, երեւակման լույսերը մոգական տպավորություն են թողել, միշտ ցանկացել եմ լուսանկարել:

Լուսանկարը` Արեգ Բալայանի

Կոնսերվատորիայի վերջին կուրսում էի, երբ լսեցի World Press Photo–ի սեմինարի մասին, որոշեցի դիմել: Շատ արագ հավաքեցի «Զենիթ»-ով արած նկարներս, այդ պահին հորս ընկերն իր թվային ֆոտոապարատը տվեց, մի քանի ֆոտո էլ դրանով արեցի։ Քաղաքի օլիգարխիկ ամենաթողությունն էի նկարել։ Ինչ խոսք, աշխատանքներս շատ հեռու էին պրոֆեսիոնալ լինելուց ու կուրսի ղեկավարը` Ռուբեն Մանգասարյանը, ինձ մի կերպ, զոռով ընդունեց, զուտ հայրենասիրությանս համար, համակրանքի հարց էր: Ասաց՝ քեզ ռեզերվ կվերցնենք: Ռեզերվում հայտնվելն ինձ համար անսովոր էր, բայց սա այն դեպքերից էր, որ անգամ դրա համար էի ուրախ: Բայց այնքան մեծ էր այդ ռեզերվից դուրս գալու մղումը, որ ձեռքիս տակ չունենալով անգամ համապատասխան տեխնիկա՝ ջանք չէի խնայում ապացուցելու իմ լիիրավությունը խմբում: Չեմ սիրում փայլել, բայց երբ աշխատանքիդ պտուղները տեսնում ես, ներդաշնակություն ես ձեռք բերում:

 

Մեկ տարի հետո ավարտեցի, եւ որպես լավագույն երկու ուսանողներից մեկը՝ ընդգրկվեցի «Մերհաբարեւ» նախագծում, որը հայ-թուրքական կամուրջ էր լուսանկարչության միջոցով: Ինձ համար մեծ հաղթանակ էր ռեզերվից դառնալ խմբի լավագույններից մեկը եւ պատիվ ունենալ ներկայանալ Ռուբեն Մանգասարյանի, Գերման Ավագյանի նման խոշոր վարպետների հետ: 

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

Այդպես սկսվեց լուսանկարչի իմ կյանքը։ Արտաքին հավասարակշռությանս ներքո, իրականում, մեծ հուզականություն է թաքնված: Եթե իմ նախաձեռնությամբ եմ նկարում, ապա ֆոտոպատմությունները հիմնականում ընտրում եմ զգացողությամբ: Ներքին մղումներս են ուղղորդում` հարուստ գույնե՞ր նկարել, գրաֆիկական պատկերնե՞ր, քամոտ, էմոցիոնալ բնությո՞ւն, սոցիալական խնդիրնե՞ր, թե՞ սեր, ու հետո մտածում եմ, թե որ թեման ինձ կտա այդ հնարավորությունը:

4plus-ի լուսանկարիչները 4plus-ի լուսանկարիչները

Լուսանկարը` անձնական արխիվից

Շուրջ չորս տարի է, ինչ 4Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնի անդամ եմ: Այն միակն է Հայաստանում, որ զբաղվում է բացառապես վավերագրական լուսանկարչությամբ: Ի դեպ, 4Plus-ի բոլոր 4 անդամները լուսանկարիչ կանայք են՝ Նազիկը, Փիրուզան, Անահիտն ու ես: Բոլորս էլ մասնագիտական հարուստ ու բազմազան ճանապարհ ենք անցել` հասցնելով նաեւ մտածել ընտանիք ստեղծելու մասին: Կանանց դժվար է համատեղելը աշխատանքը կենցաղի հետ, մինչդեռ տղամարդիկ կարող են հանգիստ իրենց վրա վերցնել միայն աշխատանքային պարտականությունները: Մենք բազմաֆունկցիոնալ ենք, ամեն տեղ պետք է հասցնենք` թե՛ տնային եւ թե՛ աշխատանքային դեդլայններին:

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

«Դրակոնի լեվլը» անցած գյուղատնտեսական ծրագրի ղեկավարը

 

Կա նաեւ երրորդ մասնագիտություն՝ գյուղատնտեսական ծրագրի ղեկավար, որով քույրս էր զբաղվում երկար տարիներ: Ինքն ամուսնացավ ու մեկնեց երկրից: Եվ քանի որ քրոջս միջոցով ծանոթ էի նախագծին եւ ունեի վստահություն կազմակերպության ղեկավարի կողմից, դարձա այդ գեղեցիկ ու կանաչ նախաձեռնության մի մասը: 

 

Միշտ չեմ սիրել օֆիսային կյանքը, չեմ պատկերացրել՝ մարդ ինչպես կարող է առավոտյան 9-ից երեկոյան 6-ը նույն տեղում նստած լինել: Գերադասել եմ օրվա ընթացքում տարբեր ու շատ աշխատանքներ ծավալել: Բայց գալիս է մի պահ, որ դադար ես ուզում, երբ քաղաքի եռուն անցուդարձը հոգնեցնում է, եւ խաղաղ անկյուն ես փնտրում: Փոփոխություններ սիրում եմ կենցաղում, բայց ոչ աշխատանքում, քանի որ դրանք հենց այնպես չեմ անում: Աշխատանքը պիտի սիրելով կատարես ու ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ այդ վայրում, գործընկերներիդ հետ՝ նույնպես:

 

Երբ առաջարկը եղավ աշխատելու «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերությունում, ես հասկացա, որ դա այն է, ինչ ինձ հարկավոր է այս պահին. զբաղվել կազմակերպչական ակտիվ աշխատանքով, նոր հմտություններ ձեռք բերել, եւ միեւնույն ժամանակ վայելել քեզ շրջապատող այգիների, քաղաքից դուրս լինելու էներգետիկան, հետեւել թե ինչպես են մեծանում փոքրիկ ծառերը, ամրանում, փարթամանում: Գերագույն հաճույք է բնության մեջ, բնության համար աշխատելը:

 

Պլանավորված, կազմակերպված կյանք է, միեւնույն ժամանակ` հետաքրքիր: Լրիվ ուրիշ ոլորտ է, շատ տարբեր մարդկանց հետ ես շփվում, մտքի ճկունության դրական եւ բացասական դրսեւորումների ես հանդիպում, որից չպիտի ընկճվես կամ թուլանաս: Դժվարություններ լինում են, անշուշտ, բայց դրանք հաղթահարելն էլ հաճելի է, երբեմն` ցավոտ, կարծես՝ մեր մանկության խաղի «դրակոնի լեվլն» անցնես ամեն անգամ` նոր ներքին գործիքներ կիրառելով: Ամեն անգամ նոր փուլ հաղթահարելով` հասունանում ես, աճում, կայունանում, ու սեփական ուժերի նկատմամբ նախկին կասկածներդ հերթական անգամ անհետանում են, հավասարվում զրոյի, հասկանում ես, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է:

 

Լուսանկարչության լռությունը, երաժշտության ակտիվությունն ու կոմպրոմիսային ելքեր փնտրող ագրո մենեջմենթը

 

Հիմա շատ եմ դիմում մուլտիմեդիա ժանրին, որը ենթադրում է աշխատանք նաեւ ձայնի հետ։ Լուսանկարելու ժամանակ հաճախ զգում եմ, որ քթի տակ երգում եմ: Այսինքն՝ երբ նկարում եմ, ու ինձ զբաղացնող ձայն չկա՝ ոչ ոք չի խոսում, չի երգում, չի նվագում, ես եմ սկսում երգել, լրացնել այդ ձայնը։ 

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի

Լուսանկարչությունն ու երաժշտությունը շատ նման են, որովհետեւ երկուսն էլ մարդկանց հետ գործ ունեն, հատկապես՝ իմ նախընտրած վավերագրական լուսանկարչությունը: Ինչպես երաժշտության, երեխաների հետ աշխատանքում, ես ուզում եմ նաեւ լուսանկարչության միջոցով պիտանի լինել մարդկանց: Երբ ներկայացնում ես մարդկանց կյանքերը (դա շատ նրբորեն է պետք անել, որքան իրենք են թույլ տալիս), դու կարողանում ես ինչ-որ կերպ օգնել նրանց։ Կամ գուցե պատմությանդ հերոսներին չօգնես, բայց այն ազդեցություն ունենա մեկ ուրիշի վրա, ով կարծում էր, թե խնդիրը միայն իրենն էր, բայց արի ու տես, որ ինքը միայնակ չէ նման իրավիճակում: Ու այդպես, ունենալով համընդհանուր խնդիր, շատերը ուժ են գտնում դրանք ինքնուրույն հաղթահարելու, երբեմն՝ հետեւելով մյուսների փորձին: 

 

Հիմա առավելապես ձգտում եմ Երեւանից դուրս նկարել: Դա իմ խաղաղ անկյունն է: Գնում ես գյուղեր, հասարակ մարդկանց հետ ես շփվում, պարզության մեջ ես հայտնվում, դառնում ես իրենց մի մասն ու գիտակցում՝ որտեղից ուր ես եկել ու ինչքան ես Երեւանում կերպարանափոխվում, որ ավելորդ անգամ չնյարդայնանաս, ադապտացվում քաղաքային երբեմն անմարդկային օրենքներին, ու գիտակցում, որ քո սիրտն իրականում Շամշադինում է, Տավուշում: Գուցե լուսանկարչության լռությունը կոմպենսացնում է իմ երաժշտության ակտիվությունը, երաժշտության քանակը:

 

Իմ երեք մասնագիտությունները որքան տարբեր, նույնքան էլ փոխկապակցված են, անհրաժեշտության դեպքում լրացնում են միմյանց: Թե՛ երաժշտության, թե՛ լուսանկարչության եւ թե՛ բիզնես ոլորտում միշտ էլ կարեւոր են մարդկանց հետ հաղորդակցման ճիշտ եզրեր գտնելը, հոգեբանական պատրաստվածությունը, արտիստիզմը, զիջելու ու նրբանկատորեն քո տեսակետն առաջարկելու, համոզելու եւ համաձայնվելու կարողությունները:

 

Փոփոխությունների կարեւորության մասին

 

Ես սիրում եմ նոր էջեր բացահայտել, ինձ փորձել տարբեր իրավիճակներում: Երբ երեխաներս ծնվեցին, ու ես սահմանափակ էի իմ գործողություններում, տանն ինքնուս բատիկ սովորեցի, կաշվից իրեր էի պատրաստում, տոնածառի խաղալիքներ, նույնիսկ՝ վաճառում էի, նվիրում, որովհետեւ տանն անընդհատ նույն բանն անելով՝ խեղդվում էի: 

 

Ես կոնսերվատորիան վերջերս երկրորդ անգամ եմ ավարտել, այս անգամ՝ սիմֆո-դիրիժորություն մասնագիտությամբ: Վաղեմի երազանք էր, որն իրականացնելու հնարավորություն, ցավոք, այն ժամանակ չունեի: 21 տարեկանում էլ նորից երաժշտական դպրոց եմ ընդունվել, մի քանի ամիս թավջութակ նվագել սովորել: Կախարդական գործիք է: Հիմա տղաս է նվագում` իր ընտրությամբ, բայց, երեւի, գործիքի նկատմամբ սերս փոխանցվել է նրան:

Լուսանկարը` Աշխեն Դավթյանի

Կուզենայի մեր երկրի գյուղական համայնքներն այնքան զարգացած լինեին, որ գյուղում ապրեի` առանց մտածելու երեխաներիս երաժշտական կրթության, սպորտային, արվեստի խմբակների որակական թերությունների մասին: Այն, ինչ մեր երեխաներին հասանելի է մայրաքաղաքում, կուզենայի հասանելի լիներ նաեւ մարզերում ապրող երեխաներին: Այդ ժամանակ սիրտդ բոլոր երեխաների համար հանգիստ կլիներ, երկիրն էլ հավասարապես զարգացած հասարակություն կունենար: Այստեղ է թաքնված մեր իրական ուժը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Նելլի Շիշմանյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին