Օթար Իոսելիանի` «Ժամանակին Երեւանում կարելի էր զբոսնել ու խենթություններ անել» - Mediamax.am

3943 դիտում

Օթար Իոսելիանի` «Ժամանակին Երեւանում կարելի էր զբոսնել ու խենթություններ անել»

Անդրադառնալով «Ոսկե Ծիրան» փառատոնի հյուրերին, այս անգամ ներկայացնում ենք անվանի ռեժիսոր Օթար Իոսելիանիի մտքերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Անդրադառնալով «Ոսկե Ծիրան» փառատոնի հյուրերին, այս անգամ ներկայացնում ենք անվանի ռեժիսոր Օթար Իոսելիանիի մտքերը: Լրագրողների հետ հանդիպման սկզբում ռեժիսորը խնդրեց իրեն խոսելուց չլուսանկարել: «Հիմա վերջացնեն ինձ լուսանկարել, կարծես թե բալետի պարուհու են նկարում, ու սկսենք զրուցել: Ուզում եմ խնդրել, եթե անցնում ենք ձայնին, ուրեմն պատկերը վերացնում ենք»:

 

***

 

Ժամանակին երաժշտությամբ էի զբաղվում: Դաշնամուր ու ջութակ էի նվագում: Մի անգամ պարապում էի, քեռիս մոտեցավ ինձ ու ասաց` «Չհասկացա, ամբողջ կյանք պիտի ուրիշների տեքստերը կարդա՞ս»: Շատ նեղվեցի, բայց հասկացա, որ ճիշտ է, Րիխտեր երբեք չեմ դառնա:

 

Որոշեցի մաթեմատիկոս դառնալ, բավականին հաջողությունների հասա: Մոսկվայի համալսարանի ուսանող էի, մի անգամ զինվորական կոմիսիա եկավ: Ուզում էին, որ ռումբեր պատրաստեմ ֆիզիկոս Սախարովի նման, ով բոլշեւիկներին ջրածնային ռումբ «նվիրեց» ու նրանց կյանքը երկարացրեց մոտ 20 տարով: Հրաժարվեցի, չնայած հատուկ կրթաթոշակ ունեի, որով կարող էի հանգիստ ապրել:

 

Մաթեմատիկայի չստացված փորձից հետո սկսեցի ֆիլմեր նկարահանել:

 

***

 

Երբ երկու արտիստ շփվում են, նրանք միմյանց չեն ոգեշնչում: Երբ նրանք հանդիպում են, նախ` ուշադիր զննում են միմյանց ու որոշում են, արդյոք արժե շփվել այս «տիպի» հետ: Այդ շփման համար կարեւորագույն նախապայմաններ կան. արտիստը պետք է պարկեշտ լինի, խելացի, անբիծ համբավ ունենա, գլուխգովան, բիզնեսմեն ու գումարի հետեւից վազող չլինի:  Երկրորդական նախադրյալներից է այն, որ արտիստի գոնե մեկ ստեղծագործություն քեզ պետք է դուր գա:

 

 

***

 

Ընկերություն եմ արել Բրոդսկու հետ: Նա բավականին խիստ երիտասարդ էր, բայց երբ «բացվում» էր, վերածվում էր հասարակ ու նորմալ պետերբուրգցի «խուլիգանի»: Ցավոք, նա վաղ հեռացավ ու ամեն ինչ իր հետ տարավ:

 

Սերժիկը (Սերգեյ Պարաջանովը-խմբ.) կերպար էր: Անկեղծ ասած, ամենասկզբում նա «խալտուրայով» էր զբաղվում: Պետք է մոռանալ փարաջանովյան այդ շրջանը:

 

***

 

Կինոն ինձ համար երկրորդական, բայց ապրելու համար ամենաանհրաժեշտ երեւույթներից մեկն է:

 

Սայաթ-Նովան այսպիսի տողեր ունի. «Լուսինը շողում է, զգուշացնում է ինձ, մի գնա, այնտեղ ձոր է»` ինձ հետ հենց այդպես էին վարվում: «Ապրիլ»-ը նկարահանեցի` արգելեցին, «Չուգունը», «Տերեւաթափը» ու էլի մի քանի ֆիլմեր եւս արգելվեցին: Ութ տարի չեմ աշխատել, հետո Շեւարդնաձեն թույլ տվեց ինձ մեկնել Ֆրանսիա ու այնտեղ աշխատել: Երբ վերադարձա, արդեն «պերեստրոյկայի» ժամանակաշրջանն էր ու ֆիլմարտադրությունը գրեթե փակվեց, պետական բյուջեից շատ քիչ գումար էին տրամադրվում: Գորբաչովը կամ չգիտեր, թե ի՞նչ է կինոն, կամ էլ արհամարհական վերաբերմունք ուներ:

 

***

 

Աշխատում եմ Ֆրանսիայում, ապրում եմ Թիֆլիսում: 50 տարեկանում անհնար է այլ երկրի քաղաքացի դառնալ, ես նորմալ վրացի տղա եմ:

 

 

***

 

Չեմ հասկանում, այս ինչ են կառուցել Երեւանում, այլանդակել են քաղաքը, ներեցեք ինձ, բայց այն, ինչ տեսա, այլ կերպ անվանել չեմ կարող:

 

Երկար տարիներ չէի եղել Երեւանում՝ գուցե մարդի՞կ են փոխվել: Այն ժամանակ լրիվ այլ էր, շատրվանների կողքը նստելու երեւանյան սովորություն կար: Հերթական անգամ նստած էի, կոնյակ էի խմում, կողքս էլ մարդիկ էին նստած, մոտեցան ինձ, հարցրեցին, ինչու՞ եմ մենակ խմում ու առաջարկեցին միանալ նրանց: Այդպիսի վայր էր Երեւանը, քաղաքի տեսք ուներ, տներն էլ տների նման էին: Հարուստ մարդիկ չկային, կարելի էր զբոսնել ու խենթություններ անել: Երեւանը շնչում էր:

 

***

 

Թիֆլիսը` հայկական քաղաք էր, այն հայերն են կառուցել: Մեծացել եմ հայերի շրջապատում` աշխատող մարդիկ էին: Մելիք Ազարյանը մի հսկա առանձնատուն էր կառուցում: Այդ տարածքում մի հայ կոշկակար էր ապրում: Մեծ գումարներ առաջարկեցին նրան, որ վաճառի իր կրպակը, հրաժարվեց: Ի վերջո, այդ հսկայական առանձնատան բակում կոշկակարի կրպակն էր:

 

Հետո, ցավոք, շատ հայեր հեռացան, ինտելիգենցիան վերացավ, նրանց փոխարեն քաղաքը լցվեց «գեղցիներով»: Հիմա մատերի վրա կարելի է հաշվել հին սերնդի մտավորականներին, մենք քայլում ենք փողոցով, բայց ոչ ոք մեզ չի ճանաչում: Մեկը չկա, ում կարելի է բարեւել: Թիֆլիսը դատարկվել է:

 

***

 

Հավանականության տեսության համաձայն կեղտի մեջ ոսկի գտնելու հնարավորությունը ավելի մեծ է:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին