Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:
Լեռնաշղթաների գրկում կանգնած բարձրահարկ շենքերի եւ գործարանների, փարթամ եղեւնիների եւ գունավոր խնձորենիների քաղաք՝ այսպես կարելի է բնութագրել Հրազդանը մի քանի բառով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հրազդանը (նախկինում՝ Ախտա գյուղը) գտնվում է Երեւանից 40 կմ հեռավորության վրա: Ախտայի առաջին հատակագիծը մշակվել է Ալեքսանդր Թամանյանի կողմից 1927-28թթ: Արդյունաբերության զարգացման եւ բնակչության աճի հետեւանքով 1959թ.-ին Ներքին Ախտան քաղաքի կարգավիճակ ստացավ եւ վերանվանվեց Հրազդան՝ համանուն գետի անունով, որի ափին էլ գտնվում է: Ավելի ուշ՝ նոր հատակագծի համաձայն, քաղաքի մեջ ընդգրկվեցին Մաքրավան, Աթաբեկյան (այժմ՝ Վանատուր), Ջրառատ եւ Կաքավաձոր գյուղերը եւ շրջակա տարածքները, կառուցվեցին Կենտրոն եւ Միկրոշրջան թաղամասերը: Այսօր Հրազդանի ձգվածությունը կազմում է մոտ 20կմ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Քաղաքը երեք զանգվածներից է կազմված՝ հարավային, կենտրոնական, հյուսիսային: Նախկին Ախտայի ամբողջ տարածքը այժմ քաղաքի հարավային թաղամասն է հանդիսանում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հրազդանը հանրապետության արդյունաբերական եւ էներգետիկայի գլխավոր կենտրոններից է: Այստեղ են գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, ցեմենտի, պլաստմասե իրերի, մեքենանասարքավորումների գործարանները: Հրազդանում նաեւ զբաղվում են գորգագործությամբ, անասնապահությամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ:
1995թ.-ից Հրազդանը հանդիսանում Կոտայքի մարզկենտրոնը:
«Խտացված Հայաստանը»
Քաղաքի հին բնակիչներն այստեղ են եկել Սասունից, Մուշից, Կարսից: Խորհրդային շրջանում, արդյունաբերության զարգացման տարիներին, աշխատելու նպատակով Հրազդանում բնակություն հաստատեցին մարդիկ Հայաստանի շատ քաղաքներից եւ մերձակա գյուղերից, ինչպես նաեւ՝ Ղարաբաղից, Ջավախքից, Բաքվից, Կիրովաբադից:
Հետաքրքիրն այն է, որ ամեն մեկն իր հետ հարազատ բնակավայրի ավանդույթներն էր բերել, դրանով իսկ ստեղծելով փոքրիկ Հայաստանի պատկեր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հրազդանում սիրում են տոներ նշել, որոնցից պետք է առանձնացնել Ջյանգյուլումի (ս. Համբարձման) եւ Վարդավառի տոները: Վարդավարի օրը ջրվելուց բացի հրազդանցիները անպայման սեղան են գցում, գառ են մորթում, մատաղ անում:
«Տարօրինակության» հմայքը
Հրազդանի հետ ծանոթությունը սկսեցինք Կենտրոն թաղամասից, որը կառուցվել է անցյալ դարի 70-80թթ-ին: Տեղացիները պատմում են, որ մինչեւ կառուցապատումը այս տարածքում թութունի դաշտեր եւ ճահիճներ են եղել: Այսօր, բնակելի շենքերից բացի, Կենտրոնում գտնվում են տարբեր հիմնարկություններ, խանութներ, սրճարաններ: Այգում կառուսելներ եւ շատրվաններ կան:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս ամենն անսովոր է տեսնել սարերի մեջ «տեղավորած», սակայն հենց այդ «հակադրության» շնորհիվ յուրահատուկ մթնոլորտ է ստեղծվում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոն թաղամասից ոտքով շարժվում ենք դեպի «hին» Հրազդան, անցնելով մի քանի շինություններ եւ բենզալցակայանը, որը տեղացիները «Սնկանոց» են անվանում: Այս ողջ ճանապարհի ընթացքում զգացողություն է առաջանում, որ ինչ-որ մի հրաշքով հայտնվել ենք լքված 1980-ականներում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ախտան եւ մշակութային վայրերը
Անցնելով «Ծովինար» ջրամբարը, հասնում ենք նախկին Ախտայի Աղբյուրակ թաղամաս: Այստեղ եղեւնիների մեծ այգի կա, երբեմնի գործող կառուսելներով եւ բազմաթիվ նստարաններով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այգու երկայնքով մի քանի հուշարձան է տեղադրված, որոնց թվում է Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշասյունակոթողը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցավալի է, որ այս գեղեցիկ տարածքը անուշադրության է մատնված եւ մարդիկ չեն կարող լիակատար վայելել զբոսնելու հաճույքը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այգու վերջում գտնվում է խճանկարային հրապարակը՝ արեւային ժամացույցով եւ համաստեղությունների նշաններով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հին Հրազդանի տարածք մտնելուն պես տեսարանը փոխվում է. հայտնվում են մեկհարկանի տներ՝ խնձորի այգիներով: Եթե շարունակեք ընթացքը, կհասնեք մինչեւ Հրազդանի պետթատրոն: Այն հիմնադրվել է 1953թ-ին, տարիների ընթացքում փոխելով տարբեր կարգավիճակներ՝ ինքնագործից մինչեւ քաղաքային դրամատիկական:

Լուսանկարը` Մեդիամաքս
Թատրոնի առանձնահատկությունը փորձարարական բեմադրություններն են: Վերջերս այստեղ հաջողությամբ կայացավ «Լոռեցի Սաքո» ներկայացման պրեմիերան, որին ներկա էր Հայաստանի թատերական էլիտան: Թատրոնը մասնակցել է բազում փառատոնների եւ մրցանակների է արժանացել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցավոք, սուղ ֆինանսական իրավիճակի պատճառով շատ ներկայացումներ «կորել-գնացել են», իսկ ներկայում թատրոնը հաստիքով ընդամենը չորս դերասան ունի: Չնայած դրան, մարդիկ շարունակում են թատրոն հաճախել: Թատրոնը գեղեցիկ եւ հետաքրքիր դահլիճ ունի, որը չի ձեւափոխվել ստեղծման օրվանից, իսկ շենքում վերջերս տեղի ունեցած բոլոր վերանորոգման աշխատանքները թատրոնի աշխատակազմը իրականացրել է սեփական ուժերով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նույն շրջակայքում է գտնվում նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղը, որն արդեն 42 տարվա պատմություն ունի: Պատկերասրահի բոլոր մասնաճյուղերից Հրազդանի մասնաճյուղը ամենահինն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տարիներ առաջ այստեղ շատ արժեքավոր հավաքածու էր ներկայացված, որում ընդգրկված էին Այվազովսկու, Սարյանի, Կոջոյանի, Հակոբ Հակոբյանի, Բաշինջաղյանի աշխատանքները: Այժմ այստեղ հիմնականում ցուցադրված են ժամանակակից նկարիչների աշխատանքները՝ Զուլում Գրիգորյանի, Լուսիկ Ագուլեցու, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Փարավոն Միրզոյանի, Հովհաննես Շարամբեյանի եւ այլոց:

Լուսանկարը` Մեդիամաքս
Պատկերասրահի մասնաճյուղում պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ` Հրազդանի գեղարվեստական դպրոցների եւ մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ:
Դիմացը գտնվում է «քաղաքային այգին», որը անտառ է հիշեցնում: Չնայած, հրազդանցիները ափսոսանքով նշում են, որ այգին գտնվում է ոչ բարվոք վիճակում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հանգստի լավագույն տարբերակ
Հրազդանի ամենագեղեցիկ վայրերից է «Ծովինար» արհեստական լիճը (ջրամբարը), որը հիմնադրվել է 1950-ականներին: «Ծովինարը» կարելի է տեսնել հենց քաղաք մտնելիս, այն Կենտրոն եւ Աղբյուրակ թաղամասերի մեջտեղում է: Ամռանը լիճը բնակչության սիրված հանգստյան գոտիներից է: Այստեղ կարելի է փոքրիկ ձկներ որսալ եւ նավակներով լողալ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Լիճը պարբերաբար ցամաքում է, սակայն միեւնույնն է` համահունչ է դիտվում շրջապատող բնության հետ: Լճի մեջտեղում «Ջրից դուրս եկող գեղեցկուհու» արձանն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծովինարի ափին երկար տարիներ գործում է համանուն ռեստորանը, որը դեռ 1960-ականներին նախագծել էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Շենքը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել եւ կարելի է միայն կռահել, ինչպիսին էր նրա սկզբնական տեսքը: Ռեստորանում ձեզ կառաջարկեն ավանդական հայկական ուտեստներ, այդ թվում՝ թարմ եւ համեղ ձուկ: Կարելի է համտեսել նաեւ խեցգետնի քյաբաբ եւ նույնիսկ խեցգետնի քյուֆթա: Ռեստորանը Ճաշացանկ չունի եւ գնացուցակի վերաբերյալ տրված հարցին պետք է բավարարվել մատուցողի «թանկ չի» հակիրճ պատասխանով, որն, ի դեպ, ճշմարիտ է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ախտեցիների ավանդական կերակուրներից պետք է նշել սիբեխով եւ ցորենով սպասը, չոր թանը, հաճարով տոլման, կճուճի մեջ պատրաստած թոնրի հարիսան եւ թոնրի կլոր գաթան: Մինչ օրս շատ ընդունված է «Շոռվա» ճաշը, որը մսից եւ կարտոֆիլից են պատրաստում:
Առեղծվածային Մաքրավանը
Նախկին Մաքրավան գյուղում (այժմ՝ Հրազդանի թաղամասում) բլրակի վրա գտնվում է Մաքրավան վանական համալիրը, որի գլխավոր եկեղեցին XIII դարի Սուրբ Աստվածածինն է՝ շրջապատված բազմաթիվ խաչքարերով: Սուրբ Աստվածածնի կողքին գտնվում է X դարի Սուրբ Ամենափրկչի եկեղեցին, ինչպես նաեւ՝ փոքրիկ գերեզմանոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նույն տարածքում բնակելի խարխուլ տներ են կանգնած, իսկ եկեղեցու շուրջը սիրում են հավաքվել թաղի տղաները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Եկեղեցիները չեն գործում, սակայն այնպիսի զգացողություն է, որ Մաքրավանի գեղատեսիլ տարածքը էներգետիկ դաշտ է, որը «տեսանելի» է միայն տեղացիների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս
Բարի հուշերի քաղաք
ՎՏԲ բանկի Հրազդանի մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Բարսեղյանն ասում է, որ արդեն 14 տարի աշխատում է Հրազդանում: «Այստեղ պարզ, հանգիստ եւ անկեղծ մարդիկ են ապրում, որոնց շնորհիվ էլ ստեղծվում է քաղաքի պատկերը», - նկատում է նա:
Մասնաճյուղի կառավարչի տեղակալ Սուսաննա Պետրոսյանն ասում է, որ «առաջին հերթին Հրազդանը կապում եմ նախնիներիս հետ՝ բոլոր ավանդույթներով, համեղ ուտեստներով, հին պատմություններով, այն ժամանակաշրջանով, երբ ախտեցիներն միմյանց հոգսերով էին ապրում»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Աննա Բուբուշյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարդացեք նաեւ.
Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան
Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին
Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան
Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ
Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Վեդի
Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Ապարան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: