Փաշինյանն ԱԳՆ-ին հանձնարարական է տվել ԼՂ հարցով ՄԱԿ-ին դիմելու համար - Mediamax.am

3109 դիտում

Փաշինյանն ԱԳՆ-ին հանձնարարական է տվել ԼՂ հարցով ՄԱԿ-ին դիմելու համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ են տեսանելի:

«Ադրբեջանի պետական եւ մերձպետական քարոզչությունը ԼՂ նկատմամբ տեւական ժամանակ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում եւ լարվածության միտումները տեսանելի են նաեւ գետնի վրա:

 

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում:

 

Կարեւոր եւ անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման եւ միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Խոսքը, մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակում նախատեսված մեխանիզմների մասին է. այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հիշեցրել է, որ աշխատանքները շարունակվում են նաեւ Լաչինի միջանցք եւ ԼՂ   միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ:

 

«Կարծում եմ, որ փաստահավաք առաքելությունը կարեւոր է նաեւ՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի եւ ՀՀ-ից ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, եւ Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետեւաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ եւ Լաչինի միջանցք նաեւ այս առումով է անհրաժեշտություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, որի գոյությունն արդարացված է, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների եւ ցեղասպանության վտանգը:

 

«ՊԲ-ն ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ, այդպիսի մեխանիզմ է նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը: Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրել է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը վտանգ է սպառնում:

 

Հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ եւ դաշնակից ՌԴ-ն որեւէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, ապա պետք է դիմի ՄԱԿ ԱԽ՝ ահազանգելու Լաչինի միջանցքում եւ ԼՂ-ում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին