Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է պայքարի հիմնական ուղղությունները - Mediamax.am

2155 դիտում

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է պայքարի հիմնական ուղղությունները


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ շարունակելու է աշխատանքները Արցախում՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության միջոցով:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր նպատակը չի փոխվել. պետք է ամեն ինչ անել անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ ունենալու համար։

 

«Շատերի համար պայքարը պատերազմ է:  Իմ ընկալմամբ՝ պայքարն այն է, երբ ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝  ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթնանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ»:

 

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ առանձնացվել է պայքարի 8 ուղղություն, որոնց թվում են.

 

Սուբյեկտայնության ամրապնդումը,

 

Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը,

 

Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը,

 

Հիբրիդային պատերազմի դիմակայումը,

 

Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը:

 

«Մեր առջեւ  կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր,  հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով:  Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար», - շեշտել է նա:

 

Ռուբեն Վարդանյանը նշել  է, որ թափանցիկությունն իր կողմից որդեգրվել էր որպես  հիմնական սկզբունք, քանի որ թափանցիկ գործելաոճն է արդարության հիմքը.

 

«Մնալով Արցախում՝ ես շատ հետեւողական եմ լինելու, որպեսզի այդ  սկզբունքները պահպանվեն»:  

 

Այս համատեքստում նա անդրադարձել է սոցիալական նոր արտոնություններ (կոմունալ վճարումների եւ այլնի մասով) տրամադրելու շուրջ քննարկումներին՝  նշելով, որ  նման որոշումների կայացումը պետք է լինի թափանցիկ,  հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչ միջոցների հաշվին  է դա իրականացվելու՝ հատկապես այն դեպքում, երբ  բյուջեն հաստատվել է պակասուրդով, իսկ նախորդ սոցիալական ծրագրերն ու պարտավորությունները դեռեւս չեն կատարվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին