Ռուբեն Վարդանյան. Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է - Mediamax.am

1853 դիտում

Ռուբեն Վարդանյան. Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «եթե չլիներ ղարաբաղյան շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը»:

«Արցախի պահպանումն ու արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացողությունը մեզ մեծ ուժ ու վստահություն տվեց, քանի որ շատերի համար անհնարին թվացող այդ հաղթանակը մեզ հաջողվեց հնարավոր դարձնել: Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղետը կարող ենք կանխել պայքարի միջոցով։

 

Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարեւան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով»,- Արցախի վերածննդի օրվա եւ Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ ուղղված ուղերձում ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա նշել է, որ բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու կամքն անսասան է մնում:

 

«Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը: Մենք այդ որոշման համար վճարել ենք շատ թանկ գին:

 

«Եթե անգամ մեր նպատակին հասնելու համար եւս 35 տարի պահանջվի, դա մեզ չպետք է կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից: Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին