Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է՝ «ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է»:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը դադարեցնելու եւ Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա եւ տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ը նաեւ «գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետեւանք է ադրբեջանական զորքերի շարժի»:
Նախարարությունը ներկայացրել է նաեւ երկու քարտեզ, որոնցում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից:

2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երեւում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:
2022թ. մարտի 29-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երեւում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: