Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովն այսօր «իրականությանը չհամապատասխանող» է անվանել պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները եւ մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:
Այսօր Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովի պատասխանը ԶԼՄ հարցերին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի վերաբերյալ վերտառությամբ մեկնաբանությունը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ կարգավորման ռուսաստանյան առաջարկները չէին վերաբերում ԼՂ կարգավիճակին եւ նախատեսում էին միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձը:
«Ռուսաստանյան առաջարկներ ասելիս, հավանաբար, խոսքը գնում է փուլային կարգավորման նախագծի մասին, որը վերջին խմբագրությամբ կողմերին էր փոխանցվել 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Այդ նախագծի հիմքում, որը մեծապես համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, դրված են հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների, ընդ որում, հատուկ շեշտում եմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման համակցմամբ: Առաջին փուլի Երեւանի շահերը ներկայացնող տարրերից են Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կյանքը ապահովող իրավունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման պարտավորությունների ստանձնումը եւ այլն: Ուստի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները, մոռանալ կարգավիճակի մասին եւ հանգստանալ, իրականությանը չեն համապատասխանում», - ասել է դիվանագետը:
«Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծմանը, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին եղած առաջարկները որպես վերջնական նպատակ հետապնդել են հետևյալը, մեջբերում եմ.
«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկության միջոցով, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը եւ ունի պարտադիր իրավական ուժ՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, քվեարկությանը դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու, իսկ կողմերը հարգելու են քվեարկության ցանկացած արդյունքը»:
Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը եւս առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը:
Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել սույն առաջարկները, չնայած լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում: Բայց կարեւորն այն էր, որ բանակցություններն ընթանում էին կանոնավոր կերպով՝ ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանն առաջ քաշեց նոր մոտեցումներ», - ասել է Իգոր Պոպովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: