Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 18-ի իր հարցազրույցում օգտագործել է «ոչ ֆորմալ զինված խմբավորումներ» ձեւակերպումը՝ նկատի ունենալով Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերված անձանց:
«Խոսքն այնպիսի զինված խմբավորումների մասին էր, որոնց կարգավիճակը եւ գործունեությունը որեւէ կերպ չեն համապատասխանում միջազգային իրավական պահանջներին»,- ասել է նա՝ նշելով, որ հակամարտության մեջ ներգրավված այդ զինյալները, ըստ միջազգային իրավական որակավորումների, համապատասխանում են վարձկանների կատեգորիային:
Այդ անձինք հավաքագրվել են արտասահմանում, որպեսզի մասնակցեն զինված հակամարտությանը, փաստացի ունեցել են անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին եւ շահագրգռված են եղել բարձր նյութական վարձատրությամբ, որի չափն, ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների, կազմել է մինչեւ 2000 ԱՄՆ դոլար: Մարիա Զախարովան ընդգծել է, որ այդ անձինք չեն հանդիսացել հակամարտող երկրներից որեւէ մեկի քաղաքացի կամ մշտական բնակություն ունեցող:
«Քանի որ վարձկան խմբավորումները չեն կարող համարվել զինված հակամարտության օրինական մասնակիցներ, Ռուսաստանի նախագահը լիովին հիմնավորված օգտագործել է «ոչ ֆորմալ զինված խմբավորումներ» ձեւակերպումը»,- ասել է Մարիա Զախարովան:
Խոսելով տարածաշրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցության մասին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, որ աշխատում են տարբեր ոււղղություններով՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական։ Նա նաեւ հիշեցրել է ՌԴ նախագահի՝ ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ «Թուրքիայի հետ հայացքները տարբեր են լինում, երբեմն մոտեցումները չեն համընկնում, բայց շփման կետեր են փնտրում, որտեղ համագործակցությունը կարող է օգտակար լինել ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային կայունության համատեքստում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: